
Թուրքիայի փոխնախագահն արդեն «Զանգեզուրի միջանցքի» գրավչությունն է գնահատում
Միջին միջանցքի զարգացումը չափազանց կարևոր խնդիր է․ Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը հայտարարել է Թուրքմենստանի նախարարների կաբինետի փոխնախագահ Նոկերգուլի Աթագուլիևի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։
Նա նշել է, որ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու արդյունավետության բարձրացում և «Զանգեզուրի միջանցքի» բացումը Միջին միջանցքն էլ ավելի գրավիչ կդարձնեն։ Նա նաև ընդգծել է, որ շարունակվում են աշխատանքները Թուրքիայի տարածքով եվրոպական և համաշխարհային շուկաներ թուրքմենական գազի մատակարարման ուղղությամբ։ Միջին միջանցքը բազմամոդալ երթուղի է, որը 2013-ին նախաձեռնել են Ադրբեջանը, Վրաստանը, Ղազախստանը և Թուրքիան՝ բազմակողմ համագործակցության միջոցով բարելավելու հաղորդակցությունը և Արևելք-Արևմուտք առևտուրը: Ադրբեջանն ու Թուրքինան ցանկանում են բացել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը», որը պետք է անցնի ՀՀ-ի Սյունիքի մարզով։ Տվյալ միջանցքին դեմ է ՀՀ-ն, քանի որ այն, ըստ էության, պետք է լինի արտատարածքային և խաթարի ՀՀ ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։