
Թուրքիան բարձր է գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության բանակցություններում ձեռք բերված առաջընթացը. Քուրթուլմուշ
Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Նուման Քուրթուլմուշը հայտարարել է, որ Ղարաբաղի շուրջ վերջին զարգացումները Հարավային Կովկասում նոր փուլ են ձևավորել, և տարածաշրջանում խաղաղության ու համագործակցության նոր հնարավորություններ են ստեղծվել։
Այս մասին նա ասել է Բաքվում անցկացվող Իսլամական համագործակցության կազմակերպության անդամ պետությունների խորհրդարանների միության 20-րդ նստաշրջանի բացման արարողության ժամանակ։
Քուրթուլմուշը նշել է, որ Թուրքիան դրական է գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթացող խաղաղության բանակցությունները և աջակցում է այդ գործընթացին։
«Հուսով ենք, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթացող բանակցությունները կհանգեցնեն վերջնական խաղաղության համաձայնագրի, և Հարավային Կովկասը կվերածվի երկարաժամկետ կայունության, անվտանգության և համագործակցության տարածքի»,- ասել է Թուրքիայի խորհրդարանի նախագահը։
Նա ընդգծել է, որ, իր գնահատմամբ, Ադրբեջանի կողմից Ղարաբաղի նկատմամբ վերահսկողության վերականգնումից հետո Կովկասում ձևավորվել են նոր իրողություններ, որոնք կարող են նպաստել տարածաշրջանային համագործակցության խորացմանը։
Քուրթուլմուշը նաև անդրադարձել է աշխարհաքաղաքական ներկայիս իրավիճակին՝ նշելով, որ աշխարհն անցնում է լուրջ լարվածությունների, հակամարտությունների և նոր միջազգային կարգի ձևավորման բարդ փուլով։
Թուրքիայի խորհրդարանի նախագահը խոսել է նաև Մերձավոր Արևելքի իրավիճակի մասին՝ ընդգծելով Իրանի շուրջ բանակցային գործընթացի շարունակման, տարածաշրջանում լարվածության չխորացման և դիվանագիտական ջանքերի պահպանման անհրաժեշտությունը։ Նա կարևորել է նաև Լիբանանում և Պաղեստինում ռազմական գործողությունների դադարեցումն ու խաղաղության վերականգնումը։


