
Անի Ավետիսյանին 3-րդ անգամ են վիրահատել․ քույրը մանրամասներ է պատմել
Շաքիում ադրբեջանցի զինվորի կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանը երրորդ անգամ է վիրահատվել․ ABC Media-ի հետ զրույցում ասաց Անիի քույրը՝ Արփի Ավետիսյանը։
«Երրորդ անգամ ծունկը վիրահատել են։ Ահավոր ցավեր ունի Անին»,- ասաց Արփին։
Կրծքավանդակի ցավերն անցել են, թոքերում հավաքվող ջրի խնդիրը՝ նույնպես։
«Մի երեք ամիս պետք է սպասենք, տեսնենք՝ ոտքի վիճակն ինչպես է փոխվում։ Ասել են՝ նորից պետք է վիրահատեն»,- հավելեց Արփին։
Մատների կարերը քանդել են։
Անիի երեխաները շարունակում են Մասիսի գյուղերից մեկում ապրել տատիկի տանը։ Այնտեղ են դպրոց հաճախում։ Անիի դուրս գրման մասին դեռ որոշում չկա։
«Անին այստեղ գումարի ու տան կարիք ունի։ Դուրս գրվելուց հետո չգիտի՝ ուր գնա»,- նշեց քույրը։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 29-ին Ադրբեջանի զորամասերից մեկի զինծառայող Նասիմի Մուսաևն ապօրինի հատել էր սահմանն ու հայտնվել Հայաստանում։ Մտել էր սահմանից ավելի քան 10 կմ հեռավորության վրա գտնվող Շաքի գյուղ։ Նա կրակ էր բացել Անի Ավետիսյանի և այդ պահին տանը գտնվող երկու անչափահաս երեխայի ուղղությամբ։ Անին վիրավորում էր ստացել։
ՔԿ-ն նախաձեռնել է վարույթ։ Ադրբեջանցի զինվորը երկու ամսով կալանավորվել է։
Անի Աբաղյան


