
Չեմ բացառում, որ իշխանության մեջ կան մարդիկ, որոնք կքվեարկեն իմ օգտին․ Դավիթ Համբարձումյան
Մասիսի քաղաքապետ, «Պատիվ ունեմ» խմբակցության վարչապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանը հույս ունի, որ ընդդիմադիրները կմիավորվեն և հորդորել է բոլորին անել դա, քանի շատ ուշ չէ:
Դավիթ Համբարձումյանը հատկապես կարևորել է հասարակության սպասելիքներն արդարացնելու միտումը, նա ընդգծել է, որ պետք է ավելի արագ գործել, բայց գործընթացներ կան, որոնք ոչ իրենց ցանկությամբ են դանդաղում, հետևաբար, իմպիչմենտը հաջողությամբ ավարտելու առաջին գործիքը ընդդիմադիր ուժերի համախմբումն է:
Լրագրողի հարցին՝ արդյո՞ք ՔՊ իշխանության պատգամավորների շրջանակներում ընկերներ ունի, որովհետև կոնրետ իր թեկնածության մասին դրականորեն արտահայտվելով նաև նշում են, որ ՔՊ-ից կան մարդիկ, որոնք հաստատապես կմիանան, քանի որ թեկնածուն ինքն է. «Մի քիչ նուրբ հարց է, որին բարդ կլինի արագ պատասխանել, ես բնավորությամբ այնպիսի մարդ եմ, որ ունեմ նորմալ և դրական հարաբերություններ տարբեր շրջանակների հետ և էս գործը սկսելուց առաջ ասել եմ, որ մենք կողմ ենք հանրային լայն համերաշխության, էս հայհոյելու կուլտուրան պիտի դուրս գա, երբ սկսենք իրար չհայհոյել, այդ ժամանակ ավելի հեշտ կդառնա գործը: Իշխանության մեջ էլ մարդիկ կան, որոնց հետ նորմալ հարաբերություններ ունեմ և չի բացառվում, որ էդ մարդիկ կքվեարկեն իմ օգտին, եթե դրա մասին է խոսքը։ Պարզ ասում եմ, հիմա որ հարցնեք, թե ովքեր են, պարզ չեմ ասի՝ ովքեր են»:
Դիտարկմանը՝ մտավախություն չունի՞, որ իրեն էլ կարող են իշխանափոխության գործընթացից դուրս թողնել կալանավորման կամ այլ ճանապարհով, Համբարձումյանը հիշեցրել է՝ ինքը 2018-ի իշխանափոխությունից հետո ինքն առաջին կալանավորվածն էր։
«Դրանից հետո ով պաշտոնի էր, գործից հանեցին, դարձավ ընդդիմադիր, հետո կալանավորեցին, դարձավ ավելի ընդդիմադիր ու ասաց, որ իրենք քաղբանտարկյալներ են և այլն: Էս երկրում առաջին կալանավորված անձը եղել եմ ես, հետևաբար, էդ կալանավորումով Դավիթ Համբարձումյանին լռեցնել կամ գործընթացներից հանել, կամ հեռու պահել որևիցե մեկի մոտ չի ստացվելու»,-ասաց Համբարձումյանը:
Նրա կարծիքով՝ հաջողության հասնելու համար պետք է կոմպրոմատներից չխուսափել և կալանավորվելուց չվախենալ, հակառակ դեպքում Փաշինյանը մինչև 2050-ը կմնա իշխանության, իսկ երկրից ոչինչ չի մնա։
«Հին ժողովրդական ասացվածք էլ կա՝ չոր կեղտը մարդուն չի կպնում: Թող փչացնողներն իրենց մասին մտածեն, իրենց փչացվածության աստիճանի մասին մտածեն, իրենց անցած ճանապարհի մասին մտածեն: Վերջին յոթ տարում, դրանից առաջ էլ երևի, էնքան են փորձել ինձ փչացնել, որ ես դրան էլ եմ սովորել արդեն»,-եզրափակել է Մասիսի քաղաքապետը:


