
Ուոլցի հրաժարականը կապված չէ Signal չաթի սկանդալի հետ․ Վենս
ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդականի պաշտոնից Մայք Ուոլցի հրաժարականը կապված չէ Signal-ում վիճահարույց զրույցի հետ․ հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Fox News հեռուստաալիքի հետ զրույցում։
Նրա խոսքով՝ ամերիկացի առաջնորդ Դոնալդ Թրամփը վստահում է Ուոլցին։
«Ե՛վ ես, և՛ նախագահը վստահում ենք նրան։ Նախագահը իրականում հավանում է Ուոլցին», – նշել է Վենսը։
Նա նաև որակել է Ուոլցի՝ ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպանի պաշտոնում առաջադրումը որպես պաշտոնի բարձրացում։
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն լրացուցիչ կզբաղեցնի նաև նախագահի ազգային անվտանգության խորհրդականի պաշտոնը՝ փոխարինելով Մայք Ուոլցին։
Մայք Ուոլցը մարտին հայտնվել է սկանդալի կենտրոնում։ Signal չաթի շուրջ առաջին սկանդալը բռնկվել է մարտին այն բանից հետո, երբ Atlantic ամսագրի գլխավոր խմբագիր Ջեֆրի Գոլդբերգը պատահաբար ընդգրկվել է չաթում, որտեղ ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաները քննարկել են Եմենում հուսիների դեմ գործողության մանրամասները, որոնք սկսվել էին մարտի 15-ին:
Ավելի ուշ հայտնի է դարձել, որ ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը ևս կիսվել է հուսիներին հարվածելու պլաններով մեկ այլ Signal զրույցի ընթացքում, որում ներառված են եղել նրա կինը, եղբայրը և փաստաբանը: