
Բաքվի ցուցակում պաշտոնաթող նախագահներից բացի կարող են հայտնվել նաև Արցախում ծառայած մեր հայրենակիցները. Հայկ Մամիջանյան
Բաքվի ցուցակում վստահաբար կան և՛ պաշտոնաթող նախագահները, և՛ ռազմական էլիտան՝ ABC media-ին ասել է «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը` անդրադառնալով Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևի հայտարարությանը, թե «իրական խաղաղության» համար Հայաստանը պետք է հանձնի «ռազմական հանցագործությունների մեջ մեղադրվողներին:
«Իրենց ցուցակում հայտնվելու են նաև բոլոր այն մեր հայրենակիցները, որոնք տարբեր տարիներին թեկուզ ժամկետային ծառայություն են անցել Արցախում։ Սա մի քանի երևույթի արդյունք է՝ նախ Փաշինյանի հակապետական և Ադրբեջանի բոլոր պահանջները կատարելու քաղաքականության։ Երկրորդը հնչող հայտարարություններին պատասխան չուղարկելն է։ Երբ նման բաներին չես արձագանքում, հավանաբար Ադրբեջանի մոտ առաջանում է կարծիք, որ դա իրատեսական է։ Չպատասխանելը սպասելիքներ է ձևավորում, որ Փաշինյանը Հայաստանի Հանրապետությունում դատական համակարգի միջոցով քաղաքական ճնշումների կենթարկի պաշտոնաթող նախագահներին, մյուս քաղաքական ընդդիմախոսներին և պատրաստ կլինի իրենց հանձնել Ադրբեջանին»,- ասել է Մամիջանյանը։
Պատգամավորը հիշեցրել է 2024 թվականի դեկտեմբերին Ադրբեջանի գլխավոր դատախազության կոչը՝ Հայաստանի դատախազությանը միասին համագործակցելու, Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի մեղադրանքի լրացման և Արցախի ռազմական-քաղաքական գործիչների դեմ շինծու գործերը դատարան ուղարկելու մասին։ Հայաստանի դատախազությունը չի արձագանքել։
Հայաստանի լռությունը գուցե գործողությամբ պատասխանելու համա՞ր է հարցին Մամիջանյանը արձագանքել է. «Ես վաղուց արդեն դադարել եմ Հայաստանի, այսպես կոչված, կառավարիչների գործողությունները կանխատեսելուց կամ ենթադրելուց, որովհետև դրանք տրամաբանության սահմաններում չեն կատարվում»: