21 Մայ
2025
28.1° c ԵՐԵՎԱՆ
17.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Բաքուն փորձում է «խաբե՞լ» ՌԴ-ին․ ինչո՞ւ է Ադրբեջանը ՀՀ-ից ռուսական ռազմաբազան դուրս բերելու մասին լուրեր տարածում․ Eurasianet

Բաքուն փորձում է «խաբե՞լ» ՌԴ-ին․ ինչո՞ւ է Ադրբեջանը ՀՀ-ից ռուսական ռազմաբազան դուրս բերելու մասին լուրեր տարածում․ Eurasianet

Հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի կնքման արդեն խճճված ջանքերին նոր հանգույց է ավելացել. գրել է Eurasianet-ը։

Ինչպես նշվել է, երկու կողմերն էլ ընդունել են, որ պայմանագրի տեքստը պատրաստ է ստորագրման, սակայն դրա պաշտոնական տարբերակը դեռևս հրապարակված չէ։ Ադրբեջանը մի քանի նախապայման է առաջադրել, որոնք, ըստ նրա, պետք է կատարվեն ստորագրման արարողությունից առաջ։ Բաքվի գլխավոր մտահոգությունը Հայաստանի կողմից իր Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունն է՝ միանշանակ ճանաչելու Ադրբեջանի ինքնիշխանությունը Լեռնային Ղարաբաղի տարածքի նկատմամբ։

Մայիսի 17-ին պետական կապեր ունեցող ադրբեջանական լրատվամիջոցները տարածեցին տեղեկություն, ըստ որի՝ պայմանագրի դրույթներից մեկն արգելում է օտարերկրյա (այսինքն՝ ռուսական) զորքերի տեղակայումը որևէ պետության տարածքում։ Այդ ուղերձը կրկնել է նախագահի արտաքին քաղաքականության խորհրդական Հիքմեթ Հաջիևը՝ իրանական «Թասնիմ» լրատվական գործակալության կողմից առաջին անգամ հրապարակված մեկնաբանություններում։

«Եթե դա ճիշտ լինի, վավերացված պայմանագիրը, կարծես թե, կնշանակի Հայաստանի Շիրակի մարզի 102-րդ ռուսական ռազմաբազայի գործունեության ավարտը։ Գործող վարձակալության պայմանագիրը գործում է մինչև 2044 թվականը», – գրել է Eurasianet-ը։

Հասկանալի է, որ պայմանագրում արտաքսման մասին կետի առկայության վերաբերյալ հաղորդագրությունները մեծ ուշադրության են արժանացել Մոսկվայում, իսկ ռուսական լրատվամիջոցներում լայնորեն տարածվում են հայկական կողմի հերքումները։

Ադրբեջանի ենթադրյալ բացահայտման ժամանակը համընկնում է Բաքվի և Կրեմլի միջև լարվածության ևս մեկ սրման հետ։ Վերջին փոխադարձ թշնամանքի պոռթկումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Ադրբեջանի առաջնորդ Իլհամ Ալիևը անտեսեց իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինին՝ որոշելով բաց թողնել մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք Հաղթանակի օրվա տոնակատարությունները: Սաստկացող թշնամանքն արմատավորված է Ռուսաստանի կողմից անցյալ տարվա դեկտեմբերին Չեչնիայի երկնքում ադրբեջանական քաղաքացիական ինքնաթիռի պատահական խոցման պատասխանատվությունը ստանձնելուց հրաժարվելու մեջ: Հետևաբար, պայմանագրի ենթադրյալ կետի մասին հայտարարությունը կարող է լինել Բաքվի համար Ռուսաստանին «խաբելու» ևս մեկ միջոց, գրել է պարբերականը:

Ինչպես շեշտվել է, Ադրբեջանի քայլը նաև հնարավոր է բարդացնի Երևանի ջանքերը՝ բարելավելու հարաբերությունները Ռուսաստանի հետ: Վերջին 18 ամիսների ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը քայլեր է ձեռնարկել երկրի աշխարհաքաղաքական տարբերակները դիվերսիֆիկացնելու ուղղությամբ՝ ամրապնդելով հարաբերությունները Միացյալ Նահանգների և Եվրամիության հետ՝ այդ գործընթացում նյարդայնացնելով Ռուսաստանին՝ Երևանի ավանդական դաշնակցին: Սակայն, վերջերս Փաշինյանը փորձել է կարգավորել հարաբերությունները Մոսկվայի հետ՝ կարծես ցանկանալով մեծացնել Հայաստանի քաղաքական լծակները՝ Ադրբեջանին ստիպելու ստորագրել խաղաղության պայմանագիրը։

Ըստ հոդվածի՝ խաղաղության պայմանագրի նախագծում ենթադրյալ դրույթը կարող է մտահոգություններ առաջացնել Մոսկվայում հայկական հնարավոր դավաճանության վերաբերյալ: Ռուսաստանը ձգտում է պահպանել Հարավային Կովկասում ամուր անվտանգության ներկայություն, որը Կրեմլը կարող է օգտագործել որպես քաղաքական ազդեցության լծակ։ Միևնույն ժամանակ՝ վերջերս Ադրբեջանը բազմաթիվ ազդանշաններ է ուղարկել, որ ցանկանում է նվազեցնել Ռուսաստանի ռազմավարական ներկայությունը տարածաշրջանում։

Ռազմագերիներ