07 Փտր
2025
4.2° c ԵՐԵՎԱՆ
-3.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Նավթ հրթիռների համար, նավթ հրետանու համար, նավթ զինվորների համար․ BBC-ին ներկայացրել է ՌԴ-ի և ԿԺԴՀ-ի փոխշահավետ գործարքը

Նավթ հրթիռների համար, նավթ հրետանու համար, նավթ զինվորների համար․ BBC-ին ներկայացրել է ՌԴ-ի և ԿԺԴՀ-ի փոխշահավետ գործարքը

Այս տարվա մարտից Ռուսաստանը Հյուսիսային Կորեային ավելի քան մեկ միլիոն բարել նավթ է մատակարարել։ Այս եզրակացությանն է հանգել Բրիտանական հետազոտական Open Source Center կենտրոնը՝ արբանյակային պատկերների վերլուծությունից հետո։

Առաջատար փորձագետներ և Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դեյվիդ Լամմին BBC-ին հայտնել են, որ նավթով Մոսկվան վճարում է Փհենյանին այն զենքի և զինվորների համար, որով Հյուսիսային Կորեան օգնում է Ռուսաստանին Ուկրաինայի դեմ պայքարում։

Արբանյակային պատկերների վերլուծությունը ցույց է տալիս, որ վերջին ութ ամսվա ընթացքում ավելի քան մեկ տասնյակ հյուսիսկորեական տանկերներ 43 ուղևորություն են կատարել Հեռավոր Արևելքի ռուսական նավթային տերմինալի և իրենց նավահանգիստների ուղղությամբ: Ծովում լցանավերի նկարներից երևում է, որ նրանք դատարկ են գնացել Ռուսաստան և բեռնված վերադարձել։

Open Source Centre-ը նշել է, որ մեկ միլիոն բարելը նվազագույն գնահատական է, քանի որ նրանք չեն կարողացել հետևել որոշ թռիչքների ամպամածության պատճառով:

«Նավթ հրթիռների համար, նավթ հրետանու համար, նավթ զինվորների համար»,- նշել է Հյու Գրիֆիթսը, ով 2014-2019 թթ. գլխավորել է ՄԱԿ-ի փորձագետների խումբը, որը վերահսկում է Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցների պահպանումը:

Բրիտանիայի ԱԳՆ ղեկավար Դեյվիդ Լամմին BBC-ի հետ զրույցում նշել է. «Ռուսաստանի պատերազմն Ուկրաինայում գնալով ավելի է կախված դառնում Հյուսիսային Կորեայից, նրա զինվորներից և զենքից՝ նավթի դիմաց»:
Փհենյանը նավթի և նավթամթերքի կարիք ունի, մասնավորապես, երկրի տարածքով զորքեր և զենք տեղափոխելու, ինչպես նաև իշխող վերնախավի մեքենաները վառելիքով լիցքավորելու համար։

Պատժամիջոցների ռեժիմը Հյուսիսային Կորեային թույլ է տալիս գնել տարեկան ընդամենը 500 հազար բարել, մինչդեռ դրա սպառումը, ըստ փորձագետների, կազմում է մոտ ինը միլիոն բարել։ Ուստի ԿԺԴՀ-ն նավթն և նավթամթերքը գնում է ապօրինի։