
ԱՄԷ-ն Նեթանյահուին զգուշացրել է ՀԱՄԱՍ-ի հնարավոր հարձակման մասին, սակայն Իսրայելի վարչապետն այն անտեսել է․ Haaretz
2023 թվականի հոկտեմբերի 7-ից կարճ ժամանակ առաջ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ԱՄԷ իշխանություններից նախազգուշացում է ստացել արմատական պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման կողմից լայնածավալ հարձակման հնարավորության մասին․ գրում է Haaretz թերթը՝ հիմնվելով լրագրողներ Շլոմի Էլդարի և Ռութ Յուվալի «Առևանգվածները․ 843 օր մենության մեջ» նոր գրքի վրա։
Այն գրվել է Իսրայելի և աշխարհի տասնյակ աղբյուրների, այդ թվում՝ բարձրաստիճան պաշտոնյաների հետ զրույցների հիման վրա։ Նրանց տվյալներով՝ հոկտեմբերի 7-ի հարձակումից մոտավորապես 10 օր առաջ Նեթանյահուն զանգահարել է ԱՄԷ նախագահ Մուհամմադ բին Զայեդ ալ Նահյանին, որը նրան զգուշացրել է, որ Գազայում գտնվող ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Յահյա Սինվարը ծրագրում է լայնածավալ հարձակում Իսրայելի վրա։
Ըստ աղբյուրների՝ զրույցը տևել է մոտավորապես 45 րոպե։ ԱՄԷ նախագահը լուրջ մտահոգություններ է հայտնել Սինվարի մտադրությունների վերաբերյալ և ենթադրել, որ նրա պլանավորած հարձակումը կարող է հանգեցնել զգալի արյունահեղության, ապակայունացնել տարածաշրջանը և թուլացնել Իսրայելի և արաբական երկրների միջև կնքված Աբրահամի համաձայնագրերը։
Ի զարմանս ԱՄԷ առաջնորդի՝ Նեթանյահուն շատ հանգիստ է արձագանքել այս նախազգուշացմանը և վստահություն հայտնել, որ Իսրայելը լիովին վերահսկում է Գազայում իրավիճակը:
Նեթանյահուն կարծում էր, որ պոտենցիալ սպառնալիքը կարող է գալ Արևմտյան ափից, բայց նա վստահեցրել է իր զրուցակցին, որ Իսրայելը պատրաստ է ցանկացած սցենարի։
2023 թվականի հոկտեմբերի 7-ի առավոտյան ՀԱՄԱՍ-ի և այլ պաղեստինյան խմբավորումների զինված անդամները Գազայից ներխուժել են Իսրայելի տարածք: Նրանց ներխուժումն ուղեկցվել է սահմանամերձ համայնքների բնակիչների սպանությամբ և մոտ 250 մարդու պատանդառմամբ:
Ռադիկալներն այս հարձակումն անվանեցին «Երուսաղեմի Ալ-Աքսա մզկիթի դեմ Իսրայելի կառավարության գործողությունների պատասխանը»։ Իսրայելը հայտարարեց Գազայի լիակատար շրջափակման մասին և սկսեց պատասխան հարվածներ այնտեղ և Լիբանանի ու Սիրիայի որոշ հատվածներում, որից հետո սկսեց ցամաքային գործողություն պաղեստինյան անկլավում, որի ակտիվ փուլն ընդհատումներով շարունակվեց գրեթե երկու տարի:


