
Էփշտեյնի գործով փաստաթղթերում առկա մեղադրանքները կարող են համարվել «մարդկության դեմ հանցագործություններ»․ ՄԱԿ փորձագետներ
Ջեֆրի Էփշտեյնի գործով հրապարակված միլիոնավոր փաստաթղթերը վկայում են «գլոբալ հանցավոր կազմակերպության» գոյության մասին, որը կատարել է մարդկության դեմ հանցագործություններին համապատասխանող գործողություններ․ գրում է Reuters գործակալությունը՝ հղում անելով ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի կողմից նշանակված անկախ փորձագետների խմբին։
Փորձագետները նշել են, որ ԱՄՆ արդարադատության նախարարության հրապարակած փաստաթղթերում նշված հանցագործությունները կատարվել են գերակայության համոզմունքների, ռասիզմի, կոռուպցիայի և կանանց նկատմամբ ծայրահեղ ատելության ֆոնին։
«Կանանց և աղջիկների նկատմամբ այս վայրագությունների մասշտաբները, համակարգված բնույթը և միջազգային տարածվածությունն այնքան լուրջ են, որ դրանցից մի քանիսը կարող են իրապես համապատասխանել մարդկության դեմ հանցագործությունների իրավական շեմին», – ասված է փորձագետների հայտարարության մեջ։
Փորձագետները նշել են, որ փաստաթղթերում ներառված մեղադրանքները պահանջում են անկախ, մանրակրկիտ և անաչառ հետաքննություն՝ հավելելով, որ պետք է նաև հետաքննություններ սկսել այն հարցի շուրջ, թե ինչպես է հնարավոր, որ նման հանցագործությունները կատարվեն այդքան երկար ժամանակ։


