
Վիլեն Գաբրիելյանը վայր է դնում մանդատը
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Վիլեն Գաբրիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ տեղեկացնելով մանդատը վայր դնելու որոշման մասին:
«Քաղաքական գործընթացներում առանցքային դեր ունի քաղաքական պատասխանատվություն կրելու մշակույթը, իսկ դրա համար էլ համապատասխան կամք ու վճռականություն է պետք, որը ես միշտ տիրապետել եմ:
«Անցած կիրակի Գյումրի քաղաքում իմ մասնակցությամբ այսպես ասած միջադեպերը համարում եմ ոչ վայել Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավորի վարքին: ԱԺ պատգամավորն իր առաքելությունում պարտավոր է չդրսևորել անհարկի վարքագիծ:
Ըստ այդմ՝ բոլորիցդ հրապարակային հայցում եմ ներողություն և պաշտոնապես հայտարարում եմ, որ վայր եմ դնում ԱԺ պատգամավորի մանդատս: Դիմումը այսօր սահմանված կարգով կհանձնեմ ԱԺ աշխատակազմ:
Միաժամանակ հայտնում եմ, որ այս պահից սկսած ինքնաառաջադրվում եմ, որպես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջիկա վարչության ընտրություններում՝ վարչության անդամի թեկնածու, քանզի ինձ համար միանշանակ է, որ մեր կուսակցությունը ունի լրջագույն առողջացման և կերպարանափոխման կարիք:
Ինչպես Սևակն ա ասում, հանուն վաղվա ճշմարտության, թող որ լինեմ այսօր սխալ»,-գրել է նա: