
Ե՞Մ, թե՞ ԵԱՏՄ․ ընտրությունը պետք է հիմնված լինի հայ ժողովրդի իրական շահերի վրա, ոչ թե առանձին ղեկավարների քաղաքական նախասիրությունների․ ռուս պատգամավոր
Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթացը հեռանկար չունի, սակայն լուրջ վտանգ է ներկայացնում երկրի համար, РИА Новости–ի հետ զրույցում նշել է Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի անդամ Ռոզա Չեմերիսը։
«Ինչպես հայտնի է, Հայաստանը ներկայումս ԵԱՏՄ և ՀԱՊԿ անդամ է։ Եվ այս դեպքում՝ նա պետք է ընտրություն կատարի ԵԱՏՄ–ին և ԵՄ–ին անդամակցության միջև, ինչը կարող է զգալի կորուստներ պատճառել Հայաստանի տնտեսությանը»,- նշել է Չեմերիսը։
Պատգամավորը նշել է, որ երկիրը չի կարող միաժամանակ անդամ լինել միմյանց հետ անհամատեղելի միջազգային կառույցներին ու կազմակերպություններին։ Ավելին, ըստ Պետդումայի պատգամավորի, ԵՄ հնարավոր անդամակցությունը Հայաստանին չի տա անվտանգության այն երաշխիքները, որոնց վրա հույսը դնում է։ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի ղեկավար Լեոնիդ Սլուցկին NEWS.ru–ի հետ զրույցում նշել է, որ Հայաստանը կկանգնի Եվրամիության և Եվրասիական տնտեսական միության միջև ընտրություն կատարելու անհրաժեշտության առաջ։ Նրա խոսքով՝ երկու աթոռի վրա նստելն անհնար կլինի, իսկ Հայաստանի իշխանությունները վաղ թե ուշ պետք է որոշում կայացնեն։ Պատգամավորի խոսքով՝ ընտրությունը պետք է հիմնված լինի հայ ժողովրդի իրական շահերի վրա, այլ ոչ թե առանձին ղեկավարների քաղաքական նախասիրությունների վրա։
Պատգամավորը նաև նշել է, որ Հայաստանը կարող է հայտնվել այն երկրների թվում, որոնք տարիներ շարունակ սպասում են ԵՄ–ին անդամակցելուն։ Դաշնային խորհրդի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ Անդրեյ Կլիմովն, իր հերթին, համարում է, որ Հայաստանը կարող է լուրջ դժվարությունների բախվել Եվրամիությանն անդամակցելիս։ Նրա խոսքով՝ միությանն անդամակցելու երկրի հեռանկարները կասկածելի են՝ հաշվի առնելով ԵՄ–ի հետ ընդհանուր սահմանների բացակայությունը և դեպի ծով ելքի բացակայությունը: