
«Գնդակը» Մոսկվայի դաշտում չէ․ Ուկրաինայի պատերազմի շուրջ վերջին կարևոր հայտարարություններն` ամփոփ
ԱՄՆ–ն շարունակում է ջանքեր գործադրել ուկրաինական գործընթացը խաղաղ հուն տեղափոխելու ուղղությամբ։ Ռուսաստանը բազմիցս հայտարարել է խաղաղ գործընթացին իր պատրաստակամության մասին. հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Միացյալ Նահանգների ջանքերը՝ գործընթացը խաղաղ ուղղությամբ տանելու համար, շարունակվում են։ Ռուսական կողմի պատրաստակամությունը բազմիցս հաստատվել է նախագահի կողմից՝ առանց որևէ նախապայմանի, սկսելու Ուկրաինայի հետ բանակցային գործընթացը՝ խաղաղ ուղղությամբ շարժվելու համար։ Ջանքերը շարունակվում են», – լրագրողներին հայտնել է Պեսկովը։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն, իր հերթին, նշել է, որ Ռուսաստանը շարունակում է բաց մնալ Ուկրաինայի հարցով բանակցությունների համար, սակայն «գնդակը» Մոսկվայի դաշտում չէ։ Կիևը դեռևս չի ցուցադրել բանակցելու իր կարողությունը։
Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել նաև ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ, որը հիմնականում կենտրոնացած է եղել ուկրաինական ճգնաժամի թեմայի վրա։
Լավրովը և Ռուբիոն ընդգծել են բանակցությունների նախապայմանների ամրապնդման կարևորությունն՝ Ուկրաինայում երկարաժամկետ խաղաղության ուղու շուրջ համաձայնության գալու համար։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ հայտարարել է, որ իր կարծիքով՝ Վլադիմիր Զելենսկին պատրաստ է հրաժարվել Ղրիմը վերադարձնելու պահանջներից։
Շաբաթ օրը հաղորդվել էր, որ Զելենսկին և Թրամփը «շատ կարճ» հանդիպում են ունեցել Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հուղարկավորության ժամանակ։ Զելենսկին, մեկնաբանելով Թրամփի հետ հանդիպումը, նշել է, որ «ժամանակ է ունեցել շատ բան քննարկելու» ամերիկացի նախագահի հետ և շնորհակալություն է հայտնել նրան։
Թրամփը, մեկնաբանելով Վատիկանում Զելենսկու հետ հանդիպումը, ընդգծել է, որ Ղրիմի հարցը քննարկվել է շատ «կարճ»։