19 Ապր
2025
17.2° c ԵՐԵՎԱՆ
9.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Արցախի իշխանությունը խիստ դատապարտում է Խաչատուր Սուքիասյանի անպատասխանատու պահվածքը

Արցախի իշխանությունը խիստ դատապարտում է Խաչատուր Սուքիասյանի անպատասխանատու պահվածքը

Արցախի տեղեկատվական շտաբը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի կողմից հնչեցրած պնդումներին։

«ՀՀ ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանն ապրիլի 17-ին լրատվամիջոցին տված հարցազրույցում հայտարարել է, թե արցախցիները 2023 թվականին չեն կռվել:

Ընդ որում, իշխանական պատգամավորը ոչ միայն սեփական թյուր կարծիքն է արտահայտել Արցախի ժողովրդի պայքարի վերաբերյալ, այլև արդարացրել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կողմից նախկինում արված հայտարարությունը, թե արցախցիները պետք է մնային և կռվեին:

Այս հայտարարությամբ Սուքիասյանը հերթական հոգեբանական ահաբեկչությանն է ենթարկել 2023 թվականի սեպտեմբերին ադրբեջանական ագրեսիան հերոսաբար դիմակայած զինծառայողներին և կամավորներին, զոհվածների, անհետ կորածների և գերեվարվածների հարազատներին:

Արցախի իշխանությունները խիստ դատապարտում են ՀՀ ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի անպատասխանատու պահվածքը, որը պարունակում է արցախցիների նկատմամբ ատելության, ներազգային պառակտման տարրեր:

Ստիպված ենք կրկին հիշեցնել, որ 2023-ի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ սանձազերծված ռազմական գործողությունների ընթացքում զոհվել է 265 զինծառայող, 21 խաղաղ բնակիչ, անհետ կորել 14 քաղաքացի: Փառք ու պատիվ հայրենիքի նվիրյալներին…»,– ասված է հայտարարության մեջ։

 

Ռազմագերիներ