20 Հոկ
2026
24° c ԵՐԵՎԱՆ
18° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Գազի գինը կբարձրանա 69 %-ով, իսկ ՀՀ քաղաքացիները ստիպված կլինեն աշխատանքի թույլտվություն ստանալ․ ներկայացվել է ԵԱՏՄ-ից ՀՀ դուրս գալու հետևանքների մասին զեկույցը

Գազի գինը կբարձրանա 69 %-ով, իսկ ՀՀ քաղաքացիները ստիպված կլինեն աշխատանքի թույլտվություն ստանալ․ ներկայացվել է ԵԱՏՄ-ից ՀՀ դուրս գալու հետևանքների մասին զեկույցը

Եվրասիական միջկառավարական խորհրդի՝ Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանն ու Ղրղզստանը ներկայացնող անդամները ներկայացրել են Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) Հայաստանի անդամակցության կասեցման հնարավոր հետևանքների վերաբերյալ զեկույցը։

ТАСС-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնում է Ռուսաստանի կառավարության մամուլի ծառայությունը։

Զեկույցը ներառում է տեղեկատվություն Եվրամիությանը միանալու համար Հայաստանի ձեռնարկած միջոցառումների, ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի իրավական ռեժիմների համատեղելիության վերլուծություն (մասնավորապես՝ ԵԱՏՄ-ի շրջանակում Երևանի պարտավորությունները և ԵՄ անդամակցության հետ կապված նրա պարտավորությունները)։ Այն նաև տեղեկատվություն է տրամադրում Հայաստանի՝ ԵՄ-ին միանալու որոշումից բխող ռիսկերը կանխելու համար նախատեսված իրավական մեխանիզմների, ինչպես նաև ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության կասեցման հնարավոր հետևանքների գնահատման մասին։

Զեկույցը կներկայացվի Պուտինին, Լուկաշենկոյին, Տոկաևին, Ջապարովին և Փաշինյանին։

Փաստաթղթում նաև նշվում է, որ ԵԱՏՄ-ն հարցեր ունի կազմակերպության շրջանակում Հայաստանի կարգավիճակի վերաբերյալ՝ ԵՄ-ին անդամակցելու ուղղությամբ ձեռնարկված քայլերի լույսի ներքո։ Հայաստանի կողմից «եվրոպական չափանիշների» ներդրումը սպառնում է խաթարել ԵԱՏՄ մաքսային տարածքի ամբողջականությունը։

Ըստ զեկույցի՝ Հայաստանի անդամակցությունը Եվրամիությանն անհամատեղելի է Եվրասիական տնտեսական միությանը նրա մասնակցության հետ։

«Մեկ ինտեգրացիոն միավորմանը միանալը՝ պահպանելով մյուսին անդամակցությունը, ինչպես նաև արդեն իսկ ընդունված վերազգային պարտավորություններից տարբերվող իրավական ռեժիմի ներդրումն անխուսափելիորեն առաջացնում է անլուծելի իրավական կոնֆլիկտներ և անհնար է ինչպես իրավական, այնպես էլ գործնական տեսանկյունից», - նշվում է փաստաթղթում։

Կանխատեսումների համաձայն՝

  • ԵԱՏՄ-ին մասնակցության կասեցումը կհանգեցնի ՀՀ տնտեսական ցուցանիշների վատթարացմանը։ ԵԱՏՄ անդամ պետությունների հետ Հայաստանի ընդհանուր ապրանքաշրջանառությունը կնվազի ավելի քան 55 %-ով․ Հայաստանից ԵԱՏՄ անդամ երկրներ ապրանքների արտահանումը կնվազի ավելի քան 65 %-ով, մինչդեռ ԵԱՏՄ անդամ պետություններից ապրանքների ներմուծումը կնվազի գրեթե կիսով չափ։
  • Հայաստան գազի ներմուծման գները կաճեն 69 %-ով՝ հասնելով տարեկան 657․5 մլն դոլարի։
  • Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) Հայաստանի անդամակցության կասեցումը կհանգեցնի նրա ՀՆԱ-ի 15.6%-ով անկման։
  • Հայաստանի անդամակցության կասեցման հետևանքով կսահմանվեն աշխատուժի քվոտաներ ՀՀ քաղաքացիների համար, և աշխատանքի թույլտվություններ ստանալը կդառնա անհրաժեշտ։
  • Բացի այդ՝ կթանկանան նաև երկաթուղային բեռնափոխադրումները։ Այն կհանգեցնի նաև արտադրանքի սանիտարական և անասնաբուժասանիտարական լիարժեք վերահսկողության։

«Միևնույն ժամանակ՝ Բելառուսի Հանրապետությունը, Ղազախստանի Հանրապետությունը, Ղրղզստանի Հանրապետությունը և Ռուսաստանի Դաշնությունը, հարգելով Հայաստանի Հանրապետության ժողովրդի իրավունքը՝ ինքնուրույն որոշելու, թե արդյոք մասնակցելու են որոշակի միություններին և ինտեգրացիոն միավորումներին, հետաքրքրված չեն ԵԱՏՄ-ից Հայաստանի Հանրապետության դուրս գալով», - նշվում է զեկույցում:

Ռազմագերիներ   Ռազմագերիներ