
ԱԱԾ նախկին սպա՝ Արամ Գասպարյանի մոտ սրտի սուր ինֆարկտ է տեղի ունեցել. պաշտպանը պահանջում է անհապաղ վերացնել խափանման միջոցը
Հիշեցնենք, որ 2025 թվականի մարտի 7-ին ձերբակալվել էր շուրջ 20 տարվա ծառայության փորձ ունեցող Ազգային անվտանգության ծառայության նախկին սպա Արամ Ռոբերտի Գասպարյանը։ Վերջինիս նկատմամբ ներկայացվել էր կալանավորելու միջնորդություն, սակայն դատարանը մերժել էր այն՝ կիրառելով տնային կալանք։
Չնայած այս որոշմանը, Արամ Գասպարյանի առողջական վիճակը շարունակաբար վատթարանում էր, որի մասին բազմիցս բարձրաձայնել էր նրա պաշտպան Արամ Վարդևանյանը՝ պահանջելով վերացնել խափանման միջոցը։
Երեկ Գասպարյանի առողջական վիճակը կտրուկ վատթարացել է։ Նա շտապ օգնությամբ տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ նրա մոտ ախտորոշվել է սրտի սուր ինֆարկտ։ Տեղեկությունը հաստատել է նրա պաշտպան Արամ Վարդևանյանը՝ ընդգծելով.
«Սա այն դեպքերից է, երբ խափանման միջոցը պետք է անհապաղ վերացվի։ Խոսքն այստեղ արդեն ոչ թե զուտ իրավական վեճի, այլ մարդու կյանքի և առողջության մասին է, դրանից բխող պետության պոզիտիվ պարտավորությունից»։
Սա վկայում է մեկ պարզ ու դաժան իրողության մասին՝ Հայաստանում նույնիսկ կյանքին սպառնացող հանգամանքները չեն դառնում մարդու իրավունքների պաշտպանության բավարար հիմք։
Հետագա զարգացումների մասին լրացուցիչ տեղեկություն կտրամադրվի։