30 Ապր
2026
21° c ԵՐԵՎԱՆ
12° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Բաքվի խաղաղության խոստումներն արժանահավատ չեն, քանի դեռ այնտեղ պահվող ու տառապող հայեր կան․ բաց նամակ՝ Ուրսուլա ֆոն դեր Լայենին և Անտոնիու Կոշտային

Բաքվի խաղաղության խոստումներն արժանահավատ չեն, քանի դեռ այնտեղ պահվող ու տառապող հայեր կան․ բաց նամակ՝ Ուրսուլա ֆոն դեր Լայենին և Անտոնիու Կոշտային

Հայաստանյան շուրջ 3 տասնյակ իրավապաշտպան կազմակերպություններ Բաքվում պահվող գերիներին ազատ արձակելու հարցում քայլեր ձեռնարկելու խնդրանքով  ապրիլի 30-ին բաց նամակով դիմել են Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտային։

Նամակը ներկայացնում ենք ստորև․

«Հարգելի՛ տիկին ֆոն դեր Լայեն,
Հարգելի՛ պարոն Կոշտա,

Հայաստանն առաջիկայում հյուրընկալելու է Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը և Հայաստան-Եվրամիություն գագաթնաժողովը: Այս միջոցառումների շրջանակում Ձեր առաջիկա այցը մեր երկիր ողջունելի է: Վստահ ենք, որ այս միջոցառումներն ավելի կամրապնդեն Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունները և իսկապես կնպաստեն Հայաստանում և տարածաշրջանում խաղաղության, անվտանգության, բարգավաճման ապահովման ուղղությամբ առաջընթացին:

Այս նամակով մենք՝ ներքոստորագրյալ իրավապաշտպան կազմակերպություններս, Ձեր ուշադրությունն ենք հրավիրում կարևոր մարդասիրական խնդրի՝ Բաքվում դեռևս պահվող հայ գերիների ազատ արձակման վրա: Չնայած հայ գերիներին անհապաղ ու անվերապահ ազատ արձակելու մասին միջազգային տարբեր կառույցների, այդ թվում՝ 2025թ. մարտի 12-ին Եվրոպական խորհրդարանի կողմից ընդունված բանաձևում արտացոլված պահանջին, Ադրբեջանը շարունակումէ ապօրինի կերպով պահել 19 հայ գերիների և տառապանքներ պատճառել նրանց ընտանիքներին:

Դուք այսօր ղեկավարում եք մի կառույց, որի համար մարդու իրավունքների պաշտպանությունը, մարդասիրական հարցերն անկյունաքարային նշանակություն ունեն: Ու հենց այս կարևոր արժեքների պահպանումը, իրավունքների նկատմամբ հարգանքն է այն հիմքը, որը թույլ է տալիս կայուն խաղաղություն հաստատել:

Մենք գնահատում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին ուղղված Եվրամիության ջանքերը և ակնկալում ենք Ձեր ակտիվ աջակցությունը հայ գերիների անհապաղ վերադարձը հնարավոր դարձնելու հարցում: Զինված հակամարտության համատեքստում ազատազրկված բոլոր հայերի ազատ արձակումն ու հայրենադարձումն առաջնային նշանակություն ունի խաղաղության գործընթացի համար, և վստահության կառուցմանկարևորագույն միջոց է:

Նման աջակցությունը դառնում է ավելի հրատապ՝ հաշվի առնելով Ադրբեջանի պաշտոնյաների խորապես անհանգստացնող հայտարարությունները, որոնք ցույց են տալիս, որ Լեռնային Ղարաբաղի նախկին պաշտոնյաներին վերադարձնելու մտադրություն նրանք չունեն: Արդար դատաքննության սկզբունքների լիակատար խախտման պայմաններում կայացվել են դատավճիռներ, որոնք մինչ օրս անգամ չեն տրամադրվել կալանավորվածներին և նրանց անկախ փաստաբաններին, ինչը փաստացի խոչընդոտում է նրանց իրավունքը՝ դիմելու միջազգային ատյաններին։ Իսկ Ադրբեջանի կառավարության պահանջով երկրում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գործունեության դադարեցումը հայ գերիներին զրկել է միջազգային մարդասիրական որևէ մեխանիզմից:

Մենք՝ ներքոստորագրյալ իրավապաշտպան կազմակեպություններս, համոզված ենք, որ Եվրամիությունը կարող է վճռորոշ դեր ունենալ Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման հարցում: Ակնհայտ է, որ Հայաստանի հանրության համար Ադրբեջանի խաղաղության խոստումներն արժանահավատ չեն կարող հնչել, քանի դեռ այնտեղ պահվում ու տառապանքների են ենթարկվում հայեր:

Ուստի դիմում ենք Ձեզ և եվրոպական բոլոր երկրների առաջնորդներին՝ քայլեր ձեռնարկել, որպեսզի ազատազրկված հայ գերիները հնարավորինս շուտ ազատ արձակվեն և վերամիավորվեն իրենց ընտանիքների հետ: Մենք խորապես հավատում ենք, որ Եվրոպական միությունը կարող է իրականում աջակցել այս հրատապ մարդասիրական խնդրի լուծմանը և վերջ դնել բազմաթիվ հայ ընտանիքների տառապանքներին»։

Նամակը ստորագրած կազմակերպություններին ցանկը կարող եք տեսնել այստեղ։

 

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026