23 Դեկ
2024
5.8° c ԵՐԵՎԱՆ
10.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ադրբեջանի ռազմական հանցագործություններն անհնարին են դարձրել ԼՂ-ի էթնիկ հայ բնակչության անվտանգ և արժանապատիվ ապրելը․ միջազգային փաստահավաք առաքելության զեկույց

Ադրբեջանի ռազմական հանցագործություններն անհնարին են դարձրել ԼՂ-ի էթնիկ հայ բնակչության անվտանգ և արժանապատիվ ապրելը․ միջազգային փաստահավաք առաքելության զեկույց

Freedom House-ը և գործընկերները պարզել են, որ Ադրբեջանի իշխանությունները միտումնավոր արշավ են իրականացրել Արցախն էթնիկ հայ բնակչությունից դատարկելու համար:

Ադրբեջանական ռեժիմը էթնիկ զտումներ է իրականացրել Արցախի էթնիկ հայ բնակչության դեմ, նշվել է միջազգային փաստահավաք առաքելության զեկույցում, որը կազմված է Freedom House-ից և վեց այլ գործընկերների կոալիցիայից:

Զեկույցն ուսումնասիրել է Արցախում ապրող էթնիկ հայերի վիճակը 2020 թվականի Երկրորդ ղարաբաղյան պատերազմի ավարտից մինչև 2023 թվականի սեպտեմբերյան ադրբեջանական վարչակարգի ռազմական հարձակումը, ինչպես նաև դրա հետևանքները։ Հեղինակները հայտնաբերել են մարդու իրավունքների կոպիտ խախտումներ, միջազգային մարդասիրական և քրեական իրավունքի խախտումներ Ադրբեջանի իշխանությունների կողմից Լեռնային Ղարաբաղում էթնիկ հայերի նկատմամբ՝ սպանությունների, ամիսներ տևած շրջափակման, հարկադիր տեղահանման և մշակութային ժառանգության ջնջման քաղաքականության միջոցով։

Զեկույցը նաև հաստատում է այն եզրակացությունը, որ Լեռնային Արցախում փաստագրված գործողությունները ռազմական և մարդկության դեմ հանցագործություններ են։ Զեկույցի հրապարակվումը տեղի է ունենում այն ժամանակ, երբ Բաքվում անցկացվում է COP29՝ կլիմայի փոփոխության հարցերով ՄԱԿ-ի ամենամյա ֆորումը:

«Բաքվի ռազմական հարձակումը և շրջափակման, սովի և սպառնալիքների կիրառումը դաժան մարտավարություն էր, որի նպատակն էր բռնի տեղահանել էթնիկ հայերին Լեռնային Ղարաբաղից», – նշել է Freedom House-ում Հայաստանի ներկայացուցիչ Անդրանիկ Շիրինյանը՝ հավելելով, որ «Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական վարչակարգի անզուսպ գործողությունները վտանգավոր նախադեպ են ստեղծել ոչ ժողովրդավարական վարչակարգերի՝ հակամարտությունները դադարեցնելու համար ուժի կիրառման համար: Համաշխարհային հանրությունը պետք է ակտիվացնի իր ջանքերը Լեռնային Ղարաբաղից տեղահանված էթնիկ հայերի կողմից մարդու իրավունքների ոտնահարման դեմ պայքարելու համար և երաշխավորի, որ մեղավորները պատասխանատվության ենթարկվեն»:

Փաստաթղթավորված ապացույցները համապատասխանում են էթնիկ զտումների չափանիշներին, որոնք սահմանվել են ՄԱԿ-ի փորձագետների հանձնաժողովի զեկույցով։

2023 թվականի սեպտեմբերին 100,000 էթնիկ հայերի տեղահանումը ինտենսիվ, տարիներ տևած արշավի գագաթնակետն էր։ Ադրբեջանական պետության այս արշավը ներառում էր մարդու իրավունքների համատարած խախտումներ տարբեր ձևերով էթնիկ հայ բնակչության նկատմամբ՝ օգտագործելով ահաբեկման և շրջափակման երկարատև մարտավարությունը: Նման գործողություններն անհնարին են դարձրել Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության անվտանգ և արժանապատիվ ապրելը։

Էթնիկ հայ բնակիչները ենթարկվել են իրենց իրավունքների և ազատությունների բազմաթիվ խախտումների։ Փաստագրվել են բնակիչների կյանքի, առողջության, սննդի, տեղաշարժի ազատության, համապատասխան կենսամակարդակի, ազատության և անձնական անձեռնմխելիության, կրթության և սեփականության իրավունքների խախտումներ: Խախտվել են նաև մշակութային իրավունքները։ Հանցագործները դիտավորյալ սպանել են խաղաղ բնակիչներին, նույնիսկ խաղաղապահների ներկայությամբ, և վայելել են բացարձակ անպատժելիությունը: Սա ուժեղացրել է բնակչության շրջանում անապահովության ու սարսափի զգացողությունը մինչև 2023 թվականի սեպտեմբերին տեղի ունեցած զանգվածային տեղահանումները։

Խախտումներն Արցախում շարունակվում են՝ հայկական մշակութային և պատմական ներկայությունը ջնջելու տեսքով։ Սա ներառում է հայկական մշակութային հուշարձանների, եկեղեցիների, գերեզմանատների և բնակելի թաղամասերի պլանավորված կամ ավարտված ոչնչացումը:

Զեկույցում նշվում են մի շարք քայլեր, որոնք ժողովրդավարական կառավարությունները կարող են ձեռնարկել անպատժելիության դեմ պայքարելու համար: Մասնավորապես զեկույցի հեղինակները հորդորում են Բաքվին պատասխանատվության ենթարկել իր գործողությունների համար, աջակցել միջազգային ջանքերին` հետապնդելու մարդկության դեմ և Լեռնային Ղարաբաղի բնակչության դեմ կատարված պատերազմական հանցագործությունները, իրականացնել թիրախային պատժամիջոցներ, ինչպիսիք են ճանապարհորդությունների արգելքը և ակտիվների սառեցումն Ադրբեջանի պաշտոնյաների, ռազմական առաջնորդների և մարդու իրավունքների կոպիտ խախտումների և ռազմական հանցագործությունների մեջ ներգրավված անձանց նկատմամբ:

Հեղինակները կոչ են անում պաշտպանել տեղահանված էթնիկ հայերի իրավունքները և հորդորել ադրբեջանական պետությանը պայմաններ ստեղծել տեղահանված հայերի՝ Լեռնային Ղարաբաղ անվտանգ և կամավոր վերադարձի համար։ Բացի այդ՝ անհրաժեշտ է խթանել նախաձեռնությունները, որոնք պաշտպանում են բռնի տեղահանվածների իրավունքները և ջատագովում են ուժեղ իրավական պաշտպանության և աջակցության ծառայությունների իրականացմանը:

Փաստահավաք առաքելությունը կոչ է անում հորդորել Ադրբեջանին պահպանել մշակութապահպանության միջազգային չափանիշները և կանխել հայկական մշակութային արժեքների հետագա ոչնչացումը կամ փոփոխությունը: Առաքելության ամբողջական զեկույցը կազմելիս իրականացվել են հարցազրույցներ 330 վկաների հետ, ովքեր ներկայացրել են Լեռնային Ղարաբաղի 107 համայնքներից 71-ը: Այն ընդլայնում է 2024 թվականի հունիսին հրապարակված նախնական բացահայտումները՝ լրացուցիչ փաստագրված ապացույցներով և վերլուծություններով 2023 թվականի սեպտեմբերյան ռազմական հարձակման, դրան հետևած էթնիկ հայերի տեղահանման և դրա հետևանքների, ներառյալ մանրամասները բնակիչների կողմից տարհանման համար օգտագործվող բոլոր ուղիների վերաբերյալ: Այն նաև ընդլայնում է իրավական շրջանակները և տրամադրում է առաջարկությունների համապարփակ փաթեթ: