30 Ապր
2025
15.3° c ԵՐԵՎԱՆ
4.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իսրայելին անհանգստացնում է Ադրբեջան-Իրան կապերի խորացումը․ Tehran Times

Իսրայելին անհանգստացնում է Ադրբեջան-Իրան կապերի խորացումը․ Tehran Times

Ադրբեջանն ու Իրանը խորացնում են իրենց ռազմավարական կապերն, ինչն ակնհայտորեն անհանգստացնում է Իսրայելի ռեժիմին։ Դա դրսևորվում է վարչապետ Նեթանյահուի շտապ հայտարարված այցով Ադրբեջան. գրել է Tehran Timesը։

Ինչպես նշվել է, տարիներ շարունակ Թել Ավիվն Ադրբեջանին դիրքավորում էր որպես Իրանին «զսպելու» իր արշավի հենասյուն՝ օգտագործելով զենքի վաճառքը (որը 1990-ականներից ի վեր ապահովում է Բաքվի պաշտպանական ներմուծման ավելի քան 60%-ը) և Իրանի սահմանների մոտ հետախուզական փոխանակման կառույցները։

Պարբերականն ընդգծել է, որ 2020 թվականի Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը բացահայտել է «բաժանիր և տիրիր» մոտեցման սահմանները։ Մինչդեռ Ադրբեջանը տոնում էր իր ռազմական հաջողությունները Թուրքիայի և Իսրայելի աջակցությամբ, հետագա տարածաշրջանային անկայունությունն ընդգծել է արտաքին գործոններից չափազանց կախվածության ռիսկերը։

Միևնույն ժամանակ, Իրանի ուշադրությունը ենթակառուցվածքների վրա, ինչպիսիք են ՀյուսիսՀարավ տրանսպորտային միջանցքի ընդլայնումը՝ Կովկասը Պարսից ծոցին միացնելու համար, սպառնում է մարգինալացնել Իսրայելի «ծայրամասային դոկտրինը», որը հիմնված է Թեհրանը թշնամական հարևաններով շրջապատելու վրա։

Բացի այդ՝ Փեզեշքիանի՝ Իսլամական հեղափոխության առաջնորդ այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեիի հետ այցելությունից առաջ ունեցած խորհրդակցությունները պարզապես ձևականություն չէին։

Ավելի վաղ The Times Israelը, հղում անելով Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակին, գրել էր, որ նա մայիսի 7-ին կմեկնի Ադրբեջան։ Նեթանյահուն կվերադառնա մայիսի 11-ին՝ Հրեական շաբաթն արտերկրում անցկացնելուց հետո, ինչպես գրեթե միշտ անում է իր պաշտոնական այցերի ժամանակ։

Մայիսի 8-ին Նեթանյահուն կհանդիպի նախագահ Իլհամ Ալիևի և հրեական համայնքի անդամների հետ։

Ադրբեջանը Հաագայի Միջազգային քրեական դատարանի անդամ չէ, ուստի՝ Նեթանյահուի ձերբակալման վտանգ չկա։

Հիշեցնենք, որ Իրանի նախագահն Ադրբեջանում էր ապրիլի 28-ին։ Այցի արդյունքների վերաբերյալ համատեղ հայտարարությունից բացի, որոնք ստորագրվել են նախագահների, Իրանի և Ադրբեջանի համապատասխան պաշտոնյաների կողմից, ստորագրվել են նաև փոխըմբռնման յոթ հուշագրեր քաղաքական խորհրդատվությունների, տրանսպորտի, մշակութային փոխանակումների, առողջապահության, զանգվածային լրատվության և ներդրումների ոլորտներում:
 

Ռազմագերիներ