ՌԴ-ի փլուզվող դոմինոն․ Ի՞նչ կզոհաբերի Պուտինը ԼՂ-ից և Սիրիայից հետո հանուն Ուկրաինայի
Շատերի համար Ուկրաինայից դուրս եկող ամենօրյա լուրերը պատկերում են Կիևի մռայլ ապագան։ Ուկրաինական պոտենցիալ հակահարձակման մասին երազանքները վաղուց վերացել են, քանի որ Արևմուտքում հնչում են տարբեր հայտարարություններ՝ սկսած ուկրաինական չեզոքությունից մինչև ուկրաինական հողերի վրա Ռուսաստանի ինքնիշխանության ճանաչումը. գրել է Foreign Policy-ին:
Ինչպես նշվել է, վերջին մի քանի տարիների ընթացքում ի հայտ է եկել հստակ միտում: ՌԴ նախագահ Վլադիր Պուտինը, Ուկրաինայի վրա կենտրոնացման պատճառով, պատրաստ է զոհաբերել այլ աշխարհառազմավարական նախագծեր։
Առաջին դոմինոն ընկել է 2023 թվականին, երբ Ադրբեջանի զորքերը ներխուժել են Լեռնային Ղարաբաղ՝ ստիպելով էթնիկ հայերին զանգվածաբար փախչել այնտեղից: Կայունության ենթադրյալ երաշխավորը և Հայաստանի անվտանգության առանցքային գործընկերը լինելու փոխարեն, որը տասնամյակներ շարունակ աջակցել է Լեռնային Ղարաբաղին, Ռուսաստանը զիջել է դիրքերը՝ ի դեմս Ադրբեջանի ճնշումների: Ռուսական զորքերը ամբողջությամբ լքել են տարածաշրջանը՝ «ջարդուփշուր անելով ռազմաբազան , որտեղ ժամանակին մոտ 2000 ռուսական զորք էր տեղակայվել»:
Մեկ տարի անց տապալվել է հաջորդ դոմինոն: Սիրիայում նախագահ Բաշար ալ-Ասադի պաշտոնանկությունից հետո Ռուսաստանը ոչ միայն կորցրել է իր կարևոր տարածաշրջանային դաշնակցին, այլ նաև՝ իր հիմնական դիրքը՝ որպես ինքնավար ռեժիմների անվտանգության երաշխավոր: Երկու զարգացումներն էլ՝ Լեռնային Ղարաբաղի գրավումը և Ասադի վարչակարգի լուծարումը, բխում են անկախ գնից Ուկրաինային իրեն ենթարկելու Պուտինի ճնշող կենտրոնացումից:
«Ո՞ր ռուսամետ դոմինոն է լինելու հաջորդը, որը կտապալվի: Իսկ ինչպե՞ս կարող են արևմտյան քաղաքականություն մշակողները լիարժեք օգտվել դրանից», – հարցադրել է Foreign Policy-ին՝ ընդգծելով, որ ինչ-որ չափով ցնցող է, որ
Արևմուտքը վերջին ամիսներին ավելի լավ ռազմավարություն չի գծել ավելի լայն տարածաշրջանի համար: «Եվրամիությունը շարունակել է խրախուսել Մոլդովայի եմաամետ ուղղությունը, սակայն Արևմուտքը փաստացիորեն դերակատար չէ, երբ խոսքը վերաբերում է Մերձդնեստրի նման հարցերին: Վրաստանում Միացյալ Նահանգները վերջերս պատժամիջոցներ է կիրառել Բիձինա Իվանիշվիլիի նկատմամբ, բայց պարզ է, որ այս տեսակ անհատական արձագանքներից դուրս հստակ ռազմավարություն չկա: Իսկ Բելառուսը շարունակում է մնալ քաղաքական վերլուծության սև խոռոչ նույնիսկ Վաշինգտոնի նոր վարչակազմի համար: Ուկրաինայի, Ռուսաստանի և Եվրոպայի վերաբերյալ ԱՄՆ-ի նոր ռազմավարության վերաբերյալ բազմաթիվ թղթեր են պատրաստվել, բայց Բելառուսի վերաբերյալ հստակ ոչինչ գրված չէ, ինչը, թվում է, ռազմավարական մտածողության ամբողջական վակուում է», – նշվել է հոդվածում՝ շեշտվելով, որ այդ ամենը բաց թողնված հնարավորություն է: Ռուսաստանի նախագահը միշտ առաջնահերթություն է տալու Ուկրաինային։ Ռուսաստանի ներքին կայունության հետ կապված հարցերն ու ճգնաժամերը դեռ հեռու են, սակայն հենց այդտեղ է տանում դոմինոյի այս արագացող փլուզումը:
«Սա է պատճառը, որ Արևմուտքը պետք է սկսի քաղաքականություն ձևավորել ոչ միայն հաջորդ ընկնող դոմինոյի վերաբերյալ, ինչպիսիք են Մերձդնեստրը, Վրաստանը և նույնիսկ Բելառուսը, այլ նաև նրա, թե ինչպիսին կարող է և պետք է լինի հետպուտինյան Ռուսաստանը», – գրել է կայքը։