
Թեհրանը կարևորում է ՀՀ-ի տարածքային ամբողջականության պահպանումը և աշխարհաքաղաքական տեղաշարժերի կանխումը․ Special Eurasia
Ադրբեջանի կողմից, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» հնարավոր ստեղծումը Հայաստանի տարածքով ընկալվում է որպես վնասակար թե՛ Իրանի, թե՛ Պարսից ծոցի երկրների ռազմավարական շահերի համար. նշվել է Special Eurasia-ի լայնածավալ վերլուծությունում։
Ինչպես նշվել է, ընդգծելով Թեհրանի դիրքորոշումը տարածաշրջանային կայունության հարցում, Իրանի փոխարտգործնախարար Սաիդ Խատիբզադեն «Երևանյան երկխոսություն 2025» ֆորումի ժամանակ իր ելույթում շեշտել է հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագրի կարևորությունը և Հայաստան-Իրան միջանցքի աշխարհաքաղաքական նշանակությունը։ Խատիբզադեն վերահաստատել է Թեհրանի վաղեմի դիրքորոշումը, որ տարածաշրջանի աշխարհաքաղաքական քարտեզի փոփոխության հանգեցնող ցանկացած նախաձեռնություն անընդունելի է: Նա ընդգծել է, որ բոլոր կապակցման ջանքերը պետք է հարգեն գոյություն ունեցող տարածքային պայմանավորվածությունները և զերծ մնան ինքնիշխանության փոփոխությունից՝ մասնավորապես հղում անելով, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքին», որը ցանկանում է Ադրբեջանը:
Ինչպես նշվել է վերլուծությունում, Երևանի և Բաքվի միջև լարվածությունը կարգավորելու ջանքերում Թեհրանն աջակցել է տարածաշրջանային կապի և տրանսպորտային միջանցքների դիվերսիֆիկացմանը՝ միաժամանակ հաստատելով այն խաղաղության համաձայնագիրը, որը Հայաստանը պատրաստակամություն է հայտնել ստորագրել Ադրբեջանի հետ: Մասնավորապես, առանց ռազմական ուժի դիմելու կամ Հայաստանի Սյունիքի մարզի նկատմամբ ոտնձգություններ կատարելու՝ մայրցամաքային Ադրբեջանը Նախիջևանի էքսկլավի հետ կապելու վիճելի հարցը լուծելու համար Թեհրանը Բաքվի հետ համագործակցությամբ առաջարկել և մշակել է Արազի միջանցքը: Այս երթուղին անցնում է Իրանի տարածքով և առաջարկում է «Զանգեզուրի միջանցքի» այլընտրանք:
Սակայն, Ադրբեջանը խաղաղության գործընթացին ներկայացրել է մի քանի վիճահարույց նախապայմաններ։ Այդ պահանջներից մեկը ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումն էր։
Հոդվածում շեշտվել է, որ այս պահանջն ավելի մտահոգիչ է դառնում Բաքվի կողմից Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքի մոտ 60%-ին «Արևմտյան Ադրբեջան» անվանելու աճող հաճախակի հղումների լույսի ներքո։ Այս գործողությունները լուրջ հարցեր են առաջացնում Բաքվի մտադրությունների և ապագա բանակցությունների կենսունակության վերաբերյալ։
Special Eurasia-ն նաև հիշեցրել է, որ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի վերջին դիտարկումները, որոնք ընդգծում են ԱՄՆ ներկայիս վարչակազմի ջանքերը՝ կանխելու Ադրբեջանի կողմից Հայաստան հնարավոր ներխուժումն, ավելի են հաստատում լարվածության սրման ռիսկերի վերաբերյալ մտահոգությունները։
Մեկ այլ կետ, որի վրա ուշադրություն է սևեռել պարբերականն այն է, ո Իրանի համար Հայաստանը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) միակ անդամ պետությունն է, որի հետ այն ունի ուղիղ ցամաքային սահման։ Սա նշանակում է մուտք դեպի 3 միլիոնանոց ներքին շուկա, և ՀՀ-ն կարող է ծառայել որպես դարպաս ԵԱՏՄ-ի 200 միլիոն սպառողներին հասնելու համար։ Այս տնտեսական կապի ներուժը մեծացնելու համար Թեհրանը առևտրի կենտրոն է բացել Երևանում։ Ցամաքով շրջափակված Հայաստանի համար Իրանը մշտապես ծառայել է որպես Պարսից ծոց տանող կարևորագույն խողովակ։ Ավելին, Իսլամական Հանրապետությունը եզակի դիրք ունի որպես միակ երկիր, որը ֆիզիկապես կապում է Պարսից ծոցը Կասպից ծովի հետ՝ երկու տարածաշրջաններ, որոնք միասին ունեն են աշխարհի ավանդական նավթի և գազի պաշարների գրեթե 70%-ը։ Թուրքիայի և Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանների գործնականում փակ լինելու պատճառով՝ Թեհրանը դարձել է Երևանի կենսականորեն կարևոր լոգիստիկ և մատակարարման միջանցք։
Ընդգծվել է նաև, որ Նորդուզ-Ագարակ սահմանային անցակետում Հայաստանի և Իրանի կողմից վերջերս անցկացված առաջին համատեղ զորավարժություններն ընդգծեցին երկու երկրների համատեղ հանձնառությունը՝ պաշտպանելու այս կենսականորեն կարևոր տարանցիկ միջանցքը: Զորավարժություններն ընդգծել են նաև այն ռազմավարական կարևորությունը, որը երկու կողմերն էլ տալիս են իրենց ուղիղ սահմանային կապի կայունությանը և անվտանգությանը:
Զուգահեռաբար, Թեհրանի և Բաքվի միջև ևս անցկացվել են համատեղ զորավարժություններ՝ փոխադարձ վստահության ամրապնդման նպատակով, ինչպես ընդգծել է Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը:
Ամփոփելով՝ կայքը նշել է, որ Հարավային Կովկասում Իրանի փոփոխվող դիրքորոշումը արտացոլում է աշխարհագրությամբ, էներգետիկ միջանցքներով և տարածաշրջանային կայունության հրամայականներով պայմանավորված ռազմավարական վերակարգավորում: Թեհրանը Հայաստանի տարածքային ամբողջականության պահպանումը և արտաքինից պարտադրված աշխարհաքաղաքական տեղաշարժերի կանխումը, ինչպիսին է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» ստեղծումը, համարում է կարևորագույն՝ ներկայիս տարածաշրջանային կարգի պահպանման համար: Իրան-Հայաստան դիվանագիտական և անվտանգության համագործակցության ակտիվացումը, Թեհրանի և Բաքվի զուգահեռ ներգրավվածության հետ մեկտեղ, ցույց է տալիս Իսլամական Հանրապետության փորձը՝ հավասարակշռելու մրցակցող շահերը՝ միաժամանակ պաշտպանելով իր սեփական ռազմավարական միջանցքները:
Միևնույն ժամանակ, Թեհրանի հռետորաբանությունն ու գործողությունները ընդգծում են նրա կարմիր գծերը միակողմանի տարածքային կամ քաղաքական վերադասավորումների վերաբերյալ։
Ավելին, տարածաշրջանում ԱՄՆ-ի ներգրավվածության աճի ֆոնին՝ Բայդենի վարչակազմի օրոք Երևանի և Վաշինգտոնի միջև ռազմավարական գործընկերության համաձայնագրի ստորագրումից հետո, Իրանի Գերագույն ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանը հայտարարել է, որ Թեհրանը թույլ չի տա որևէ արտաքին ազդեցության խաթարել Հայաստանի հետ իր ռազմավարական գործընկերությունը։
Այս բարդ և մրցակցային աշխարհաքաղաքական միջավայրում Իրանի կողմից օրինականության, ինքնիշխանության և տարածաշրջանային երկխոսության վրա շեշտադրումն ազդարարում է կառուցվածքային ներգրավվածության նախապատվությունը՝ անկայունացնող մրցակցության փոխարեն։