
ՌԴ-ում ակտիվորեն արձագանքում են ՀԱՊԿ-ի ֆինանսավորման փաստաթղթի ստորագրումից հրաժարվելու Երևանի որոշումը
ՀԱՊԿ-ի ֆինանսավորմանը նպաստելու Երևանի մերժումը հաստատում է, որ Հայաստանն անում է հնարավոր ամեն ինչ Արևմուտքի բարեհաճությունը շահելու համար, РИА Новости-ին հայտնել է Պետդումայի պաշտպանության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Ալեքսեյ Ժուրավլևը։
«Հայաստանի խորհրդարանը նույնիսկ պաշտոնական որոշում է կայացրել անդամակցել ԵՄ-ին»,- նշել է Ժուրավլևը՝ մեկնաբանելով ՀԱՊԿ-ի ֆինանսավորման փաստաթղթի ստորագրումից հրաժարվելու Երևանի որոշումը։
Նա նշել է, որ ԵՄ անդամ երկրներից ոչ մեկը չունի նման բանաձև, քանի որ այն պարզապես անհրաժեշտ չէ նույնիսկ որպես ձևականություն։
«Հիմա հրաժարվում են վճարել ՀԱՊԿ-ին, և անմիջապես հարց է առաջանում՝ երբևէ վճարե՞լ են, բաց աղբյուրներում այս մասին տեղեկություն չկա»,- հավելել է Պետդումայի պատգամավորը։ Նա նշել է, որ ՀԱՊԿ-ից հեռանալու դեպքում՝ ՀՀ-ն արագ «կլանվի» իր հարևանների կողմից, որոնք, ի դեպ, դեռ տարածքային պահանջներ ունեն Հայաստանից: «ՆԱՏՕ-ից կամ ԵՄ-ից ոչ ոք մատը չի բարձրացնի օգնելու համար»,- կարծում է Ժուրավլևը։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումը՝ հրաժարվել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ֆինանսավորումից պարտադրված է դրսից, NEWS.ru-ի հետ զրույցում նշել է Պետդումայի պատգամավոր Սերգեյ Միրոնովը։ Նրա խոսքով՝ Երևանի քայլում երևում է Արևմուտքի «ստորագրությունը»։
«Ակնհայտ է, որ Արևմուտքը չի հրաժարվել Հայաստանին օգտագործելու իր ծրագրերից Ռուսաստանի դեմ ևս մեկ ճակատ բացելու համար՝ կովկասյան տարածաշրջանում», – նշել է Միրոնովը։
Նրա կարծիքով՝ այս որոշումը տեղավորվում է Փաշինյանի կառավարության ընդհանուր քաղաքականության մեջ։ Պատգամավորը կարծում է, որ Հայաստանի վարչապետը երկիրը տանում է դեպի պատմական դաշնակիցների հետ կապերը խզելու՝ ի դեմս ՀԱՊԿ երկրների։
Պետդումայի ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի փոխնախագահ Ալեքսանդր Բորոդայը կարծում է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հակակրանքը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության նկատմամբ Ռուսաստանին օտարելու նրա քաղաքականության մի մասն է։
«Փաշինյանը, չնայած Ղարաբաղի կորստին, որի մեղքը հրաշքով իր վրայից գցեց Ռուսաստանի վրա, մոգական ազդեցություն է գործում Հայաստանի բնակչության զգալի մասի վրա», – նշել է պատգամավորը։