
Թրամփը արգելել է 12 երկրների քաղաքացիների մուտքը ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է գործադիր հրամանագիր, որով արգելվում է Ասիայի, Աֆրիկայի և Լատինական Ամերիկայի 12 երկրների քաղաքացիների մուտքը ԱՄՆ և սահմանափակվում է ևս յոթ երկրների քաղաքացիների մուտքը։
Ըստ Սպիտակ տան՝ ԱՄՆ մուտքն արգելված է Աֆղանստանի, Մյանմայի, Չադի, Կոնգոյի Հանրապետության, Հասարակածային Գվինեայի, Էրիթրեայի, Հայիթիի, Իրանի, Լիբիայի, Սոմալիի, Սուդանի և Եմենի քաղաքացիների համար։
Արգելքը ուժի մեջ կմտնի հունիսի 9-ին։
ԱՄՆ մուտքը մասամբ սահմանափակված է Բուրունդիի, Կուբայի, Լաոսի, Սիեռա Լեոնեի, Տոգոյի, Վենեսուելայի և Թուրքմենստանի քաղաքացիների համար։
Գործադիր հրամանագրի ստորագրման կապակցությամբ տեսաուղերձում Դոնալդ Թրամփը նշել է, որ ԱՄՆ ժամանող շատ օտարերկրացիներ՝ այն երկրներից, որտեղ անհնար է պատշաճ կերպով ստուգել վիզայի դիմորդին, ինչպես նաև նրանք, ովքեր ապրում են ԱՄՆ-ում ժամկետանց վիզայով, սպառնալիք են ներկայացնում երկրի համար։
«21-րդ դարում մենք տեսել ենք ահաբեկչական հարձակումներ մեկը մյուսի հետևից, որոնք իրականացրել են ժամկետանց վիզայով օտարերկրացիները՝ աշխարհի վտանգավոր վայրերից», -ասել է Թրամփը։
Նախագահը խոստացել է, որ սև ցուցակը կվերանայվի, եթե որոշ երկրներում իրավիճակը բարելավվի, սահմանափակումները կմեղմացվեն, և հակառակը՝ ցուցակին կարող են ավելացվել նոր երկրներ։