01 Մայ
2025
25° c ԵՐԵՎԱՆ
17.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Աբսուրդային իրականություն․ Եվրոպան տեսնում է Ադրբեջանի նավթն և գազն՝ անտեսելով ՀՀ-ի ժողովրդավարությունն ու անվտանգությունը․ Politico

Աբսուրդային իրականություն․ Եվրոպան տեսնում է Ադրբեջանի նավթն և գազն՝ անտեսելով ՀՀ-ի ժողովրդավարությունն ու անվտանգությունը․ Politico

Ապրիլի 24-ին աշխարհի հայերը հարգանքի տուրք են մատուցել 1915 թվականի Ցեղասպանության ժամանակ զոհված 1.5 միլիոն հոգիների հիշատակին։ Այնուամենայնիվ, ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Կայա Կալլասը հենց հաջորդն այցելել է Ադրբեջան և ոչ թե հարևան Հայաստան՝ տարածաշրջանային շրջագայության շրջանակներում. գրել է Politico-ն։

«Ի՞նչ ուղերձ է հղվում, երբ Եվրոպայի բարձրաստիճան դիվանագետը ժպտում է Բաքվում տեսախցիկների առջև, մինչ հայ քաղաքացիները ծաղկեպսակներ են դնում զոհերի հիշատակին Երևանում: Ինչո՞ւ պետք է Կալլասը սիրահետեր Ադրբեջանին նման զգայուն ամսաթվով», – հարցադրել է կայքը՝ նշելով, որ անհարմար պատասխանը կապված է էներգետիկ քաղաքականության հետ։

Եվրոպացի խորհրդարանականները շտապել են արտահայտել իրենց դժգոհությունը Կալլասի այցի վերաբերյալ. «Դուք այցելում եք Բաքվի ավտորիտար ռեժիմը և խուսափում եք ժողովրդավարությունից Երևանում: Մինչդեռ Ադրբեջանը մերժում է մեր արժեքները, Հայաստանը մոտենում է Եվրամիությանը», – գրել է Բունդեսթագի նախկին անդամ Միխայել Ռոթը: «Սկանդալային էր իմանալ, որ ԵՄ գերագույն ներկայացուցիչն ապրիլի 25-ին մեկնում է Ադրբեջան, մինչդեռ հայ բանտարկյալները մնում են Բաքվի բանտերում», – նշել է ֆրանսիացի օրենսդիր Իզաբել Սանտյագոն:

Ըստ Politico -ի՝ վերջին ութ տարիների ընթացքում Հայաստանը ժողովրդավարական վերածնունդ է ապրել։ Եվ ընդամենն անցյալ ամիս այն օրենք է ընդունել ԵՄ-ին անդամակցության գործընթացը մեկնարկելու համար, որը արտացոլում է Հայաստանի ապագան Եվրոպայի հետ կապելու հանրային պահանջը։

Ինչպես նշվել է, Երևանն այժմ իր սահմաններին հյուրընկալում է ԵՄ դիտորդական առաքելությանը՝ միաժամանակ ակտիվորեն ձգտելով հեռանալ Ռուսաստանից և ավելի խորը գործընկերություն հաստատել Արևմուտքի հետ։

Ամփոփելով՝ Politico-ն գրել է, որ Հայաստանն անում է այն ամենն, ինչ ԵՄ-ը պահանջել է իր արևելյան գործընկերներից՝ ընտրել ժողովրդավարությունն, բարեփոխումները, դեպի Արևմուտք ուղղությունը։ Ի հակադրություն սրա՝ նախագահ Իլհամ Ալիևի օրոք Ադրբեջանը վերածվել է ավտոկրատիայի։ Բաքվում իշխանությունը կենտրոնացած է մեկ ընտանիքի ձեռքում, այլախոհությունը ճնշվում է, լրագրողները բանտարկվում են, ընտրությունները ձևականություն են։ 2024 թվականի փետրվարին Ալիևն ապահովել է իր հինգերորդ ժամկետը ՝ ստանալով ձայների 92 տոկոսը, ինչը դիտորդները որակել են որպես խաբեություն։ Նրա ռեժիմը նույնիսկ Ալիևի կնոջը նշանակել է փոխնախագահ:

Մինչդեռ, միջազգային ասպարեզում Բաքուն անամոթաբար ագրեսիվ է եղել։ 2020 թվականին այն պատերազմ է սանձազերծել Լեռնային Ղարաբաղում բնակվող էթնիկ հայերի դեմ՝ խախտելով փխրուն հրադադարը։ Ավելի ուշ ադրբեջանական ուժերը շրջափակել են և կայծակնային ռազմական հարձաում իրականացրել, ինչը ստիպել է ավելի քան 100,000 հայ խաղաղ բնակիչների լքել իրենց նախնիների տները․ մարդասիրական աղետ, որը տեղի է ունեցել իրական ժամանակում՝ Եվրոպայի աչքի առաջ։

Եվ մինչ օրս Ադրբեջանը անօրինական կերպով հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց պահում է որպես պատանդներ։

Այս ամենի հետ մեկտեղ, այն ժամանակվանից ի վեր, երբ Եվրոպան փորձում էր հրաժարվել ռուսական գազից, այն Ադրբեջանին վերաբերվում է որպես ցանկալի գործընկերոջ։ ԵՄ-ը 2022 թվականին Բաքվի հետ ստորագրել է էներգետիկայի վերաբերյալ խոշոր հուշագիր ՝ նպատակ ունենալով կրկնապատկել գազի ներմուծումը։ Եվ Ալիևի կողքին կանգնած՝ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը գովաբանել է երկիրը որպես «հուսալի» մատակարար:

Թվում է, թե երբ Եվրոպան նայում է Կովկասին, տեսնում է Ադրբեջանի նավթի և գազի հանքավայրերը, բայց անտեսում է Հայաստանի ժողովրդավարությունն ու անվտանգությունը։

Ինչպես նշել է ֆրանսիացի Եվրախորհրդարանի պատգամավոր և Եվրոպական հարցերով նախկին նախարար Նատալի Լուազոն. «Անցնել ավտոկրատիայի, որը շարունակում է սպառնալ իր հարևանին՝ առանց նույն ուղևորությամբ Հայաստան գնալու, սխալ է… Բաքուն չարամիտ միջամտությամբ թիրախավորում է ԵՄ անդամ պետությանը և միանում Ռուսաստանին, մինչդեռ ժողովրդավարական Հայաստանը նայում է դեպի Եվրոպա»։

«Նրա խոսքերը ընդգծում են աբսուրդային իրականությունը։ Թվում է, թե իրական քաղաքականությունը ստվեր է գցել սկզբունքների վրա, և ԵՄ-ը թվում է երեսպաշտ, երբ դատապարտում է Եվրոպայի արևելքում տիրող ավտորիտարիզմը, մինչդեռ համաձայնվում է դրա հետ Հարավային Կովկասում։ Էներգետիկ համաձայնագրերով և աշխարհաքաղաքական զգուշավորությամբ խամրած՝ Ադրբեջանի ագրեսիային միջազգային արձագանքը չափազանց երկար ժամանակ անտարբեր է եղել։ Սակայն եվրոպական անվտանգությունն ու արժեքներն անբաժանելի են, և դաշինքը չի կարող բացառություններ ստեղծել՝ առանց խաթարելու իր բարոյական հեղինակությունը։ Հայաստանին՝ պաշարման մեջ գտնվող նորաստեղծ ժողովրդավարությանը, աջակցելը ոչ միայն ճիշտ քայլ է, այլև ծառայում է Եվրոպայի սեփական երկարաժամկետ շահերին՝ կայուն, կանոնների վրա հիմնված միջազգային կարգի հարցում», – եզրափակել է կայքը։

Ռազմագերիներ