
Մարուքյանը մանրամասներ է հայտնել իմպիչմենթի գործընթացի և վարչապետի թեկնածու դառնալու մասին
«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարել է, խորհրդարանում սկսվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացը, որի նախաձեռնողներն են նորաստեղծ «ՄԱՍ» կուսակցության ներկայացուցիչները՝ պատգամավորներ Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը, ովքեր վարչապետի պաշտոնում առաջադրել են հենց Մարուքյանին։
Վերջինիս խոսքով՝ նախաձեռնությունը, ի տարբերություն նախկին փորձերի, այս անգամ ունի վարչապետի թեկնածու և նպատակ ունի իրական արդյունքի հասնելու։
«Սա առաջին անգամն է ՀՀ պատմության մեջ, երբ գործ ունենք գործող վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացի հետ, այլ ոչ հրաժարական տվածի», – ընդգծել է Մարուքյանը ուղիղ եթերում։
Ըստ սահմանադրության՝ նման գործընթաց սկսելու համար անհրաժեշտ է առնվազն 36 պատգամավորի ստորագրություն։ Այս պահին, ըստ Մարուքյանի հաշվարկի, առկա են 28 ստորագրություն «Հայաստան» դաշինքից, 6՝ «Պատիվ ունեմ»-ից և 2՝ ՄԱՍ կուսակցության նախաձեռնողներից, ինչը բավարարում է պահանջվող քանակը։
Մարուքյանը հայտնել է, որ նախնական պայմանավորվածություններ են ձեռք բերվել ընդդիմադիր խմբակցությունների հետ, որոնք արդեն իսկ հրապարակայնորեն պատրաստակամություն են հայտնել միանալու անվստահության գործընթացին՝ առանց նախապայմանների։ Սակայն նախքան ստորագրությունները հավաքելը, Մարուքյանը նախաձեռնել է հանդիպումներ ընդդիմադիր խմբակցությունների ղեկավարների հետ՝ քննարկումների նպատակով։
Նա ուղիղ եթերում կապ է հաստատել «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի և «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի հետ։
Մարուքյանը նշել է, որ գործընթացը դեռ գտնվում է նախապատրաստական փուլում, և երբ բոլոր ստորագրությունները կհավաքվեն, Ազգային ժողովի նախագահը պարտավոր կլինի հրավիրել հատուկ նիստ՝ Սահմանադրությամբ սահմանված կարգով։