
Ադրբեջանի պաշտպանության և ազգային անվտանգության ծախսերը 2020-ից ի վեր գրեթե կրկնապատկվել են
Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը հայտարարել է, որ 2027 թվականի պետական բյուջեում պաշտպանության և ազգային անվտանգության ծախսերը կկազմեն մոտ 8.8 միլիարդ մանաթ կամ 5.18 միլիարդ ԱՄՆ դոլար։ Սա կազմում է պետական բյուջեի ընդհանուր ծախսերի մոտ 21 %-ը։
Եթե 2020 թվականին Ադրբեջանը պաշտպանության և ազգային անվտանգության ուղղությամբ փաստացի ծախսել էր մոտ 4.43 մլրդ մանաթ, ապա 2025-ին փաստացի ծախսը հասել է 8.068 մլրդ մանաթի։ Այսինքն՝ այս տարի այն աճել է մոտ 82 %-ով։
2020 թվականին Ադրբեջանի պաշտպանության և ազգային անվտանգության ուղղությամբ փաստացի ծախսը կազմել է մոտ 4.43 մլրդ մանաթ։ Դա այդ տարվա պետական բյուջեի փաստացի ծախսերի մոտ 16.8%-ն էր։
2021-ին ծախսը հասել է մոտ 4.89 մլրդ մանաթի, իսկ 2022-ին՝ մոտ 4.90 մլրդի։ Այսինքն՝ 2022-ին ոլորտի ֆինանսավորման աճը կտրուկ չէր, բայց տեմպը պահպանվում էր։
Հատկանշական է, որ 2022 թվականի սկզբնական բյուջեով պաշտպանության և ազգային անվտանգության համար նախատեսված էր 4.49 մլրդ մանաթ, սակայն տարվա ընթացքում հատկացումներն ավելացվել են, և փաստացի ծախսը հասել է մոտ 4.90 մլրդի։
2023 թվականին փաստացի ծախսն աճել է մինչև մոտ 5.85 մլրդ մանաթ, իսկ 2024-ին՝ մինչև 6.56 մլրդ։
2024 թվականի ծախսերի կառուցվածքը ևս ուշագրավ է․ պաշտպանության և ազգային անվտանգության ընդհանուր 6.56 մլրդ մանաթից ավելի քան 3.49 մլրդն ուղղվել է հատուկ պաշտպանական նշանակության նախագծերին և միջոցառումներին։
2025 թվականի բյուջեով այս ոլորտին նախատեսված էր հատկացնել 8.396 մլրդ մանաթ, իսկ փաստացի ծախսը կազմել է մոտ 8.068 մլրդ մանաթ։ Ադրբեջանի ֆինանսների նախարարության տվյալներով՝ 2024 թվականի համեմատ այն աճել է 22.9 %-ով։
Այսպիսով՝ 2020-2025 թվականներին Ադրբեջանի պաշտպանության և ազգային անվտանգության ուղղությամբ փաստացի ծախսերն աճել են մոտ 82 %-ով՝ 4.43 մլրդից հասնելով 8.068 մլրդ մանաթի։
2026 թվականի հաստատված պետական բյուջեում պաշտպանության և ազգային անվտանգության համար նախատեսվել է մոտ 8.718 մլրդ մանաթ։
2027 թվականի համար նախատեսվող գումարը մոտ 8.816 մլրդ մանաթ է կամ շուրջ 5.19 մլրդ դոլար։ Այն կազմում է պետական բյուջեի ընդհանուր ծախսերի մոտ 20.8 %-ը։
Այսինքն՝ 2027 թվականի համար նախատեսվող պաշտպանության և ազգային անվտանգության ծախսերը 2026 թվականի հաստատված բյուջեի համեմատ ավելանում են մոտ 99 մլն մանաթով կամ 1.1 %-ով։
Ընդհանուր պատկերը ցույց է տալիս, որ 2020-ից հետո Ադրբեջանի պաշտպանության և ազգային անվտանգության ֆինանսավորումը շարունակաբար աճել է․ 2025 թվականի փաստացի ծախսը 2020-ի համեմատ ավելացել է շուրջ 82 %-ով, իսկ 2027-ի համար նախատեսված գումարը 2020 թվականի համեմատ գրեթե կրկնապատկվել է։
Նարինե Ալավերդյան


