ԵՄ-ի հետ Ադրբեջանին միլիարդներ բերող համաձայնագիրը լռեցրել է եվրոպացի բյուրոկրատներին Արցախում տեղի ունեցող «մշակութային ցեղասպանության» հարցում․ La Verita
Եվրամիությունն ավելի քան երբևէ կեղծավոր է գազի ներմուծումը կառավարելու հարցում․ գրում է իտալական La Verita պարբերականը։
Ինչպես նշվում է, ԵՄ-ն մի կողմից ընդհատել է բոլոր կոմերցիոն հարաբերությունները Վլադիմիր Պուտինի Ռուսաստանի հետ, մյուս կողմից՝ պայմանավորվել է Լեռնային Ղարաբաղում մշակութային ցեղասպանություն իրակացնող Իլհամ Ալիևի Ադրբեջանի հետ։ Ադրբեջանն իր գազի մի մասը վերցնում է Մոսկվայից և այդպիսով փոխանցում եվրոպացիներին։ Հոդվածում անդրադարձ է կատարվում «Իրավունքի և արդարադատության եվրոպական կենտրոնի» զեկույցին, որը լույս է սփռում Լեռնային Ղարաբաղում իրավիճակի վրա։ Ընդգծվել է, որ այնտեղ այժմ ընթանում է «հայկական քրիստոնեական ժառանգության դաժան ոչնչացում»՝ առանց միջազգային հանրության կողմից որևէ միջամտության։ Հատկապես «թանկ գին են վճարում եկեղեցիները», օրինակ՝ հիմնովին ավերված Հադրութի Սուրբ Սարգիս եկեղեցին։ Ավերվել է նաև Ղազանչեցոց գերեզմանատունը, իսկ Բերձորի Սուրբ Համբարձում եկեղեցին նախատեսվում է քանդել և վերածել մզկիթի։ Մեղրեցոց Սուրբ Աստվածածին եկեղեցին, որը հիմնադրվել է 1838 թվականին, առաջին անգամ վնասվել է խորհրդային տարիներին, իսկ այժմ ադրբեջանցիները, կարծես, ավարտին են հասցրել ավերման գործը։ Յոթերորդ դարի Վանքասարի եկեղեցու խաչը հանվել է։ Մինչդեռ 1279 թվականին կառուցված Սուրբ Սարգիս եկեղեցին մի քանի անգամ ենթարկվել է վանդալիզմի ադրբեջանական կառավարության կողմից։
Չնայած միջազգային կառույցների բազմաթիվ հորդորներին՝ Ադրբեջանը շարունակում է խոչընդոտել այս մշակութային վայրերի մշտադիտարկմանն օտարերկրյա դիտորդների կողմից։ Դրանք հնարավոր է դիտարկել միայն արբանյակներից ստացված պատկերների միջոցով: «ՅՈՒՆԵՍԿՕ-ն, որն անհասկանալի հարաբերություններ ունի ադրբեջանցիների հետ, որևէ բողոք չի ներկայացնում, իսկ ԵՄ-ն այդ ընթացքում շարունակում է բիզնես վարել Ալիևի հետ։ ԵՄ-ն նաև տարեկան 60 մլն եվրո է տրամադրում Ադրբեջանին՝ որպես Արևելյան գործընկերության անդամի։ Բայց հատկապես մտահոգիչ է Բաքվի և Բրյուսելի միջև գազային համաձայնագիրը, որը կնքվել է 2022 թվականին Ուկրաինա ներխուժումից հետո։ Ադրբեջանցիները նախատեսում են մինչև 2027 թվականը կրկնապատկել իրենց գազի արտահանումը ԵՄ: Եվրոպան, փաստորեն, գիտակցելով իր կախվածությունը ռուսական էներգիայից, որոշել էր այսպիսով փոխարինել ռուսական գազի մատակարարումը», – նշվել է հոդվածում: «Իրավունքի և արդարադատության եվրոպական կենտրոնն» իր զեկույցում շեշտել է, որ Բրյուսելը գազ է գնում մի երկրից, որտեղ չեն հարգվում մարդու իրավունքները։
«ԵՄ-ը նույնիսկ չի հասել Ռուսաստանի նկատմամբ արդյունավետ պատժամիջոցներ կիրառելու իր նպատակին, քանի որ գազի զգալի մասը, որն Ադրբեջանը արտահանում է, ստացվում է Մոսկվայից», – նշվել է հոդվածում։ Հավելվել է, որ Ադրբեջանին միլիարդների եկամուտ բերող համաձայնագիրը լռեցնում է եվրոպացի բյուրոկրատներին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող «մշակութային ցեղասպանության» հարցում։ Թեև ԵՄ խորհրդարանն ընդունել է հայկական տարածաշրջանի ոչնչացումը դատապարտող բանաձևեր, այդուամենայնիվ, դրանք մնացել են զուտ թղթի վրա և սահմանափակվել բանավոր դատապարտումներով։