27 Հուն
2025
7.2° c ԵՐԵՎԱՆ
1.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Քաղաքական հավակնությունները Նախիջևանի նկատմամբ, և «Զանգեզուրի միջանցքի» բացման հնարավոր ազդեցությունները․ մաս 3

Քաղաքական հավակնությունները Նախիջևանի նկատմամբ, և «Զանգեզուրի միջանցքի» բացման հնարավոր ազդեցությունները․ մաս 3

Genesis Armenia ուղեղային կենտրոնը հրապարակել է քգթ Աբրահամ Գասպարյանի և պատմաբան Արմեն Սարգսյանի՝ «Քաղաքական հավակնությունները Նախիջևանի նկատմամբ, և «Զանգեզուրի միջանցք»–ի բացման հնարավոր ազդեցությունները» վերնագրով հոդվածի երրորդ հատվածը (առաջին, երկրորդ), որը ներկայացնում ենք ստորև․

Մաս երրորդ

Իրան և Ադրբեջան։ Նախիջևանին սահմանակից Իրանը նույնպես ունի իր սեփական շահերը։ Այսպես, ըստ իրանական փորձագետների՝ Նախիջևանի բնակչության 40–45 տոկոսը իրանամետ  կողմնորոշում ունի։ Թուրքիայի աճող ներկայությունը Նախիջևանում առաջացնում է լարվածություն նաև  Իրանի հետ։ Իրանը զգուշորեն հետևում է Նախիջևանում Թուրքիայի ռազմական և քաղաքական ազդեցության ուժեղացմանը, մասնավորապես մտահոգ է  Մեղրիի միջանցքի  բացման վերաբերյալ գործընթացներով՝ դրանք դիտարկելով որպես իր սահմանային անվտանգության համար սպառնալիք։

Ներկայումս հետաքրքիր տնտեսական հարաբերություններ են ստեղծվել Իրանի և Նախիջևանի միջև, և Նախիջևանը  լուրջ տնտեսական կախվածություն ունի Իրանից։ Իրանն  արդեն սննդամթերքի և էներգոռեսուրսների (լույս, գազ)  հիմնական մատակարարողն է, և  այստեղ աստիճանաբար ստեղծում է յուրովի ենթակառուցվածքներ՝ կապելով երկրամասը  «իրանական մեծ տարածաշրջանի» հետ։ Օրինակ` Իրանը  գազամուղ է կառուցել Նախիջևանում, որը շահագործման է հանձնվել 2005թ․ դեկտեմբերին և այն ունի 1 միլիարդ խոր․ մետր թողունակություն։ Նախիջևանում հակաիրանական տարրերը հիմնականում բանակում և այն պաշտոնյանների մոտ են,  որոնք, այսպես կոչված, «Նախիջևանյան կլանի» անդամներն են։ Եթե մեկ նախադասությամբ բնորոշենք,  ապա Իրանն օրեցօր ուժեղացնում է իր դիրքերը առանձնապես Նախիջևանում, նաև  Թալիշում և Մուղանում։ Երբեմն Ադրբեջանը «ստիպված» որոշ հարցերում զիջումների է գնում, որովհետև Նախիջևանին կապող միակ ցամաքային ճանապարհն այսօր անցնում է Իրանով, և Իրանը նրան  ճանապարհ է տալիս  իր տերիտորիայով՝ կախվածության մեջ պահելով նրանց։ Ի դեպ, Իրան-Ադրբեջան հարաբերությունների լարվածության որոշ պահերի Իրանը մի քանի անգամ  կարճ ժամկետով փակել է վերոնշյալ ճանապարհը։ Միաժամանակ նշենք, որ դա  այն հիմնական ճանապարհն է, որով Նախիջևանից արտագաղթում են Ռուսաստան, և ըստ իրանական փորձագետների՝  արտագաղթողների 10–ից 9–ը հակաիրանական կողմնորոշում ունեն։ Շեշտենք նաև, որ Իրանը Նախիջևանում իր քաղաքականությունը իրականացնելիս հենվում է Շիա կրոնական պատկանելություն ունեցող բնակչության վրա՝ անկախ ազգությունից։

Հայաստան և Նախիջևան։ Ոչ միայն աշխարհաքաղաքական փոփոխությունները Հարավային Կովկասում, այլև Հայաստանում տեղի ունեցող ցանկացած փոփոխություն ևս կարող են էական ազդեցություն ունենալ Նախիջևան- Հայաստան հարաբերություններում։ Այս վիճակում ի՞նչ պետք է անի Հայաստանը։

Հայաստանը պետք է համաշխարհային ասպարեզում առաջ տանի իր տարածքային ամբողջականության պաշտպանության հիմնախնդիրը, ցույց տա Զանգեզուրի միջանցքի վտանգավորությունը միջազգային կարգի և անվտանգության համար։ Հայաստանը պետք է լուրջ ուշադրություն դարձնի սահմանների ամրապնդմանը։ Կենտրոնանալով սահմանային ամվտանգությանը՝ անհրաժեշտ է բարձրացնել բանակի արդյունավետությունը և մեծացնել ռազմական դիվանագիտության դերը։ Սահմանային գոտիներում պետք է կառուցվեն նոր պաշտպանական կառույցներ։

Տարածաշրջանային դիվանագիտության ասպարեզում Հայաստանը պետք է ձգտի վերականգնել կամ ամրապնդել հարաբերությունները Իրանի և Վրաստանի հետ, քանի որ նրանց շահերը ուղղակիորեն կապվում են այս տարածաժրջանի կայունության հետ։ Իրանը մասնավորապես դեմ է Զանգեզուրի միջանցքին, ինչը կարելի է օգտագործել դիվանագիտական դիրքերը ուժեղացնելու համար։ Տնտեսական ինտեգրումը Հայաստանի համար շատ կարևոր է, որովհետև կարող է դառնալ տարանցիկ կենտրոն այլ նախագծերում:

Հայաստանը պետք է առավելագույնս օգտագործի իր կապերը Եվրամիության, Հնդկաստանի և Չինաստանի հետ։

Եզրակացություն։

1․ Ներկայումս գնալով ավելի է ուժեղանում Թուրքիայի և Իրանի ազդեցությունը Նախիջևանի վրա, և  Նախիջևանի բնակչության կողմնորոշումը դեպի Իրան և Թուրքիա։

2․ Նախիջևանում տիրող իրավիճակի համար մեծ նշանակություն ունի,  «Զանգեզուրի  միջանցք» կոչվածի ճակատագիրը։ Իրանի ազդեցությունը  Նախիջևանում առավել  մեծացնելու համար   Իրանին ձեռնտու է պահպանել  «Զանգեզուրի» միջանցք»-ի այսօրվա վիճակը, իսկ Ադրբեջանի ու Թուրքիայի  համար՝ հակառակը։ Վերոնշյալ «միջանցքի» բացումով  Ադրբեջանն ու Թուրքիան նպատակ ունեն յուրովի փակել Հայաստանի տարածքային ամբողջականությունը՝ կապելով Նախիջևանը Ադրբեջանի հիմնական հատվածի հետ։ Այս նախագծի իրականացումը կարող է բերել Հայաստանի մեկուսացմանը, ինչը կսահմանափակի ոչ միայն տնտեսական, այլև անվտանգային հնարավորությունները։

3․ Աքսիոմ է, որ Նախիջևանը և «Զանգեզուրի միջանցք»-ը ռազմավարական նշանակություն ունեն  պանթյուրքիստական քաղաքականության համար։

4․ «Զանգեզուրի միջանցք»-ի բացումը նշանակում է Իրանի դուրս մղում Նախիջևանից, որովհետև Իրանը Նախիջևանում իր ազդեցությունը պահում է հիմնականում գազի, էլեկտրաէներգիայի մատակարարումների և սննդամթերքների արտահանման գործոններով, իսկ միջանցքի բացման դեպքում այդ ամենը կիրականացնի Ադրբեջանը.

ա․ Իրանը «դուրս կմղվի» Նախիջևաից,

բ․ Ադրբեջանը կհաստատի իր գերիշխանությունը Նախիջևանում, և Նախիջևանում ազդեցություն կհաստատեն հիմնականում   Ադրբեջանն ու Թուրքիան։

5․ Վերոհիշյալն իրականացնելու դեպքում Հայաստանը յուրովի «կհարվածի» իր ռազմավարական դաշնակից Իրանին,  Հայաստանն ու Իրանը մեկընդմիշտ կկորցնեն Նախիջևանի վրա իրենց ազդեցությունն ու կանաչ լույս կվառեն Թուրքիայի ու Ադրբեջանի ռազմավարական ծրագրերի առջև։

Ցավով շեշտենք, որ Նիկոլ Փաշինյանն արդեն արտահայտել է այն միտքը, որ Սյունիքով կոմունիկացիայի բացումը առաջին հերթին վերաբերվում է խողովակաշարերին և էլեկտրագծերին։

6․ Փաստ է նաև, որ 2020թ․ նոյեմբերի 9-ի հրադադարի հայտարարությամբ նախատեսված է ՀՀ երաշխավորությունը Ադրբեջանի և Նախիջևանի միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգության ապահովումը երկու ուղղությունով` քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել երթևեկություն կազմակերպելու նպատակով։ Թուրքիան ակտիվորեն աջակցում է այս նախագծին՝ այն համարելով իր տարածաշրջանային ազդեցությունը մեծացնելու կարևոր միջոց։ Միջանցքի բացումը ոչ միայն կուժեղացնի Թուրքիա-Ադրբեջան կապը, այլև կմեծացնի Թուրքիայի աշխարհաքաղաքական ազդեցությունը Հարավային Կովկասում։

7․ Թուրքիայի համար Նախիջևանը ոչ միայն դարպաս է դեպի Հարավային Կովկաս, այլև հարթակ է իր տարածաշրջանային քաղաքականությունը խորացնելու, ազդեցությունը ուժեղացնելու, դիրքերը ամրապնդելու համար։ Սակայն միաժամանակ նշենք, որ  այս ամենը խորացնում է լարվածությունը Թուրքիայի, Իրանի և Հայաստանի միջև։

Ապագա։ Ապագայում Նախիջևանը կարող է խաղալ մեծ դեր տարածաշրջանային քաղաքականության և անվտանգության համատեքստում։ Նրա ապագան կախված կլինի ինչպես Ադրբեջանի կենտրոնական իշխանությունների, այնպես էլ տարածաշրջանային դերակատարների ռազմավարությունից։ Ինչպես նշվեց` տարածաշրջանային ցանկացած ցնցում ավելի է մոտեցնում Կարսի պայմանագրի վերածնմանը։ Մեր կարծիքով՝

ա․ աստիճանաբար արդիական կդառնա Կարսի պայմանագիրը: Դիմենք փաստերի․   Հիշենք  1990թ․ հունվարի 19-ի Նախիջևանի Գերագույն խորհուրդի որոշումը, որը վկայակոչելով Կարսի պայմանագիրը` Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը  հայտարարեց անկախ պետություն։

2004թ. Աջարիայի դեպքերի կապակցությամբ Ադրբեջանում Թուրքիայի դեսպանը անդրադարձել է Կարսի պայմանագրին՝ հիշեցնելով,  որ Կարսի պայմանագրի համաձայն Աջարիայում լարվածության խորացման  դեպքում Թուրքիան օժտված է իրավիճակին միջամտելու իրավունքով, իսկ Կարսի պայմանագրով Վրաստանը Աջարիայի նկատմամբ ունի նույն հովանավորչությունը, ինչ որ Ադրբեջանը Նախիջևանի նկատմամբ։

Աջարիայի դեպքերի հետ կապված՝ 2004թ․ մայիսին Վրաստանի խորհրդարանի արտաքին կապերի կոմիտեն քննարկել է Կարսի պայմանագրի վերանայման և այն չեղյալ հայտարարելու հարցը Աջարիայում լարվածության աճի ֆոնի վրա։  Միայն Կարսի պայմանագիրը ստորագրած Հայաստանն  առայսօր չի անդրադարձել Կարսի պայմանագրին։

բ․ Իրանը կշարունակի  լուրջ քայլեր  ձեռնարկել  ամրանալու Նախիջևանում՝ հզորացնելով  տնտեսական ենթակառուցվածքների ստեղծումը։

գ․ Թուրքիան և Ադրբեջանը այսօր Նախիջևանում կարողանում են պահպանել իրենց գերիշխանությունը հիմնականում բանակի, հետախուզության և պաշտոնյանների միջոցով,  և «Զանգեզուրի միջանցք»-ի բացումից է կախված հետագա ազդեցության ուժեղացումը:

դ․ Նախիջևանում աստիճանաբար ավելի կուժեղանան ժողովրդական դիրքորոշումները։

ե․ աստիճանաբար ավելի  կթուլանա Նախիջևանի տնտեսական կախվածությունը Ադրբեջանից, եթե միջանցքը չբացվի։

Փաստորեն, եթե ադրբեջանական բանակը Նախիջևանում տեղաբաշխված չլիներ,  ապա Նախիջևանն արագ «կգլորվեր» դեպի Ադրբեջանից անկախանալու գործընթաց, որին նպաստում է նաև Ի․Ալիևի հաստատած դիկտատուրան։