26 Ապր
2026
18° c ԵՐԵՎԱՆ
13° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Կոչ ենք անում դադարեցնել ռազմական գործողություններն ու հարգել բոլոր երկրների ինքնիշխանությունը․ Արամ Ա

Կոչ ենք անում դադարեցնել ռազմական գործողություններն ու հարգել բոլոր երկրների ինքնիշխանությունը․ Արամ Ա

Խոր մտահոգությամբ հետևում ենք Միջին Արևելքում ծագած պատերազմին․ ասված է Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի հայտարարությունում։

«Որոշ փորձագետներ ներկա պատերազմը համարում են համաշխարհային երրորդ պատերազմի սկիզբ, իսկ ուրիշները՝ ռազմական բախումների երկար շղթայի սկիզբ։ Ինչ մեկնաբանություն էլ տրվի, ընդդեմ Իրանի Միացյալ Նահանգների և Իսրայելի սանձազերծված պատերազմական գործողությունները, փաստորեն, գնալով բարդանում են, սաստկանում և ընդլայնվում՝ ներառելով ամբողջ Միջին Արևելքը և նույնիսկ ցույց տալով տարածաշրջանից դուրս տարածվելու նախանշաններ։

Անորոշությունը գնալով խորանում է, քաոսը տարածվում է, մարդկային զոհերի և վիրավորների թիվը աճում է, ֆիզիկական ավերածությունները տարածվում են, փախստականների ալիքը մեծանում է։

Միջին Արևելքի բոլոր երկրները՝ քիչ թե շատ, մասն են պատերազմի ահավոր հետևանքների՝ անվտանգության, ֆիզիկական, տնտեսական, սոցիալական, քաղաքական և այլ ոլորտներում։ Սակայն Իրանը և Լիբանանը շարունակում են կրել պատերազմի անմիջական և ծանր հետևանքները։

Պատերազմող բոլոր երկրներում ունենք համայնքներ։ Անցած օրերին կարողացանք կապ հաստատել մեր առաջնորդների և թեմական ու համայնքային պատասխանատուների հետ ու ստանալ անհրաժեշտ տեղեկություններ, ինչպես նաև փոխանցել համապատասխան ցուցումներ։ Մեր համայնքների անվտանգությունը բոլորիս համար առաջնահերթ նշանակություն ունի։

Արդարև, հստակ իրողություն է, որ տարածաշրջանի բոլոր երկրների մեր համայնքների անդամներն օրինակելի քաղաքացիներ են․ նրանք լիովին կատարում են իրենց քաղաքացիական պարտականությունները, հավատարիմ են իրենց երկրների օրենքներին և կանգնած են պետության կողքին։

Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում բոլոր զոհերի ընտանիքներին և շուտափույթ ապաքինում մաղթում բոլոր վիրավորներին, ինչպես նաև անվտանգ վերադարձ՝ բոլոր փախստականներին։

Կոչ ենք ուղղում պատերազմող կողմերին դադարեցնել ռազմական բոլոր գործողությունները, հարգել բոլոր երկրների ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունն ու անվտանգությունը՝ միջազգային իրավունքի համաձայն, և քաղաքական երկխոսության միջոցով՝ լուծումներ գտնել առկա խնդիրների համար։ Միջին Արևելքում արդարության և փոխադարձ վստահության վրա հիմնված համապարփակ ու կայուն խաղաղության հաստատումը միջազգային հանրության և ՄԱԿ-ի համար պետք է դառնա բացարձակ առաջնահերթություն, հակառակ դեպքում տարածաշրջանը կարող է հայտնվել նոր պատերազմների շեմին»,- ասված է հայտարարությունում։

 

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026