
Իրանն Ադրբեջանի որոշումը բարեկամական քայլ չի համարում
Իրանական կողմն Ադրբեջանի որոշումը բարեկամական քայլ չի համարում․ հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային՝ մեկնաբանելով Բաքվի կողմից Իրանի 14 քաղաքացու «անցանկալի անձ» հայտարարելու որոշումը։
«Ընդհանուր առմամբ՝ Իրանի 14 քաղաքացու «անցանկալի անձ» հայտարարելն անիմաստ է, քանի որ այդ անձանցից ոչ մեկը դիվանագետ չէ և երբևէ չի եղել Ադրբեջանի Հանրապետության տարածքում։ Սակայն այս քայլը չի կարող բարեկամական համարվել», - ընդգծել է Բաղային։
Իրանի ԱԳՆ խոսնակը հայտնել է, որ այս կապակցությամբ ադրբեջանական կողմին պաշտոնական բողոք է ներկայացվել։
«Մենք բացահայտորեն արտահայտել ենք մեր բողոքը։ Թեհրանում Ադրբեջանի դեսպանը հրավիրվել է Արտաքին գործերի նախարարություն, որտեղ նրան փոխանցվել է մեր բողոքի դիրքորոշումը։ Հետագայում մենք նույնպես կձեռնարկենք քայլեր, որոնք անհրաժեշտ կհամարենք և համապատասխանաբար կտեղեկացնենք նրանց», - հավելել է նա։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 3-ին Իրանի 14 քաղաքացի Ադրբեջանում «անցանկալի անձ» է հայտարարվել։


