
Զելենսկին Թրամփի դեսպաններից ուղերձ է ստացել՝ «ռուսները պատրաստ են բանակցել»․ Axios
ԱՄՆ-ն ուսումնասիրում է, թե արդյոք Ուկրաինան և Ռուսաստանը կարող են քայլեր ձեռնարկել ձմռանը պատերազմը թուլացնելու համար՝ միաժամանակ վերսկսելով բանակցություններն խաղաղության ավելի լայն համաձայնագրի շուրջ․ Axios-ի հետ զրույցում նշել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Ուկրաինայի նախագահ համարում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ևս մեկ դաժան ձմռան հույս ունի՝ Ուկրաինան թուլացնելու համար, սակայն ՌԴ ղեկավարը չի ցանկանում նյարդայնացնել ԱՄՆ նախագահին։
Զելենսկիի խոսքով՝ նույնիսկ եթե Պուտինը չցանկանա թուլացնել լարվածությունը, Թրամփի վարչակազմը կարող է ճնշում գործադրել նրա վրա՝ դա անելու համար։ Ըստ Ուկրաինայի առաջնորդի՝ Պուտինը կարող է ցանկանալ Թրամփին դիվանագիտական հաղթանակ պարգևել ԱՄՆ ընտրություններից առաջ։
Զելենսկին Կիևում հանդիպել է Թրամփի դեսպաններ Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ։
ԱՄՆ դեսպաններից ստացած իր ուղերձն այն է, որ «ռուսները պատրաստ են բանակցել»։
Սակայն նա շարունակում է կասկածամիտ մնալ, քանի որ Ռուսաստանի գործողությունները մարտադաշտում և վերջին շրջանում հարձակումների սրացումը չեն վկայում փոխզիջման գնալու պատրաստակամության մասին։
Զելենսկին նշել է, որ ԱՄՆ դեսպանները Մոսկվա և Կիև են եկել հիմնականում դիվանագիտական գործընթացն «ապաարգելափակելու» համար, բայց նաև նոր գաղափարներ են բերել։
Նա հրաժարվել է բացահայտել բոլոր մանրամասները, բայց հայտնել է, որ քննարկումներից մի քանիսը վերաբերում էին Ռուսաստանի և Ուկրաինայի կողմից ձմռանից առաջ և ընթացքում լարվածության թուլացման հնարավոր քայլերին։
Զելենսկին հավելել է, որ ԱՄՆ-ի թիմը, ինչպես սպասվում է, կտեղեկացնի Թրամփին այցի արդյունքների մասին, ապա կշարունակի խորհրդակցություններն ուկրաինացի և եվրոպացի պաշտոնյաների հետ։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն նաև աջակցում է Ուկրաինայի համար առանձին «ձմեռային փաթեթին», որը կներառի օդային պաշտպանություն և էներգետիկ օգնություն։
Զելենսկին ընդգծել է, որ Ուկրաինան արդեն իսկ արել է բոլոր հնարավոր զիջումները, և որ ցանկացած դիվանագիտական գործընթացի համար անհրաժեշտ կլինի նաև անվտանգության երաշխիքներ և տնտեսական աջակցության փաթեթ։
Նրա խոսքով՝ Ուկրաինան ցանկանում է օգտագործել սեպտեմբերն ու հոկտեմբերը դիվանագիտական գործընթացը վերսկսելու համար և առաջարկել է այս ամսվա վերջին Նյու Յորքում կայանալիք ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան որպես ԱՄՆ-Ուկրաինա հետագա բանակցությունների հնարավոր վայր։
Ըստ նրա կա նաև ԱՄՆ-Ուկրաինա-Ռուսաստան եռակողմ բանակցային նիստի հնարավորություն, չնայած որոշում դեռևս չի կայացվել։
Զելենսկին նշել է, որ Ուկրաինան պետք է ռազմական առումով ուժեղ մնա ցանկացած դիվանագիտական գործընթացի ընթացքում և պնդել, որ Կիևն այժմ ավելի լավ դիրքում է մարտադաշտում, քան նախկինում էր՝ չնայած իր օդային պաշտպանության պակասին և ռուսական անօդաչու թռչող սարքերի և հրթիռների շարունակական հարձակումներին։
Նա նաև կոչ է արել ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի նկատմամբ լրացուցիչ պատժամիջոցներ կիրառել՝ դրանք որակելով որպես ցանկացած բանակցություններում ազդեցության հիմնական աղբյուր։
«Պուտինին փող է պետք պատերազմը շարունակելու համար», – նշել է Ուկրաինայի ղեկավարը։


