26 Դեկ
2024
1.4° c ԵՐԵՎԱՆ
4.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իրանը գործարկել է ուրանի հարստացման նոր առաջադեմ ցենտրիֆուգներ

Իրանը գործարկել է ուրանի հարստացման նոր առաջադեմ ցենտրիֆուգներ

Իրանի Խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաքեր Քալիբաֆը հայտարարել է, որ Իրանն ակտիվացրել է նոր և առաջադեմ ցենտրիֆուգներ՝ ի պատասխան Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) վերջին քայլի՝ երկրի քաղաքացիական միջուկային ծրագրի դեմ քաղաքական դրդապատճառներով բանաձև ընդունելու վերաբերյալ:

Քալիբաֆն այս հայտարարությունն արել է խորհրդարանական բաց նիստի ժամանակ՝ երեք օր անց այն բանից հետո, երբ ԱԷՄԳ-ի Կառավարիչների խորհուրդը 19 կողմ, 3 դեմ, 12 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ քվեարկել է հակաիրանական փաստաթղթին:

Նրա խոսքով՝ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Միացյալ Նահանգների որդեգրած «անիրատեսական, քաղաքականացված և ապակառուցողական մոտեցումը» հանգեցրել է Իրանի խաղաղ միջուկային գործունեության վերաբերյալ «չհիմնավորված և ոչ կոնսենսուսային» բանաձևի հրապարակմանը։

Խորհրդարանի նախագահը նաև դատապարտել է եվրոպական երեք երկրներին և ԱՄՆ-ին Իրանի խաղաղ ատոմային ծրագիրն «իրենց ոչ լեգիտիմ գործողությունների նպատակով» որպես պատրվակ օգտագործելու համար, ինչն ուղղված է կասկածի տակ դնելու ՄԱԳԱՏԷ-ի վստահելիությունն ու անկախությունը, ինչպես նաև արատավորում է Թեհրանի հետ փոխգործակցության կառուցողական մթնոլորտը։