
Կոչ ենք անում դադարեցնել ռազմական գործողություններն ու հարգել բոլոր երկրների ինքնիշխանությունը․ Արամ Ա
Խոր մտահոգությամբ հետևում ենք Միջին Արևելքում ծագած պատերազմին․ ասված է Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի հայտարարությունում։
«Որոշ փորձագետներ ներկա պատերազմը համարում են համաշխարհային երրորդ պատերազմի սկիզբ, իսկ ուրիշները՝ ռազմական բախումների երկար շղթայի սկիզբ։ Ինչ մեկնաբանություն էլ տրվի, Միացյալ Նահանգների և Իսրայելի կողմից Իրանի դեմ սանձազերծված պատերազմական գործողությունները, փաստորեն, գնալով բարդանում են, սաստկանում և ընդլայնվում՝ ներառելով ամբողջ Միջին Արևելքը և նույնիսկ ցույց տալով տարածաշրջանից դուրս տարածվելու նախանշաններ։ Անորոշությունը գնալով խորանում է, քաոսը տարածվում է, մարդկային զոհերի և վիրավորների թիվը աճում է, ֆիզիկական ավերածությունները տարածվում են, և փախստականների ալիքը մեծանում է։
Միջին Արևելքի բոլոր երկրները՝ քիչ թե շատ չափով, մասն պատերազմի ահավոր հետևանքների՝ անվտանգության, ֆիզիկական, տնտեսական, սոցիալական, քաղաքական և այլ ոլորտներում։ Սակայն Իրանը և Լիբանանը շարունակում են կրել պատերազմի անմիջական և ծանր հետևանքները։
Ինչպես հայտնի է, պատերազմող բոլոր երկրներում ունենք հաստատված համայնքներ։ Անցած օրերին կարողացանք կապ հաստատել մեր առաջնորդների և թեմական ու համայնքային պատասխանատուների հետ ու ստանալ անհրաժեշտ տեղեկություններ, ինչպես նաև փոխանցել համապատասխան ցուցումներ։ Մեր համայնքների անվտանգությունը բոլորիս համար առաջնահերթ նշանակություն ունի։
Արդարև, հստակ իրողություն է, որ տարածաշրջանի բոլոր երկրներում հաստատված մեր համայնքների անդամները օրինակելի քաղաքացիներ են․ նրանք լիովին կատարում են իրենց քաղաքացիական պարտականությունները, հավատարիմ են իրենց երկրների օրենքներին և միշտ կանգնած են պետության կողքին՝ աջակցելով նրա իրավունքներին ու շահերին և ձգտելով արդարության ու խաղաղության։
Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում բոլոր զոհերի ընտանիքներին և շուտափույթ ապաքինում մաղթում բոլոր վիրավորներին, ինչպես նաև անվտանգ վերադարձ՝ բոլոր փախստականներին։
Կոչ ենք ուղղում պատերազմող կողմերին դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները, հարգել բոլոր երկրների ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունն ու անվտանգությունը՝ միջազգային իրավունքի համաձայն, և քաղաքական երկխոսության միջոցով լուծումներ գտնել առկա խնդիրների համար։ Միջին Արևելքում արդարության և փոխադարձ վստահության վրա հիմնված համապարփակ ու կայուն խաղաղության հաստատումը միջազգային հանրության և Միավորված ազգերի կազմակերպության համար պետք է դառնա բացարձակ առաջնահերթություն, հակառակ դեպքում տարածաշրջանը կարող է հայտնվել նոր պատերազմների շեմին»,- ասված է հայտարարությունում։
Խորհուրդ ենք տալիս մեր համայնքներին, ներկայիս անկանխատեսելի վտանգներով լի պայմաններում, լինել զգոն և կազմակերպված՝ համախմբվելով մեր եկեղեցիների և համայնքային հաստատությունների շուրջ, հետևել իրենց պետական կառույցների ցուցումներին, հեռու մնալ անվտանգության վտանգ ստեղծող իրավիճակներից և զգույշ լինել ներքին համայնքային հավաքներ կազմակերպելիս։ Միևնույն ժամանակ հորդորում ենք համայնքային մարմիններին ուշադիր հետևել ընտանիքների կարիքներին ու դժվարություններին և անհրաժեշտության դեպքում աջակցություն ցուցաբերել։
Այժմ հենց այս է պահանջում տարածաշրջանում ստեղծված վտանգավոր իրավիճակը։ Անհրաժեշտ է ուշադիր հետևել նոր զարգացումներին, որպեսզի հնարավոր լինի սահմանել անհրաժեշտ մոտեցումներ և գործողություններ։ Նկատի ունենալով, որ մեր համայնքները ապրում են տարբեր միջավայրերում, ընդհանուր մտահոգությունների կողքին անհրաժեշտ է հատուկ ուշադրություն դարձնել յուրաքանչյուր շրջանի համայնքին առնչվող խնդիրներին՝ համապատասխան մոտեցումներ մշակելով տվյալ համայնքի կողմից։
Կաթողիկոսարանը իր բոլոր հնարավորությունները ծառայեցնում է մեր համայնքների աջակցությանը։ Միևնույն ժամանակ Սփյուռքի մեր թեմերը, կազմակերպությունները և բարերարները անհրաժեշտության դեպքում պետք է պատրաստ լինեն աջակցելու պատերազմի հետևանքներից տուժած մեր համայնքներին։
Աղոթում ենք առ Բարձրագույն Աստված, որ իր երկնային խաղաղության ծիածանը կամարի Միջին Արևելքի վրա, ամրացնի փոխադարձ հասկացողությունը ժողովուրդների միջև և մեր ժողովրդի զավակներին հեռու պահի բոլոր վտանգներից։


