
Թրամփի նոր խոսնակը խոստովանել է, որ չի հանձնել փաստաբանական արտոնագիր ստանալու քննությունը
Սպիտակ տան նոր մամուլի քարտուղար Քեթի Զաքարիան խոստովանել է, որ չի հանձնել փաստաբանական արտոնագիր ստանալու քննությունը։ Նրա իրավաբանական կարիերան, նախքան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գլխավոր խոսնակ դառնալը, հայտնվել է հանրային լայն քննադատության ներքո. գրում է BBC-ն։
Զաքարիան, որը Սպիտակ տանն աշխատանքը սկսել է այս շաբաթ, նախկինում հայտարարել էր, որ քաղաքականություն մտնելուց առաջ զբաղվել է փաստաբանությամբ։ Թրամփը նրան ներկայացրել է նաև որպես փաստաբան։
ԱՄՆ-ում իրավաբանական ֆակուլտետի շրջանավարտներին թույլատրված չէ զբաղվել փաստաբանությամբ, քանի դեռ նրանք չեն ստացել իրենց համապատասխան նահանգում պրակտիկա անցնելու թույլտվություն։ Հոկտեմբերի 13-ին՝ իր առաջին ճեպազրույցի ժամանակ, լրագրողի այն հարցին, թե ո՞ր նահանգում է նա հանձնել փաստաբանական քննությունը, Զաքարիան Թրամփի ներկայությամբ ասել է. «Երբ ես տեղափոխվել եմ Չինաստան»։
Հետագա մամուլի հայտարարության մեջ Զաքարիան ասել է, որ նա «զբաղվել է միջազգային գործարքային իրավունքով՝ ստանալով բոլոր անհրաժեշտ որակավորումները»։
Սպիտակ տունը չի մանրամասնել, թե արդյոք նա հանձնել է փաստաբանական քննությունն ԱՄՆ որևէ նահանգում։ Հինգշաբթի Զաքարիան Fox News-ի հետ զրույցում խոստովանել է, որ չի հանձնել քննությունը։
2011 թվականին Զաքարիան իրավաբանական կրթություն է ստացել Պեպերդայնի համալսարանում։ Ավարտելուց հետո նա տեղափոխվել է Չինաստան, որտեղ չինական իրավաբանական ընկերությունում աշխատել է որպես գործընկեր։ Զաքարիան իր առաջին ճեպազրույցն անցկացրել է հոկտեմբերի 13-ին, և շատ լրագրողներ այն համարել են ձախողված։ Ելույթը տևել է մոտ 15 րոպե և հիմնականում բաղկացած է եղել Թրամփի նվաճումների շարադրանքից։ Լրագրողների պնդմամբ՝ բացման խոսքի ժամանակ նա հազիվ էր գլուխը բարձրացնում իր պատրաստի գրառումներից և, ընդհանուր առմամբ, ոչ համոզիչ էր թվում։
Թրամփը հետագայում հայտարարել է, որ, իր կարծիքով, նա «շատ լավ աշխատանք է կատարել»։ Զաքարիան ինքը նշել է, որ շատ քիչ ժամանակ է ունեցել նախապատրաստվելու համար, բայց կարծում է, որ լավ աշխատանք է կատարել։


