16 Ապր
2025
8° c ԵՐԵՎԱՆ
2.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Բարձրակարգ հաստատությունները՝ պատմության կեղծման ամբիոններ. Հայ Կաթողիկէ Առաջնորդությունը մտահոգություն է հայտնել Հռոմում կայացած գիտաժողովի առնչությամբ

Բարձրակարգ հաստատությունները՝ պատմության կեղծման ամբիոններ. Հայ Կաթողիկէ Առաջնորդությունը մտահոգություն է հայտնել Հռոմում կայացած գիտաժողովի առնչությամբ

Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի Հայ Կաթողիկէների առաջնորդ Արհ. Տ. Գևորգ արքեպիսկոպոս Նորատունկյանը խորը վրդովմունք և մտահոգություն է հայտնել օրեր առաջ Հռոմի Պապական Գրիգորյան համալսարանում տեղի ունեցած «Քրիստոնեությունը Ադրբեջանում. պատմություն և արդիականություն» խորագրով գիտաժողովի առնչությամբ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Առաջնորդության քարտուղարությունից հայտնում են, որ գիտաժողովին փորձ է արվել ուղղակի ժխտել ԼՂ-ում հայ հոգևոր և պատմական ժառանգության հայկական պատկանելությունը և վիրավորել հինավուրց հայ քրիստոնյա ժողովրդի արժանապատվությունը, այն էլ՝ քրիստոնեության համաշխարհային համբավ վայելող ուսումնական մայր կաճառներից մեկում, որը պատկանում է Հիսուսյան միաբանությանը, և Հռոմում՝ քրիստոնեության հնագույն բնօրաններից մեկում։

«Կրկնակի՛ հանդգնություն և հայ ժողովրդի նկատմամբ ատելության արգահատելի հերթական ադրբեջանական դրսևորումը: Հիսուսյան միաբանության Ընդհանուր Մեծավոր Հայր Արտուրո Սոզային ուղղված իր նամակում Արհ. Տ. Գևորգ Արքեպիսկոպոս Նորատունկյանը դատապարտել է վտանգը, որ նման բարձրակարգ ակադեմիական հաստատությունները կարող են դառնալ պատմության կեղծման ամբիոններ, որտեղ զոհերի ձայները լռեցվում են կամ խեղաթյուրվում, իսկ հայ ժողովրդի տառապանքն անտեսվում է, կամ շահագործվում»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Առաջնորդ Հայրը գրել է, որ իր ժողովուրդը ենթարկվել է դաժան տեղահանության Արցախից (ԼՂ) և երկու հազարամյա քրիստոնեկան ներկայության համակարգված ոչնչացման: Նրա խոսքով՝ յուրաքանչյուր բառ, որ լռեցնում կամ խեղաթյուրելով շահարկում է այս իրականությունը՝ վիրավորանք է, որ աղաղակում է Աստծո առաջ։

Արքեպիսկոպոսը հիշեցրել է Ֆրանցիսկոս Պապի և Հիսուսյան միաբանության հիմնադիր Սբ. Իգնատիոս Լոյոլացու խոսքերը՝ կրկնելով, որ չի կարելի խոսել երկխոսության մասին՝ թաքցնելով ճնշումները, ո՛չ էլ կրթել կշռադատության վերաբերյալ, եթե հրաժարվում ենք ճշմարտությունից։

«Հիսուսյան միաբանությունն ամբողջական սերունդներ է կրթել՝ նրանց մեջ սերմանելով ազատության և բարեխիղճ գիտակցության անքննարկելի սկզբունքները։ Այսօր, առավել քան երբևէ, միաբանությունը կոչված  է լինելու հստակամիտ առաջնորդ, մարգարեական ձայն, այլ ո՛չ թե՝ լուռ հանդիսատես», գրել է Արքեպիսկոպոս Նորատունկյանը՝ Հիսուսեան միաբանության մեծավորին և խնդրել հեղինակավոր այդ միաբանությանը վայել բծախնդրությամբ և հոգևոր եռանդով հետամուտ լինել այդ եղելության պատճառներն առավել խորությամբ ուսումնասիրելու և իր նամակին արձագանքելու համար, որովհետև խնդիրը վերաբերում է ոչ միայն հայ ժողովրդի հոգևոր և մշակութային ժառանգությանը վիրավորելուն, այլև՝ Կաթողիկէ Եկեղեցու վաստակյալ և բազում սրբերի օրրան հանդիսացող միաբանության հոգևոր նկարագրի հանդեպ ոտնձգությանը և բարի համբավին:

Արքեպիսկոպոս Նորատունկյանը համոզում ունի, որ տեղի ունեցածը չէր կարող լինել Հիսուսեան միաբանության, և առավե՛լ ևս Հռոմի Սուրբ Աթոռի, դիտավորությունը, և պատճառների մասին հստակ պատասխաններ ստանալուն պես, Առաջնորդության քարտուղարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ:

Ապրիլի 10-ին Հռոմի պապական Գրեգորյան համալսարանում Սուրբ Աթոռում Ադրբեջանի դեսպանության և ադրբեջանական որոշ կազմակերպությունների նախաձեռնությամբ տեղի է ունեցել «Քրիստոնեությունը Ադրբեջանում. պատմություն և արդի ժամանակներ» վերտառությամբ միջոցառում՝ տարբեր երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ։

Միջոցառման ընթացքում փորձ է արվել ժխտելու Հայաստանի և ԼՂ-ի պատմամշակութային ժառանգության հայկական պատկանելությունը, խեղաթյուրելու պատմական իրողությունները:

 

Ռազմագերիներ