22 Փտր
2025
-1° c ԵՐԵՎԱՆ
-5.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Անգլիայի խաղաղապահ ուժերի գործունեությունը Լոռիում և ԱՄՆ-ին տրամադրված Հայաստանի մանդատը՝ որպես անվտանգության երաշխիք. դասեր անցյալից․ մաս 3

Անգլիայի խաղաղապահ ուժերի գործունեությունը Լոռիում և ԱՄՆ-ին տրամադրված Հայաստանի մանդատը՝ որպես անվտանգության երաշխիք. դասեր անցյալից․ մաս 3

Մաս 3

1918թ. ամռանը թուրքերի՝ Անդրկովկաս ներխուժելու հետևանքով վրաց-գերմանական միացյալ զորամասերը Թիֆլիսը թուրքերից պաշտպանելու քողի տակ մտան Լոռու մարզ՝ ժամանակավոր կարգավիճակով: Սակայն, երբ Թուրքիան Առաջին աշխարհամարտում պարտվեց, ու զորքերը հայերի և անգլիացիների համատեղ ուժերով  հետ քաշվեցին Հայաստանից՝ թողնելով նաև Կարսը, վրացիները հրաժարվեցին դուրս գալ Լոռիից:

Դիվանագիտական ճանապարհով Հայաստանի Հանրապետությունը մի քանի անգամ փորձեց կարգավորել հարցը Վրաստանի հետ, բայց վերոհիշյալ  բոլոր ջանքերը ապարդյուն անցան: 1918թ. դեկտեմբերի 13-ին հայկական բանակը Դրոյի հրամանատարությամբ անցավ հարձակման և գրավեց Լոռու քառասունից ավելի գյուղ, նաև՝ Սադախլուն: Փաստորեն, դեպի Թիֆլիս տանող ճանապարհը բաց էր, քանի որ վրացական բանակը լրիվ ջախջախվել էր և անկարող էր դիմադրել: Շեշտենք, որ վրացական բանակը գործում էր Անդրկովկասում հաստատված գերմանական կայազորների զորակցությամբ, սակայն նույնիսկ այդ պարագայում վրացիներն անկարող եղան դիմադրել հայկական ուժերին: Հաղթական այդ պատերազմը Հայաստանի համար անվտանգային մեծ նշանակություն ունեցավ։ Անգլիայի և Ֆրանսիայի զինվորական ներկայացուցիչների միջնորդությամբ կողմերի միջև կնքվեց համաձայնություն, և երկու շաբաթ տևած պատերազմը 1918թ. դեկտեմբերի 31-ին դադարեցվեց: 1919թ. հունվարի 17-ի համաձայնությամբ Լոռին ստացավ «չեզոք» գոտու կարգավիճակ՝ անգլիական զորքերի հսկողության տակ և անգլիացի նահանգապետի ղեկավարությամբ: Փաստորեն, անգլիացիները Լոռիում հանդես եկան որպես մանդատային իրավունք ունեցող ուժեր: Սակայն սեփական շահերից ելնելով՝ Անգլիայի այդ առաքելությունը շատ կարճ տևեց, և 1919թ. ապրիլին նրանք հեռացան Լոռիից: Լոռին մտավ ՀՀ կազմի մեջ: Իրականում, եթե հայկական ուժերը պարտություն կրեին վրացիներից, ապա Լոռին ևս կմնար Վրաստանի կազմի մեջ: Լոռիի՝ ՀՀ կազմի մեջ մնալը միայն հաղթական պատերազմի արդյունք էր, ինչպես հետագայում դա եղավ Զանգեզուրում:

Ամփոփելով նշենք, որ անգլիացիների խաղաղապահ գործունեությունը Լոռիում այնքանով գործեց, ինչքանով բխում էր Անգլիայի շահերից, և նույնիսկ Լոռին ճանաչեց որպես «չեզոք» գոտի և ոչ ՀՀ մարզ։

Միաժամանակ շեշտենք Անգլիայի մեծ դերակատարությունը Առաջին աշխարհամարտից հետո Թուրքիայի՝ Հայաստանից և Կարսից հեռացման հարցում, նաև հետագայում՝ Լոզանի բանակցությունների ժամանակ։

ԱՄՆ-ին տրամադրված Հայաստանի մանդատը՝ որպես անվտանգության երաշխիք։ Դեռևս 1918թ. հունվարի 30-ին ԱՄՆ նախագահ Վ.Վիլսոնի նախաձեռնությամբ Փարիզի խաղաղության վեհաժողովը որոշում էր ընդունել Հայաստանը ազատագրելու և նրան հովանավոր (մանդատատեր) նշանակելու մասին: Հայկական հարցի լուծման վերաբերյալ հույսերը նորից վերակենդանացան։ Անհրաժեշտ էր պարզապես Հայաստանի սահմանները ճշգրտել և Հայաստանի մանդատատեր նշանակել: Հայկական շրջանակները սկզբունքորեն դեմ չէին Անգլիայի, Ֆրանսիայի կամ Իտալիայի թեկնածություններին, բայց առավել հակված էին, որ մանդատը ստանա ԱՄՆ-ը, որովհետև նախագահ Վիլսոնը հայամետ դիրքորոշում ուներ: Չնայած Փարիզի վեհաժողովը որոշեց Մերձավոր Արևելք ուղարկել հանձնախումբ՝ Օսմանյան կայսրությունից անջատվելիք երկրամասերի վիճակը քննելու և առաջարկություն ներկայացնելու համար, սակայն իրականում միայն ԱՄՆ ներկայացուցիչներն էին, որ եղան Թուրքիայում: 1.5 տարվա աշխատանքից հետո նրանք հանդես եկան առաջարկությամբ, որ ԱՄՆ մանդատի ներքո ստեղծվի երեք պետություն՝ Հայաստան, Թուրքիա և Պոնտոս:

1919թ. ամռանը Առաջավոր Ասիա ուղարկվեց նոր հանձնախումբ՝ գեներալ Ջ. Հարբորդի գլխավորությամբ: Նա հարուստ նյութերի հիման վրա կազմեց տեղեկագիր, ըստ որի՝ Հայաստանի մանդատի ստանձնումը ԱՄՆ-ի կողմից իրականալի կդառնա այն պայմանով, եթե այդ մանդատի տակ հայտնվեն նաև Փոքր Ասիան և ամբողջ Անդրկովկասը: Ըստ նրա՝ 5 տարվա ծախսերը պետք է կազմեին 757 մլն. դոլար, իսկ Հայաստանի անվտանգությունը ապահովելու համար անհրաժեշտ էր 59 հազարանոց բանակի առկայություն:

Ջ. Հարբորդի տեղեկագրում Հայաստանի մանդատը ընդունելու օգտին բերվում էր 14 փաստարկ, դեմ՝ 13: 1920թ. հունիսի 1-ին ԱՄՆ կոնգրեսը քննելով Հայաստանի մանդատի հարցը՝ 23 կողմ, 52 դեմ ձայնով մերժեց այն: Այսինքն, ԱՄՆ-ն նույնիսկ ձեռնտու չհամարեց վերցնել Հայաստանի նկատմամբ հովանավորչություն (մանդատ): Փաստորեն «խոսեց» դարձյալ երկրի շահը։

Միաժամանակ շեշտենք նաև, ԱՄՆ-ի հայամետ դիրքորոշումը Փարիզի խաղաղության կոնֆերանսում, Սևրի պայմանանգրի կնքման ժամանակ, ԱՄՆ նախագահ Վ. Վիլսոնի իրավարար վճիռը, նաև 1919թ․ Հայաստանին տրամադրված օգնությունները արմատական եղան հայ ժողովրդի և ՀՀ համար։

(շարունակելի)