
Գերմանիայում թալանել են Ադրբեջանի ԳԱԱ նախագահի աղջկան․ գողացել են ավելի քան 1 մլն եվրո և թանկարժեք զարդեր
Գերմանիայում գտնվող Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիայի (ԱԳԱԱ) նախագահ Իսա Հաբիբբեյլիի դստերը՝ Գյունայ Մասիմովային պատկանող բանկային չհրկիզվող պահարանից գողացել են ավելի քան մեկ միլիոն եվրո կանխիկ գումար և արժեքավոր իրեր․ գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Այս կապակցությամբ manset.az-ը կապ է հաստատել ԱԳԱԱ–ի նախագահի հետ՝ իրավիճակը պարզաբանելու համար։ Իսա Հաբիբբեյլիի խոսքով՝ շրջանառվող տեղեկատվությունը զգալիորեն չափազանցված է։
«Ես երեկ կարդացի այս մասին։ Գրում են, որ դստերս բանկային չհրկիզվող պահարանից գողացել են մեկ միլիոն եվրո։ Իրականում դա ճիշտ չէ։ Իմ աղջկանից գողացել են բազմաթիվ թանկարժեք զարդեր և անձնական իրեր։ Այս իրերը նրա մոր և սկեսուրի կողմից թողնված հուշանվերներ են։ Ես որևէ տեղեկություն չունեմ դրամարկղից մեկ միլիոն եվրո գողանալու մասին», – հավելել է նա։
Ըստ լրատվամիջոցների հաղորդագրությունների՝ Նյուրնբերգի բանկային չհրկիզվող պահարանից գողացված ապրանքների մի մասը հայտնաբերվել է, և ոստիկանությունը հետաքննում է գործը։ Ըստ տեղեկությունների՝ Մասիմովան լքել է Գերմանիան, որտեղ նա ապրում էր կեղծ ամուսնության մեջ և ուներ մոտ մեկ միլիոն եվրո արժողությամբ սեփականություն։


