Թուրքիայի հեռահար նպատակները Սիրիայում
Genesis Armenia ուղեղային կետրոն/հիմնադրամը հրապարակել է Գևորգ Գալթակյանի հոդվածը որում անդրադարձ է կատարվում «Հայաթ թահրիր ալ-Շամ» ահաբեկչական կազմակերպության՝ Սիրիայում իշխանությունը զավթելու գործընթացի աշխարհաքաղաքական բաղադրիչին, մասնավորապես՝ Սիրիայում Թուրքիայի, ԱՄՆ-ի, Իրանի և Ռուսաստանի ազդեցության գոտիների վերաձևման խնդրին, նաև այդ երկրի հետ կապված հատկապես Թուրքիայի հեռահար նպատակներին, որոնք նախևառաջ, չնայած առերևույթ հերքումների, անթաքույց կերպով, միտված են Սիրիան իրենից կախյալ վիճակի մեջ դնելուն:
«Հայաթ թահրիր ալ-շամ» (ՀԹՇ) (حياة تحرير الشام` «Շամի ազատագրության կազմակերպություն») ահաբեկչական կազմակերպությունը (այսուհետ՝ ԱԿ) «Ջաբհաթ ալ-նուսրա լի-ահլ ալ-Շամ» (جبهة النصرة لأهل ال)՝ «Շամի ժողովրդի օգնության ճակատ») ԱԿ-ի վերանվանված տարբերակն է, որն էլ իր հերթին, մինչև 2017թ. հանդիսացել է «Ալ-քաիդա» (القاعدة՝ «Հիմք») ԱԿ-ի Սիրիայում գործող թևը: 2017թ. հունվարից ՀԹՇ-ի առաջնորդ Աբու Մուհամմադ ալ-Ջոլանին (իրական անունը՝ Ահմադ ալ-Շարա’ա) հայտարարել է, որ ՀԹՇ-ն խզում է իր կապերը «Ալ-քաիդա»-ի հետ, սակայն ողջամիտ կասկածներ կան, որ հարցազրույցներում արտահայտած «չափավոր հանդուրժողականությունը» և անգամ «ծայրահեղականության հարցում զղջումը», դիվանագիտական քայլ է՝ շահելու միջազգային հանրության վստահությունն ու Սիրիայի բնակչության համակրանքը:
Ընդ որում՝ Ալ-Ջոլանին CNN-ին տված հարցազրույցում, ի պատասխան Ալ-քաիդա-ի հետ նախկինում փոխկապակցված լինելու հարցին, նշել է. «Ես հավատում եմ, որ յուրաքանչյուր ոք կյանքում անցնում է տարբեր փուլերի և փորձառությունների միջով, և այս փորձառությունները բնական կերպով բարձրացնում են անձի գիտակցության մակարդակը»: «Ալ-քաիդա»-ի հետ իր ունեցած փոխկապակցվածության հանգամանքը վերջինս վերագրում է տարիքին և մեղադրում «երիտասարդական» աշխարհընկալմանը: Այնուհետև ալ-Ջոլանին նաև պարզաբանում է, որ բարդ հակամարտություններ կառավարելու համար առաջնորդը պարտավոր է հարմարվել իրականության հետ և ճկուն լինել: Նույն հարցազրույցում ալ-Ջոլանին «ահաբեկիչ» բառի իր սահմանումն է տալիս. «Ահաբեկիչը նա է, ով սպանում է քաղաքացիական բնակչությանն ու անմեղ մարդկանց, միտումնավոր վնասում ու արտաքսում է նրանց: Բազմաթիվ տերություններ արաբական, իսլամական կամ ոչ իսլամական երկրներում սպանել են հազարավոր մարդկանց, ռմբահարել բազմաթիվ տներ, ավիրել, ու բռնագաղթի ենթարկել մարդկանց»:
Իրանի ազդեցության վերաբերյալ ալ-Ջոլանին Բաշար ալ-Ասադի ռեժիմը անվանում է «Իրանական ծրագիր», պնդելով, որ այն օրգանական կապի մեջ է Իրանի հետ, որն իր աշխարհաքաղաքական խնդիրներն է հետապնդում «Արաբական աշխարհում»:
Ի պատասխան ԱՄՆ ռազմաբազաների առկայության վերաբերյալ հարցին՝ ալ-Ջոլանին զգուշավոր և դիվանագիտական պատասխան է տալիս, մի կողմից նշելով, որ միջազգային միջամտության կարիք չկա ռեժիմի տապալման պարագայում, մյուս կողմից՝ չբացառելով, որ արտաքին ուժերը կարող են առկա լինել, «եթե դա բխում է Սիրիայի շահերից»:
Ինչ վերաբերում է ՀԹՇ-ի՝ թուրքական ազդեցությանբ գործոն լինելուն, ապա միայն այն, որ այդ երկրի ԶԼՄ-ներում ու բարձրագույն ղեկավարության կողմից Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունները ներկայացվում են որպես «ժողովրդավարության հաղթանակ», ինքնին ցուցիչ է, որ ՀԹՇ-ն վայելում է Թուրքիայի անթաքույց աջակցությունը, իսկ արդեն Թուրքիայի նախագահ Ռ.Թ.Էրդողանի ելույթը, որտեղ նա «ֆրեյդյան սխալ» (freudian slip) է թույլ տվել, ակամա արտաբերելով հետևյալ միտքը. «Հալեպը, Համան, Հոմսը և վերջում էլ Դամասկոսը անցան Թուրքիայի իրական տերերի վերահսկողության տակ, և 61 տարի արյունով, հալածանքով, ճնշումով և պարտադրանքով կանգուն մնացած «Բաաս»-ի բռնապետությունն էլ ամբողջությամբ կործանվեց», ցույց է տալիս, որ ՀԹՇ-ի «Արևմտյան» և հատկապես «թուրքական» գործոն լինելը բոլորի համար «բացահայտ գաղտնիք» է (open secret):
Անշուշտ, հետագայում Ռ.Թ.Էրդողանը կարող է ասել, որ վերոնշյալ միտքը պարզապես սխալմունք և թյուրիմացություն է, և նա իրականում պատրաստվում էր ասել «Սիրիայի իրական տերերին», բայց հնարավոր չէ մերժել այն պարզ իրողությունը, որ ենթագիտակցությունում առկա մղումները թաքցնել ցանկացող մարդը երբեմն անգիտակցաբար և ակամա «բերանից թռցնում է» հենց այդ՝ խնամքով թաքցվող մտքերն ու բառերը:
Ալ-Ջոլանին նաև անդրադարձ է կատարել Թուրքիայի ներքաղաքական և ներհասարակական դաշտում առկա ամենասուր խնդիրներից մեկին` սիրիացի փախստականներին, նշելով, որ իրենց կառավարման օրոք փախստականները թե՛ Թուրքիայից, թե՛ Լիբանանից, թե՛ Հորդանանից, թե՛ Եվրոպայից կկարողանան վերադառնալ Սիրիա:
Մյուս կողմից Ռ.Թ.Էրդողանը Բաշար ալ-Ասադին է մեղադրում մոտ 1 միլիոն մարդու սպանելու, 12 միլիոն մարդու փախստական դարձնելու և այնուհետև Սիրիան թողնելով փախուստի դիմելու համար: Ըստ Էրդողանի՝ Թուրքիայում սիրիացի փախստականների թիվը այժմ 2,9 միլիոն է, այդ թիվը առավելագույնը հասել է 3,7 միլիոնի, իսկ ընդհանուր առմամբ Թուրքիան ընդունել է մոտ 4,5 միլիոն սիրիացի:
Երբ ընդհանուր վերլուծության ենք ենթարկում ալ-Ջոլանիի խնդրո առարկա հարցազրույցը, տեսնում ենք, որ ալ-Ջոլանին հատկապես Իրանին, բայց նաև ՌԴ-ին մեղադրում է աշխարհաքաղաքական նկատառումներից ելնելով Սիրիայում իրավիճակն ապակայունացնելու և գործած հանցագործությունների համար (ընդ որում՝ բացահայտ թշնամի են ներկայացվում Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ կողմից սպանված իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանին), բայց ԱՄՆ-ի և հատկապես Թուրքիայի վերաբերյալ օգտագործում է բավական «զգուշավոր լեզու»: Սա ցույց է տալիս, որ մեծ հաշվով Սիրիան, հանդիսանալով ավելի լայն Արևմուտք-ՌԴ հակամարտության մի դրվագ (նախկինում Սիրիան ԽՍՀՄ-ի կարևորագույն հենարաններից մեկն էր Մերձավոր Արևելքում), ինքնուրույնության և ինքնիշխանության քողի ներքո անցնում է «Արևմտյան» վերահսկողության տակ:
ՀԹՇ-ի կողմից Դամասկոսի գրավումից մի քանի օր անց արդեն Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպության (MİT) պետ Իբրահիմ Քալընը (İbrahim Kalın) Օմայանների մզկիթում նամազ էր անում, ինչը Թուրքիայի հերթական նեոօսմանականության դրսևորումներից է:
Անդրադառնալով Թուրքիայի կողմից Սիրիայի տարածքում իրականացրած ռազմական գործողությունների և վերջինիս վերահսկողության տակ գտնվող տարածքների խնդրին՝ Ռ.Թ.Էրդողանը նշել է, որ մասնավորապես՝ Թել Ռիֆաաթում և Մանբիջում PKK (Քրդական բանվորական կազմակերպության) ածանցյալը հանդիսացող ուժերը ծանր վիճակում են:
Եթե ավելի լայն տարածաշրջանային պատկեր վերցնենք, ապա Սիրիայում ՌԴ-ի և Իրանի ազդեցության նվազեցումը, նախ, ակնհայտորեն նշանակում է Թուրքիայի նեոօսմանյան երազանքների մասնակի իրագործում և Սիրիայի տարածքում անվտանգային, դեմոգրաֆիական և աշխարհաքաղաքական հարթություններում իր առջև դրված խնդիրները լուծելու իրական գրեթե անխոչընդոտ հնարավորություն, ընդ որում՝ Սիրիայում Թուրքիայի հետ քաղաքականապես անհամատեղելի ուժ են մնում քրդական շարժման ներկայացուցիչները, կամ Ռոժավա-ն: