21 Մար
2025
8.3° c ԵՐԵՎԱՆ
-1.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Կարսի պայմանագրի նախապատմությունը․ մաս 3

Կարսի պայմանագրի նախապատմությունը․ մաս 3

Genesis Armenia ուղեղային կենտրոնը հրապարակել է քգթ Աբրահամ Գասպարյանի և պատմաբան Արմեն Սարգսյանի՝ «Կարսի պայմանագրի նախապատմությունը» վերնագրով հոդվածի երրորդ մասը (առաջին մաս, երկրորդ մաս), որը ներկայացնում ենք ստորև․

Մաս երրորդ

Մոսկվայի պայմանագրի կնքումից անմիջապես հետո Թուրքերը խախտեցին այն և հրաժարվեցին զորքերը դուրս բերել Ալեքսանդրապոլից։ Գ․ Չիչերինը բողոքի նոտա հղեց Մոսկվայում Թուրքիայի դեսպանին  և պահանջեց, որ թուրքերն անհապաղ դուրս գան Ալեքսանդրապոլից։ Նոտայում  ասվում էր․ «Թույլ եմ տալիս ձեզ հիշեցնել, որ Ալեքսանդրապոլի պայմանագիրը կնքվել է դաշնակցական կառավարության կողմից այն պահին, երբ արդեն հռչակված էր Հայաստանի սովետական կառավարությունը, և որ դա վավերացված չէ, և ըստ այդ պայմանագրի, դրա գործողության մեջ դնելու պայմանը մեկ ամսում վավերացնելն էր»։ Շեշտենք, որ Ալեքսանդրապոլի պայմանագիրն այդպես էլ չի վավերացրել նաև Թուրքիան:  Թուրքերը ստիպված 1921թ․ ապրիլի  22-ին, այս անգամ ռուսների վճռական ճնշումով,  հեռացան Ալեքսանդրապոլից՝ ավերելով այն։

Մոսկվայի պայմանագրի կնքումից հետո սա թուրքերի միակ խախտումը չէր: Այսպես,  պայմանագրի կնքումից մի քանի օր անց՝ 1924թ․ մարտի 24-ին,  Ռուսաստանի արտաքին գործերի ժողկոմ Գ․Չիչերինը ՌԿ(բ)Կ կենտկոմին  զգուշացրեց, որ թուրքերը կարող են հավելյալ զիջումներ կորզել հանրապետություններից, նշելով` «Մոսկվայում թուրքական պատվիրակությունը կտրականապես մերժեց մեր առաջարկը կովկասյան պատվիրակությունների հետ ընդհանուր կոնֆերանս գումարելու վերաբերյալ։ Ակնհայտ է, որ թուրքերը ցանկանում են Թիֆլիսում՝ մեր անմիջական ազդեցությունից դուրս, հասնել լրացուցիչ արդյունքների»։ Խորհրդային Հայաստանի արտաքին գործերի ժողկոմ Ալ․ Բեկզադյանի կարծիքը համընկնում էր Գ․Չիչերինի կարծիքին, որ թուրքերը չպիտի անդրկովկասյան երեք հանրապետությունների հետ առանձին-առանձին պայմանագիր կնքեն, այլ պետք է ընդհանուր խորհրդաժողով հրավիրել և կնքել պայմանագիր։ Այսօր կարծես նույն իրավիճակն է ստեղծված Հայաստանի համար։  Ադրբեջանը պահանջում է  Հայաստանի հետ «խաղաղության» պայմանագիրը կնքել  առանձին` առանց միջնորդների, այնպես, ինչպես Թուրքիան Մոսկվայի պայմանագրից հետո, այն դեպքում, երբ Հայաստանի իշխանությունն  իր թույլ կեցվածքով  կատարում է Ադրբեջանի բոլոր պահանջները, և զարմանալիորեն համաձայն է առանց միջնորդության կնքել խաղաղության պայմանագիր։

Ինչևէ, 1921թ․ մայիսին Խորհրդային Հայաստանի կառավարությունը փոխվեց, նոր կառավարության Արտաքին  գործերի ժողկոմ նշանակվեց Ասքանազ Մռավյանը։ Տեսակետ կա, որ այս փոփոխության հիմնական պատճառը Ա․ Բեկզադյանի վերաբերմունքն էր Մոսկվայի պայմանագրին։

Մոսկվայի պայմանագրի 15-րդ հոդվածում  նախատեսված  Թուրքիայի և անդրկովկասյան խորհրդային հանրապետությունների միջև   պայմանագրեր  կնքելու անհրաժեշտությունը,  թե Ռուսաստանը և թե Թուրքիան հասկանում էին, որ առանց դրա չի բացառվում հետագայում միջազգայնորեն  Մոսկվայի պայմանագրի չեղյալ հայտարարելը։ Անդրկովկասյան հանրապետությունների հետ կնքված այդ պայմանագիրը հայտնի դարձավ Կարսի պայմանագիր անունով։

Արդարությունը պահանջում է ասել, որ մինչ Կարսի պայմանագիրը ՀԽՍՀ իշխանությունները ձեռնամուխ եղան նախապատրաստական աշխատանքների: 1921թ․ օգոստոսի 21-ին  Երևանում գումարվում է Հայաստանի Կոմկուսի ԿԿ նիստը, որը քննարկում և ամփոփում է հայկական կողմի պահանջները և ընդհանրացնում առանձին հուշագրով։ Հուշագրի քաղաքական բաժնում նշված է, որ անհրաժեշտ է սահմանային շտկումներ անել Սուրմալուի հատվածում՝ նկատի ունենալով հիմնականում Կողբի աղահանքերով հարուստ շրջանը։ Հայկական կողմը հույս ուներ, որ այդ հատվածը կանցնի Խորհրդային Հայաստանին։  «Կողբը միակ վայրն է, որտեղից Հայաստանը կարող է աղ ստանալ՝ առանց շահագործման համար անհրաժեշտ հատուկ միջոցների։ Աղը Հայաստանի տարածքի միակ վալյուտային ապրանքն է, որը կարող է արտասահմանյան ապրանքափոխանակության հնարավորություն տալ»։ Հուշագրում արձանագրվում է, որ  Նախիջևանի մարզի ստեղծումով և այն Ադրբեջանին հանձնելով Հայաստանը կորցնում է ցամաքային կապը Սյունիքի, Վայոց ձորի,  նաև Իրանի հետ։

Տարածքային մյուս պահանջը վերաբերում է Արփայի չեզոք գոտուն, որը հայերը հույս ունեին «ընդլայնել և այնտեղ ներդնել հայ-թուրքական խառը վարչարարություն»։ Հավանաբար, հայկական կողմը նկատի ուներ Անի քաղաքի ավերակները, որը քննարկվեց Կարսի պայմանագրի ժամանակ, բայց հուշագրում կոնկրետ չէր նշվում։

Տնտեսական բաժնում հայկական կողմը հույս ուներ, որ իրավունք կստանա  շահագործելու Օլթիի քարածխի և Կաղզվանի մկնդեղի հանքերը՝ Թուրքիային համապատասխան վճարումներ անելով։ Հայաստանի համար մեծ նշանակություն ուներ նաև Սուրմալուի անտառների տնօրինումը, քանի որ «այն միակ շինանյութն էր Հայաստանի համար»։ Հայկական կողմը առաջարկում էր անտառների պահպանությունը կազմակերպել  համատեղ ուժերով։

Կարսի պայմանագիրը։ 1921թ․ սեպտեմբերի 23-ից հոկտեմբերի 13-ը Կարսում, մի կողմից՝ Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների ներկայացուչիցների և մյուս կողմից՝  Թուրքիայի Ազգային Մեծ Ժողովի ներկայացուցիչների միջև  ՌՍՖՍՀ-ի մասնակցությամբ տեղի ունեցավ խորհրդաժողով, որտեղ Թուրքիան վերստին պահանջեց  առանձին պայմանագրեր կնքել անդրկովկասյան հանրապետությունների հետ։ Հասկանալի է, որ այդ պահանջը ուղղված էր հիմնականում Հայաստանի դեմ։ Բայց Անդրկովկասյան հանրապետությունները Մոսկվայի հրահանգով մերժեցին թուրքերի առաջարկը։

1921թ․ հոկտեմբերի 13-ին մի կողմից՝ Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, մյուս կողմից՝ Թուրքիայի միջև Կարսում կնքվեց «բարեկամության պայմանագիր», որտեղ հիմնականում կրկնվում էին ռուս-թուրքական Մոսկվայի պայմանագրի հիմնական դրույթները։ Կողմերը չեղյալ հայտարարեցին միմյանց միջև կնքված բոլոր պայմանագրերը, բացի Մոսկվայի պայմանագրից։ Կարսի պայմանագրով պատմության գիրկն անցավ նաև Ալեքսանդրապոլի պայմանագիրը։

Կարսի բանակցություններում քննարկվեց նաև Անիի ավերակների տարածքը Հայաստանին անցնելու հարցը,  բայց ձևակերպման մեջ կողմերը համաձայնության  չգալով՝ որոշեցին թողնել Մոսկվայի պայմանագրի դրույթները։

5-րդ հոդվածով դուրս էր թողնվում Մոսկվայի պայմանագրի այն ենթակետը, որ Ադրբեջանը Նախիջևանի «խնամակալությունը չի զիջի մի երրորդ պետության»։ Սա հույս ներշնչեց, որ հետագայում հնարավոր կլինի Նախիջևանը վերադարձնել Հայաստանին, մանավանդ, որ խնդիրը դառնում էր Խորհրդային Հանրապետության ներքին վարչատարածքային փոփոխության հարց, և Թուրքիան այլևս իրավասու չէր որևէ կերպ միջամտելու Նախիջևանի հետագա ճակատագրին։

Սակայն, ցավոք, 1924թ․ փետրվարի 9-ին ինքնավար հանրապետության կարգավիճակով Ադրբեջանի խորհուրդների Կենտգործկոմը որոշում կայացրեց, որով Նախիջևանը ներառվեց Ադրբեջանի ԽՍՀ կազմում։

Կարսի պայմանագրով վավերացվեց մարտի 16-ի Մոսկվայի պայմանագրով Հայաստանի տարածքները Թուրքիային հանձնելու ակտը։ Կարսի կոնֆերանսում  Հայաստանի համար որևէ հարց չլուծվեց, այն գրեթե կրկնեց Մոսկվայի մարտի 16-ի որոշումները, միայն ավելացավ Հայաստանի ներկայացուցչի ստորագրությունը: Կա նաև մի նրբություն, որին  շատերը ուշադրություն չեն դարձնում: Կարսի պայամանագրի անմիջական արդյունքներից էր հայ ռազմագերիների հարցի լուծումը (հոդված 16), որոնք ենթակա էին վերադարձման, և շուտով ՀՍԽՀ արտգործժողկոմատը հայտնեց 688 գերիի վերադարձի մասին, իսկ հիմա դա չի դրվում նախատեսվող «խաղաղության» պայմանագրի հիմքում։  Կարսի պայմանագրով, ի տարբերություն Մոսկվայի պայմանագրի, Հայաստանի ԽՍՀ-ին է անցնում նաև Նախիջևանի ինքնավար շրջանի հատվածում  մի փոքր տարածք։

Կարսի պայմանագիրն ունեցավ միայն բացասական նշանակություն: Հայաստանին պարտադրվեց ստորագրել մի պայմանագիր, որը նրանից խլում էր սեփական տարածքները: Խորհրդային Ռուսաստանը հայ ժողովրդի շահերը զոհաբերեց հանուն իր արևելյան քաղաքականության ու սին համաշխարհային  սոցիալիստական հեղափոխության: Ս. Լուկաշինը նշել է, որ Կարսի պայմանագիրը՝ «դա գրեթե նույն Ալեքսանդրապոլի պայմանագիրն է»: Խորհրդային Հայաստանը Կարսի պայմանագիրը վավերացրեց 1922թ. մարտի 20-ին:  Մուստաֆա Քեմալը այդ առիթով հայտարարեց, որ «այսպես կոչված Հայկական հարցը Կարսի պայմանագրով գտավ իր ամենաճիշտ լուծումը»։

Շարունակելի

Ռազմագերիներ