
Մի օր հայ ժողովրդի անդառնալի ցասմանն են արժանանալու Բաքվում պահվող հայորդիների հարցը անտարբերության մատնելու համար. Թանդիլյան
Երեկ ու այսօր Հայաստանի պաշտոնյաները, ներառյալ Նիկոլ Փաշինյանը, հասկանալով, որ մի օր հայ ժողովրդի անդառնալի ցասմանն են արժանանալու Բաքվում պահվող հայորդիների հարցը անտարբերության մատնելու համար, փորձ են անում նորից թմրեցնել ու մոլորեցնել հայ հանրությանը, ասելով, թե՝ անում ենք, արդյունք չի տալիս. այս մասին գրել է «Ապրելու երկիր» կուսակցության հիմնադիր Մանե Թանդիլյանը:
«Մի կողմ թողնելով անթաքույց ապիկարության ինքնախոստովանության խորքային պատճառները՝ մարդկանց մոտ, ովքեր վաղուց արդեն ոչ պողոս են, ոչ համբալ են, ոչ տուգանքի մատերիալ են ու ոչ էլ՝ վերջերս պարզվեց, հաչող շներ, հարց է առաջանում․ էդ ի՞նչ անտեսանելի «ջանքեր» են, որոնք երեկոյան գործադրում եք, իսկ առավոտյան ինքներդ ձեր «ջանքերը» ջրում՝ հայտարարելով, թե «ո՞վ նրան գործուղեց ՀՀ, գործուղեց ԼՂ», որով հօդս եք ցնդեցնում ձեր իբր թե գործադրած ջանքերը և նոր հնարավորություններ ընձեռում Բաքվի ռեժիմին հատորներով նոր հոդվածներ ավելացնել Ռուբենի և Հայաստանի Հանրապետության վրա։ Ձեզ ի՞նչ է թվում, ինչքան երկար կարելի է մարդկանց անուղեղի տեղ դնել։ Դուք անհարմար չե՞ք զգում։ Ավելորդ եմ համարում հղում անել փաստաբանական թիմի այն հայտարարություններին, որով ուղղակի թե անուղղակի պարզ է դառնում ձեր անգործությունը։ Չեմ էլ խոսում այն մասին, որ մեզ միջազգային հանրությանը տրված ազդակները հետևյալի մասին են․ եթե ձեր իշխանությունն ոչինչ չի անում, մենք ինչ և ինչու պետք է անենք։
Լավ, թող ես սխալվեմ, երջանիկ լինեմ, եթե այդպես լինի։ Կոնֆիդենցիա՞լ է, չե՞ք կարող հրապարակային անել, շատ մտահո՞գ եք, որ կվնասեն ձեր հայտարարությունները․․․
Որ վնասում են, դրանով մտահոգ չեք, բայց որ ասեք՝ ինչ եք անում, դրանով կվնասեք՝ մտահոգ եք։
Լավ, դա էլ թող այդպես լինի։ Բա ո՞վ է ձեզ խանգարում հրավիրել այդ 23 ընտանիքների ներկայացուցիչներին, ու հաշվետվություն ներկայացնել, թե այս ավելի քան 500 օրվա ընթացքում քանի անգամ և ինչ գործիքներով, միջոցներով եք «ջանք» գործադրել։ Բացատրեք այդ մարդկանց, թե չեք վնասել Բաքվում պահվող մեր հայրենակիցների ձեր հրապարակային անամոթ հայտարարություններով, այլ օգնել եք, «ջանք» եք գործադրել․․․
Մի ծաղրեք մտածող մարդկանց ուղեղները, գոնե լռեք, ուղղակի լռեք, դա գոնե կարողանում եք, երբ ցանկանում եք»,- գրել է նա։