
Ադրբեջանը պատրաստ է աշխատել ՀՀ-ի հետ փոքր քայլերով վստահություն կառուցելու ուղղությամբ․ Ալիև
Ադրբեջանը պատրաստ է քայլեր սկսել Հայաստանի հետ վստահություն ստեղծելու համար. Բաքվում «Դեպի նոր աշխարհակարգ» միջազգային ֆորումի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
«Իհարկե, մենք չենք պատկերացնում, թե ինչպես անմիջապես կընկերանանք Հայաստանի հետ, դա անիրատեսական է: Անգամ տնտեսական ինտեգրացիայի մասին խոսելը վաղաժամ է: Բայց մենք պատրաստ ենք սկսել աշխատել փոքր քայլերով վստահություն կառուցելու ուղղությամբ»,- հայտարարել է Ալիևը:
Նրա խոսքով՝ վրացի գործընկերները վերջերս Բաքվին մի քանի նմանատիպ նախաձեռնություններ են առաջարկել։ «Մենք դրական արձագանքեցինք և սպասում ենք հայկական կողմի դիրքորոշմանը: Եթե ամեն ինչ ստացվի, ապա կարող են փոքր քայլեր անել»,- նշել է Ադրբեջանի նախագահը` որպես օրինակ բերելով լրագրողների փոխայցելությունները, ինչպես նաև անդրսահմանային գետերի թեմայով երկու երկրների համատեղ նիստերը:
Ալիևը նաև հավելել է, որ Ադրբեջանը բազմաթիվ երկրների հետ ռազմավարական գործընկերության հռչակագրեր է ընդունել, ինչը թույլ է տալիս կամուրջի դեր խաղալ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի և Եվրոպայի միջև։
«Թեև Եվրոպայում կան այնպիսիք, ովքեր կնախընտրեն Ադրբեջանին անջատել ոչ միայն այս գործընթացից, այլև՝ բաժանարար գծեր գծել Կովկասում, հատկապես Հարավային Կովկասում, բայց այդ փորձերը հաջողությամբ չեն պսակվի»,- ընդգծել է Ադրբեջանի ղեկավարը։