Եվրոպայի կին առաջնորդները. ՀՀ-ն կին ղեկավար երբեք չի ունեցել, փոխարենը ԱԺ պատգամավորների 36․5 %-ը կանայք են․ Euronews
Քամալա Հարիսը պաշտոնապես ընդունել է ԱՄՆ նախագահի պաշտոնում իր թեկնածությունը Դեմոկրատների ազգային համագումարի ժամանակ, և նոյեմբերի ընտրություններում հաջողության պարագայում՝ նա կդառնա պատմության մեջ ԱՄՆ առաջին կին նախագահը, գրել է Euronews-ը։ Կին առաջնորդները դեռևս փոքրամասնություն են նաև ամբողջ Եվրոպա մայրցամաքում: 50 երկրից միայն 15-ն ունի կին վարչապետ կամ պետության ղեկավար՝ չհաշված միապետները:
ԵՄ-ում նրանց թիվը միայն յոթն է, թեև դաշինքի գլխավոր պաշտոններից երեքը կանայք են՝ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը, Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան և Եվրոպական կենտրոնական բանկի նախագահ Քրիստին Լագարդը: Պետության ղեկին կանգնած կանանցից շատերն ունեն իրավագիտական կամ իրավաբանական մասնագիտություն: Եվրոպայի միայն 15 երկիր մինչ այժմ երբեք չի ունեցել ընտրված կին առաջնորդ՝ որպես վարչապետ կամ պետության ղեկավար։ Դրանք են Ալբանիան, Անդորրան, Հայաստանն, Ադրբեջանը, Բելառուսը, Կիպրոսը, Չեխիան, Լիխտենշտեյնը, Լյուքսեմբուրգը, Մոնակոն, Մոնտենեգրոն, Նիդեռլանդները, Ռուսաստանը, Իսպանիան և Վատիկանը։ Դրանցից չորսը (Կիպրոսը, Չեխիան, Նիդեռլանդները և Իսպանիան) ԵՄ երկրներ են:
Ըստ ներկայացված տվյալների՝ Հայաստանում խորհրդարանի 36․5 %-ն են կանայք, Ադրբեջանում՝ 18.1%-ը, Վրաստանում՝ 19.3%-ը, Թուրքիայում՝ 19.9-%-ը։