
Թրամփը բացառիկ հնարավորություն ունի անելու այն, ինչ չկարողացավ անել նախագահ Բայդենը՝ պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին
«Քամալա Հարիսը ոչինչ չարեց, երբ 120,000 հայ քրիստոնյաներ սարսափելի հալածվեցին և բռնի տեղահանվեցին Արցախից: Աշխարհի քրիստոնյաները ապահով չեն լինի, եթե Քամալա Հարիսը լինի Միացյալ Նահանգների նախագահը»,-այս հայտարարությունը Դոնալդ Թրամփն արել է իր Truth Social հաշվում անցած հոկտեմբերին՝ ԱՄՆ նախագահական արշավի թեժ ժամանակ: Դա Թրամփի փորձն էր գրավել քրիստոնյաների բարեհաճությունը:
«Ի տարբերություն Թրամփի այլ հայտարարությունների, որոնք հաճախ կարող են հակադրվել տրամաբանությանը և բարոյականությանը, նրա գնահատականը, թե ինչ է կատարվում հայ ժողովրդի հետ, միանշանակ ճիշտ է։ Ադրբեջանը վերջին չորս տարին անցկացրել է փորձելով ջնջել Հայաստանը և նրա գոյությունը Հարավային Կովկասում», – գրել է հաղորդակցության ստրատեգ Ստեֆան Պեչդիմալջինը՝ News Week–ի համար:
Ընդգծվել է, որ դա սկսվել է 2020 թվականի աշնանը, երբ Ադրբեջանն ապօրինի պատերազմ է սկսել Հայաստանի դեմ, իսկ ավելի քան 120,000 հայերի տեղահանումը տարածաշրջանից հայերի ամենամեծ տեղահանումն էր 1915 թվականի Հայոց ցեղասպանությունից ի վեր: Հեղինակի խոսքով՝ Բաքուն իրականացնում է նաև հայկական եկեղեցիների, վանքերի, խաչքարերի և հազարամյակներ շարունակ կանգուն մնացած պատմական վայրերի մշակութային ջնջում։
Ինչպես նկատել է հոդվածագիրը, Ադրբեջանը նաև փորձել է ահաբեկել և սպառնալ Հայաստանի հետ խաղաղության անբարեխիղճ համաձայնագիր կնքելու համար՝ միաժամանակ դավադրելով Թուրքիայի՝ իր առանցքային դաշնակցի հետ Հայաստանից խլել ինքնիշխան հողերը, այդ թվում՝ «Զանգեզուրի միջանցքը», որը երկու երկրների միջև կարևոր առևտրային ուղի է: Առավել տագնապալի է եղել Բաքվից հնչող լեզվի տեսակը։ Վերջին ելույթներում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կեղծ պնդում էր, թե Հայաստանն իրենց պատմական հողն է՝ այն անվանելով «Արևմտյան Ադրբեջան»: Սա հետևում է ատելության հռետորաբանության անհանգստացնող օրինաչափությանը, որտեղ նավթային դիկտատորը նման ռևանշիստական փաստարկներ է ներկայացրել և նույնիսկ պնդել, թե Երևանը՝ Հայաստանի մայրաքաղաքը, պատկանում է Ադրբեջանին:
«Մենք տեսել ենք, որ այս ատելությունն իրականացվել է հայ ռազմագերիների նկատմամբ դաժան վերաբերմունքի և խոշտանգումների, ինչպես նաև գերի ընկած հայ զինվորների բացահայտ մահապատժի միջոցով: Եվ այս տարվա սկզբին Ադրբեջանը սկսել է իր կեղծ դատավարությունները հայ քաղբանտարկյալների, այդ թվում՝ բարերար և Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի նկատմամբ՝ չնայած իրավապաշտպանների և իրավաբանների կողմից նրանց անմեղության մասին հայտարարություններին», – նշվել է հոդվածում:
Շեշտվել է, որ Բայդենի՝ ԱՄՆ նախկին նախագահի անկարողությունն Ադրբեջանին պատասխանատվության ենթարկել իր ռազմական հանցագործությունների և վայրագությունների համար, բիծ կլինի նրա ժառանգության վրա: Նրա լռությունն ու անտարբերությունը շատ առումներով կանաչ լույս են տվել Ադրբեջանին անպատիժ գործելու։ «Ահա թե ինչու նախագահ Թրամփը բացառիկ հնարավորություն ունի անելու այն, ինչ չկարողացավ անել նախագահ Բայդենը՝ պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին։ Սկզբի համար նա կարող է պահպանել Ազատության աջակցության ակտի 907-րդ բաժինը, որն արգելում է ցանկացած տեսակի արտաքին օգնություն Ադրբեջանի կառավարությանը, ինչից Բայդենը հետևողականորեն հրաժարվում էր իր վարչակազմի ընթացքում՝ չնայած ադրբեջանական շարունակվող ագրեսիային: Նա կարող է շարունակել ԱՄՆ–ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը, որը պաշտոնապես ճանաչվում է 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը: Նա կարող է պահանջել անհապաղ ազատ արձակել բոլոր հայ քաղբանտարկյալներին, ովքեր անօրինական և անարդարացիորեն պահվել են առանց պատշաճ ընթացակարգի, ինչպես նաև անվերապահ ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին, ովքեր ներկայումս գտնվում են ադրբեջանական բանտերում: Թրամփը կարող է ավելի շատ թափանցիկություն և անձնական ներգրավվածություն բերել խաղաղության հաստատման գործընթացին, որը մինչ այժմ ըստ էության՝ անտեսված է Սպիտակ տան կողմից: Թրամփը կարող է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա, որպեսզի այն դադարեցնի իր կրոնական հալածանքները Արցախում հայկական հնությունների և սրբավայրերի նկատմամբ, ինչպես նաև կշտամբի պատմական ռևիզիոնիզմի բոլոր ձևերը, որոնք կարող են օգտագործվել որպես պատրվակ ապագայում հայկական ինքնիշխանության վրա հարձակումների համար:
Նա կարող է պահանջել Հայաստանից հեռացնել ադրբեջանական ուժերին և հայերին վերադարձնել Արցախ։ Նախագահ Թրամփն ասել է, որ ցանկանում է լինել խաղաղարար և դադարեցնել բոլոր պատերազմներն իր երկրորդ վարչակազմի օրոք։ Նա կարող է սկսել՝ հարգելով Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու իր նախընտրական խոստումը և դադարեցնել հայ ժողովրդի դեմ ուղղված բռնությունը: Չի կարող լինել խաղաղություն առանց պատասխանատվության», – ամփոփել է հոդվածագիրը: