
Արտաքին պետական պարտքից 3 անգամ ավելի շատ գումար կա մեր բանկային համակարգում՝ ավանդների տեսքով, ինչը մտահոգիչ է․ տնտեսագետ
ՀՀ պետական պարտքը բաղկացած է երեք բաղադրիչներից՝ ներքին պետական պարտք, արտաքին պետական պարտք և երրորդը՝ կառավարության և կենտրոնական բանկի պարտքերը․ ABC media–ի հետ զրույցում անդրադառնալով Հայաստանի պետական պարտքի իրական չափին՝ ասել է տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը։
Տնտեսագետը համաձայն չէ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի այն պնդմանը, թե Հայաստանի պարտքը կազմում է ընդամենը 5,4 մլրդ դոլար։ Պապոյանը ներքին պարտքը պետական չի համարում, ասում է՝ նույնն է, թե ընտանիքի անդամները իրար պարտք լինեն։
«Դա էլ միտումնավոր է արված, որպեսզի ընդհանուր պատկերը աղավաղվի և մենք ընդհանուր պատկերացում չունենանք, այսինքն՝ Կենտրոնական բանկը կարող է բավական մեծ գումարներ փոխառել արժույթի միջազգային հիմնադրամից, օրինակ՝ կայունացման համար, փոխարժեքների, պահուստները համալրելու և այլն, բայց դա չգնահատվի ընդհանուրի մեջ»,-ասել է Մանասերյանը։
Տնտեսագետն ասում է՝ շատ է լսել, որ մտահոգիչ են համարում արտաքին պարտքի չափը, բայց մտահոգիչն այլ բան է։ «Մտահոգիչ է թափանցիկությունն ու արդյունավետությունը, օգտագործման և կառավարման ռիսկերի սպասարկումը, դրանք ավելի լուրջ հարցեր են։ Ուզում եմ նաև մի թիվ ասել, արտաքին պետական պարտքից ուղիղ երեք անգամ ավելի շատ գումար մենք ունենք մեր բանկային համակարգում՝ ավանդների տեսքով։ Իսկ դա շատ վտանգավոր ցուցանիշ է, նշանակում է՝ մենք ունենք ազատ ֆինանսական ռեսուրսներ, ժամանակավորապես ազատ, բայց պետությունը կամ պատկան մարմինները չեն կարողանում գրավիչ պայմաններ ստեղծել նշված ռեսուրսները շրջանառության մեջ դնելու կամ ծառայեցնելու համար։ Այսինքն՝ այն պայմանները, որով կարելի է փող վերցնել սեփական ժողովրդից՝ ներքին պարտքի համար, ձեռնտու չէ, որովհետև վստահություն չկա, մարդիկ չեն վստահում պետությանը և գերադասում են մասնավոր բանկերում ավանդներ ունենալ, դրանից եկամուտներ ձեռք բերելր»,-ասել է մասնագետը։
Մանասերյանը պետական պարտքի նվազեցման համար լուծումներ է առաջարկում․ նախ հստակ նպատակներ դնել ու առաջնահերթություններ ունենալ։ «Ինչի՞ համար են վերցնում պետական արտաքին ու ներքին պարտքը, այսինքն՝ պարտատոմսերը, որ թողարկվում են, ի՞նչ է անում պետությունը դրանով, ի՞նչ նպատակներ է հետապնդում։ Կամ արտաքին պարտքը, որ փոխառու միջոցներ ենք վերցնում միջազգային կառույցներից, արտերկրի կառավարություններից, դա ինչի՞ համար է։ Ընթացքում որքանո՞վ ենք մենք հաշվետու ժողովրդին, ո՞ւմ փողերով, հարկերով, այսինքն՝ սպասարկո՞ւմ ենք այդ պարտքը, որքանո՞վ է արդյունավետ սպասարկվում։ Բազմաթիվ են այդ հարցերը։ ՀՀ Սահմանադրությունը և պետական պարտքի մասին օրենքը սահմանում է հստակ դրույթներ առ այն, որ Կառավարությունը պետք է հիմնավոր պատճառներ ունենա ներկայացնելու պարտքի ենթակա գումարը նախ Կառավարությանը, հետո Ազգային ժողովին, ներկայացուցչական մարմնին, ստանա հավանություն՝ այս կամ այն աղբյուրից պարտք վերցնելու համար, նոր գնա բանակցություններ վարելու Արժույթի միջազգային հիմնադրամի, Համաշխարհային բանկի այլ աղբյուրների հետ, որից հետո նոր արդեն կարողանա բերել երկիր, դա օգտագործել և առնվազն եռամսյակը մեկ հաշվետվություն ներկայացնել ժողովրդին՝ ասելով, որ այս ծախսերն են կատարվել և նաև ցույց տա այն աղբյուրները, որով պետք է կառավարվի պետական պարտքը»։
Մանասերյանի համոզմամբ՝ ամեն ինչ լղոզված է և ազգաբնակչությունը, հարկատուն տեղյակ չէ, իրազեկ չէ։
«Այսինքն՝ դուք չեք կարող մեկից գումար վերցնել, գնալ կազինո, խաղալ և իրեն չասել, թե ինչքան պարտվեցիք, ինչքան շահեցիք և այլն։ Ուզում եմ շեշտել, որ սա նոր երևույթ չէ և արդարացի չի լինի ասել, որ միայն այս իշխանությունն է այդպես վարվում։ Անկախության տարիներին, ցավոք սրտի, այդ մշակույթը չձևավորվեց, որպեսզի իշխանությունները կարողանան հստակ հաշվետու լինեն նախ ժողովրդին, երկրորդը՝ ընթացակարգերը պահպանեն և հետևեն օրենսդրության տառին։ Եվ դրա համար այս ժառանգած ավանդույթները ավելի զարգացվեցին ներկայիս իշխանությունների կողմից։ Բնական է, որ պիտի այդպիսի լպիրշ կամ անգրագետ արտահայտություններ էլ լսենք նախարարից, տգետ խոսքեր, որ դա պետական պարտք չէ, դա պարտք չէ ընդհանրապես և այլն, և այլն։ Այսինքն մենք ստանում ենք այն, ինչին արժանի ենք իբրև հանրույթ, իբրևպետություն»,-եզրափակել է Թաթուլ Մանասերյանը։