16 Նոյ
2024
10.2° c ԵՐԵՎԱՆ
12.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ադրբեջանական կեղծ քարոզի հերթական թիրախը` Արցախում

Ադրբեջանական կեղծ քարոզի հերթական թիրախը` Արցախում

Ադրբեջանական Ictimai TV հեռուստաալիքով մարտի 8-ին ցուցադրվել է մի տեսանյութ, որը նկարահանվել է օկուպացված Ստեփանակերտ քաղաքի Կրկժան թաղամասում: Տեսանյութը ներկայացնում է Կրկժանում գտնվող ավերակված Սբ. Ամենափրկիչ եկեղեցին: Տեսանյութը վերնագրված է որպես «Խանքենդիում քանդված աղվանական հուշարձանները»։

Տեսանյութն ակնհայտ քարոզչական բնույթ ունի․ այն միտված է ծառայելու ադրբեջանական քարոզչամեքենայի առաջ քաշած հիմնական թեզին, որ «հայերը հայկականացրել են տեղի աղվանական եկեղեցիները»: Այս թեզն, իհարկե, նոր չէ, սակայն վերնագրից տեսնում ենք, որ ի հայտ է եկել մեկ այլ վտանգավոր խոսույթ՝ այն է, որ հայերը իբր նաև քանդել են աղվանական հուշարձանները: Այս տեսանյութը նաև սկսում են տարածել ադրբեջանական սոցցանցերում՝ Խանքենդիում քանդված, ոչնչացված աղվանական հուշարձանները վերտառությամբ. այս մասին գրում է Monument Watch-ը։

Տեսանյութում չկա և ոչ մի տեղեկատվություն ավերակների մասին, անգամ հիմնավորում, թե երբ է քանդվել հուշարձանը, ինչու է այն ավերակ:

Տեսանյութում ներկայացված ավերակները գտնվում են օկուպացված Ստեփանակերտ քաղաքի «Կրկժան» թաղամասում՝ նրա բարձրադիր տեղավայրում: Համաձայն հուշարձանի պահպանության գոտու փաստաթղթերի՝ ավերակ եկեղեցին կոչվել է Սբ. Ամենափրկիչ: Ժամանակակից Ստեփանակերտ քաղաքի վարչական սահմաններում 19-րդ դարում գտնվում էին Վարարակն, Կրկժան, Փահլուլ, Ներքին շեն, Սողոմոնի շեն և այլ հայկական գյուղերը, որոնց մասին վկայություններ են պահպանվել 19-րդ դարի աղբյուրներում: 

Խոսքը Սբ. Ամենափրկիչ եկեղեցու մասին է, որը կառուցվել է 19-րդ դարում: Եկեղեցու շուրջը տարածվել է գերեզմանատունը, իսկ եկեղեցու տարածքից գտնված խաչքարերի բեկորները ցուցում են տեղում ավելի վաղ առկա եկեղեցու կամ սրբավայրի մասին:

Խորհրդային տարիներին, Կրկժան գյուղում և եկեղեցու շրջակայքում բնակեցրել են մեծ թվով ադրբեջանցիների: Վերջիններս եկեղեցին վերածել էին անասնագոմի և ավերակ դարձրել: Փաստորեն 19-րդ դարում հայկական գյուղում կառուցված հայկական եկեղեցին, որ ադրբեջանցիները խորհրդային տարիներին վեր են ածել անասնագոմի, ադրբեջանական պրոպագանդայի համար աղվանական եկեղեցի է՝ ավերված՝ հայերի կողմից։