
Վերաքննիչ դատարանը մերժեց Սիմոն Զախարովի բողոքն ընդդեմ ABC media-ի
Վերաքննիչ քաղաքացիական դատարանը մերժեց Սիմոն Զախարովի՝ «Էյ Բի Սի մեդիա» ՍՊԸ դեմ ներկայացված վերաքննիչ բողոքն ու անփոփոխ թողեց Երևան քաղաքի առաջին ատյանի քաղաքացիական դատարանի 04.11.2024թ․ վճիռը։
Հիշեցնենք, որ հայցվորը պահանջում էր հերքել abcmedia.am կայքում 2023թ․ դեկտեմբերի 12-ին հրապարակված հոդվածում իր վերաբերյալ տեղ գտած արտահայտությունները և փոխհատուցել 2 միլիոն դրամ՝ որպես պատվին, արժանապատվությանն ու գործարար համբավին հասցված վնաս։
Էյ Բի Սի մեդիայի ներկայացուցիչների՝ «Հայց» փաստաբանական գրասենյակի փաստաբանների պրոֆեսիոնալ աշխատանքի արդյունքում ապացուցվեց, որ Զախարովի կողմից ներկայացված ապացույցները չեն ներկայացվել օրենքով նախատեսված կարգի համաձայն, ինչի հետևանքով չեն կարող դիտարկվել որպես թույլատրելի ապացույցներ։
Վերաքննիչ դատարանը եզրակացրեց, որ առաջին ատյանի քաղաքացիական դատարանն իրականացրել է գործի օբյեկտիվ և բազմակողմանի քննություն՝ կայացնելով հիմնավոր վճիռ։ Ուստի վերաքննիչ փուլում ևս Զախարովի բողոքը մերժվեց։
«Դատարանի որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից մեկ ամիս հետո և կարող է բողոքարկվել ՀՀ վճռաբեկ դատարան՝ մինչև դրա օրինական ուժի մեջ մտնելու համար սահմանված ժամկետը:»,- իր խոսքում նշեց «Հայց» փաստաբանական գրասենյակի տնօրեն, փաստաբան Տիգրան Գրիգորյանը։