20 Հոկ
2026
24° c ԵՐԵՎԱՆ
18° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
COP17-ի կանաչ գոտում Արցախի կազմակերպություններին տաղավար չեն տրամադրել․ ո՞վ է մերժել և ինչո՞ւ

COP17-ի կանաչ գոտում Արցախի կազմակերպություններին տաղավար չեն տրամադրել․ ո՞վ է մերժել և ինչո՞ւ

«Արցախ միություն» կազմակերպությունը սեպտեմբերին դիմել է COP17-ի կանաչ գոտում տաղավար ունենալու համար, սակայն մերժում է ստացել՝ առանց պատճառաբանության․ ABC Media-ի հետ զրույցում ասաց կազմակերպության նախագահ Արտակ Բեգլարյանը՝ հավելելով, որ առնվազն ևս մեկ արցախյան կազմակերպության նույնպես տաղավար չեն տրամադրել։ Ենթադրում է՝ մերժման պատճառներից մեկը կարող էր լինել Արցախի թեման։

«Որևէ հիմնավոր փաստ չունեմ, թե ով է մերժել և ինչու։ Միայն կարող եմ ենթադրել, որ Արցախի թեմատիկան կարևոր գործոններից մեկն է եղել մերժում ստանալիս, առավել ևս, որ իմ տեղեկություններով՝ որևէ արցախյան հասարակական կազմակերպություն տաղավար չի ստացել, և սրանից ելնելով էլ լրացուցիչ կարող ենք կասկածներ ունենալ, որ Արցախի թեմատիկան վճռորոշ ազդեցություն է ունեցել»,- ասաց Բեգլարյանը։

Նրա խոսքով՝ տեղյակ չեն, թե կոնկրետ ով և ինչ ընթացակարգով է որոշել մերժել հայտը։ Չեն կարող հստակ ասել՝ ինչ դեր են ունեցել Հայաստանի պետական մարմինները որոշումների կայացման գործընթացում։

Ի՞նչ էին պատրաստվում ներկայացնել COP17-ում

Կազմակերպության ներկայացրած հայեցակարգով՝ տաղավարում նախատեսվում էր ներկայացնել Արցախի կենսաբազմազանությունը, բնության հետ կապված արցախցիների ավանդույթներն ու սովորույթները, ինչպես նաև ոչ նյութական մշակութային ժառանգությունը։

Նախատեսվում էր անդրադառնալ նաև Ադրբեջանի օկուպացիայի հետևանքով արցախցիների բռնի տեղահանությանը, վերադարձի իրավունքի չիրացմանը և Արցախի բնական ու մշակութային լանդշաֆտներին հասցված վնասներին։

«Բնիկ ժողովուրդը բռնի տեղահանվել է ադրբեջանական ցեղասպանական հանցագործության հետևանքով, օկուպացիայի ներքո։ Ռազմական ագրեսիաների ժամանակ բազմաթիվ հանցագործություններ են տեղի ունեցել կենսաբազմազանության և մշակութային լանդշաֆտի հանդեպ, մինչև հիմա դրանք շարունակվում են։ Առանց բնիկ ժողովրդի՝ Արցախի բնության բնական և մշակութային լանդշաֆտներն ամբողջական չեն»,- ասաց նա։

Բեգլարյանի խոսքով՝ կենսաբազմազանության պաշտպանության համար անհրաժեշտ է պաշտպանել նաև բնիկ ժողովուրդների իրավունքները, առաջին հերթին՝ վերադարձի իրավունքը։

Նրա պնդմամբ՝ օկուպացված տարածքներում հատվել են անտառներ, մասնակի կամ ամբողջությամբ ոչնչացվել բնակավայրեր, իսկ շինարարական աշխատանքներն առանց համապատասխան չափանիշների պահպանման լրացուցիչ վնաս են հասցրել բնական միջավայրին։ Նրա մատնանշած խնդիրների թվում են նաև զանգվածային հրդեհները, ջրային ռեսուրսների կառավարումը և Սարսանգի ջրամբարի շուրջ ստեղծված ճգնաժամը՝ շրջափակման ժամանակ։

Նա անդրադարձավ նաև ռազմական ագրեսիաների ընթացքում, իր գնահատմամբ, արգելված զինատեսակների կիրառման հետևանքներին։

 

Անի Աբաղյան

 

Ռազմագերիներ   Ռազմագերիներ