ԱՄՆ կոնգրեսում պահանջել են ռազմական օգնություն տրամադրել ՀՀ-ին և օգնել արցախահայությանը
ԱՄՆ կոնգրեսում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառմանը ԱՄՆ սենատոր Բոբ Մենենդեսն, անդրադառնալով Արցախում Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտումներին, ափսոսանք է հայտնել, որ Միացյալ Նահանգների ղեկավարությունն այդ ողբերգությանն արձագանքելու առումով ավելի ուժեղ և վճռական չի եղել։
Նա նշել է, որ ժամանակն է հաստատակամորեն պնդելու, որ ԱՄՆ վարչակազմը հրաժարվի Ադրբեջանի կառավարությանը ռազմական աջակցություն տրամադրելուց։
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ֆրենկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն տրամադրել Հայաստանին, որպեսզի վերջինս կարողանա իրականացնել սեփական պաշտպանությունը։
Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Աստրիդ Փանոսյան-Բուվեն հայտարարել է, որ Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին՝ ընդդեմ ադրբեջանական շարունակվող ագրեսիայի ու հարցադրում արել, թե ինչու՞ ԱՄՆ-ն չի կարող նույնն անել։
Պատգամավորը վկայակոչել է երկու երկրների միջև աճող քաղաքական, ռազմական, տնտեսական և մշակութային կապերը:
Պատգամավոր Բրեդ Շերմանը ընդգծել է Արցախի բռնի տեղահանված հայերին օգնության ընդլայնման և Ադրբեջանին տրամադրվող բոլոր օգնությունների կրճատման կարևորությունը․ «Իրական արդարությունն այն կլինի, երբ այդ մարդիկ կարողանան վերադառնալ իրենց պապենական տները, որտեղ ապրել են հազար և ավելի տարիներ»,- նշել է Շերմանը։
Պատգամավոր Դինա Տիտուսը հայտարարել է հաջորդ շաբաթ «Ադրբեջանի պատժամիջոցների վերանայման ակտ» ներկայացնելու պլանների մասին: «Այսպիսով տարբեր պատժամիջոցներ կկիրառվեն ադրբեջանցի պաշտոնյաների նկատմամբ, ովքեր ուղղորդել կամ իրականացրել են Արցախի էթնիկ զտումները: Ժամանակն է, որ մենք ստիպենք նրանց վճարել», -նշել է նա: