Աշխարհաքաղաքական խաղեր․ COP29-ն ընդունում է մի երկիր է, որտեղ ամեն ինչ գալիս է մի ձեռքից
Կլիմայի 12-օրյա կոնֆերանսի, որը հայտնի է որպես COP29, քննադատները նշել են, որ հյուրընկալող Ադրբեջանն օգտագործում է համաշխարհային միջոցառումը հանածո վառելանյութերը խթանելու համար, իսկ ավտոկրատիայի գործիքներն՝ այլախոհ ձայները խլացնելու համար, գրել է The Washington Post-ը:
Թեև Ադրբեջանը նավթագազային արդյունաբերության վրա հիմնված առաջին երկիրը չէ, որը հյուրընկալում է ամենամյա համաժողովը, այնուամենայնիվ, նա նկատելիորեն բարձրաձայնել է իր աջակցությունը հանածո վառելիքին։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նավթն ու գազն անվանել է «Աստծո պարգև»: «Պետք չէ մեղադրել երկրներին․ այդ ռեսուրսները շուկա բերելու համար։ Մարդկանց դա պետք է», – նշել է նա:
Ադրբեջանի ընդդիմության առաջնորդ Ալի Քարիմլին հարցազրույցում ընդգծել է, որ երկիրը «երբեք ներդաշնակ չի եղել կանաչապատման խնդիրների հետ»։
Ադրբեջանն այս տարվա COP-ն ընդունելու հնարավորություն է ստացել միայն աշխարհաքաղաքական պատճառով: Միջոցառումն անց է կացվում ըստ տարածաշրջանների, և ծրագրված էր, որ Արևելյան Եվրոպան կստանձնի այդ դերը 2024 թվականին: Բայց Ռուսաստանն, Արևմուտքի հետ իր մրցակցության պատճառով, հրաժարվել է ընդունել Եվրոպական միության որևէ միջոցառում: Դա դուռ է բացել Ադրբեջանի համար, որի հայտը բավարարվել է այն բանից հետո, երբ նրա վաղեմի թշնամի՝ Հայաստանը, իր աջակցությունն է ցույց տվել Բաքվին՝ գերիների ազատ արձակման դիմաց: Ադրբեջանը համաժողովն անվանել է «խաղաղության COP», սակայն երկիրն օգտագործել է միջոցառումը Կասպից ծովին նայող իր մայրաքաղաքը գովազդելու համար: Երկրում մարդու իրավունքների խախտումների մասին կամ կառավարության քննադատություններն արգելափակվում են։ Երբ ընդդիմադիր առաջնորդ Քարիմլին հարցազրույց էր տալիս հյուրանոցի նախասրահում, նա խոսում էր ցածր ձայնով: Քարիմլին, ով մեղադրվում է զրպարտության մեջ, և ում կուսակցության ավելի քան 50 անդամ բանտարկված է, ավելի ուշ տեքստային հաղորդագրություն է ուղարկել՝ պարզաբանելով, որ նրան վերահսկում են կառավարական անվտանգության աշխատակիցները: «Սա մի երկիր է, որտեղ ամեն ինչ գալիս է մի ձեռքից»,- նշել է նա՝ նկատի ունենալով Ալիևին։