
ՀՀ-ում հոգեսոցիալական խնդիրներ ունեցող մարդիկ չպետք է զրկվեն արժանապատվությունից՝ ենթարկվելով կամայական ձերբակալությունների․ HRW
Հայաստանի արդարադատության համակարգը չպետք է ամրապնդի խտրական և պատժիչ գործելակերպը, որը զրկում է հոգեսոցիալական խնդիրներ ունեցող մարդկանց անհատականությունից և արժանապատվությունից։ Այն պետք է երաշխավորի նրանց իրավունքները՝ նրանց տրամադրելով պատշաճ դատավարության երաշխիքներ՝ մյուսների հետ հավասար հիմունքներով, և անհրաժեշտ ընթացակարգային հարմարություններ՝ նրանց հնարավորություն տալու պաշտպանել իրենց շահերը, այդ թվում՝ կալանքի տակ գտնվելու ընթացքում. նշվել է Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպության հայտարարության մեջ։
Ինչպես ընդգծվել է, իշխանությունները պետք է ներդրումներ կատարեն համայնքային ծառայությունների մեջ և ապահովեն, որ անձի հաշմանդամությունը չօգտագործվի որպես կալանքի հիմք։
Կազմակերպությունը ներկայացրել է Վահագն Պետրոսյանի պատմությունն, ով 36 տարեկան էր, երբ դատարանը 2015 թվականի սեպտեմբերին նրան զրկել է իրավունակությունից՝ պնդելով, որ նրա հոգեսոցիալական հաշմանդամությունը թույլ չի տալիս նրան ինքնուրույն որոշումներ կայացնել: Տարիներ շարունակ նա հաստատություններում ենթարկվել է անտեսման և բռնության՝ առանց իր կյանքը վերահսկելու կամ արդարադատությանը դիմելու իրավունքի։
Ինչպես նշվել է, ՀՀ օրենսդրությունը պարտավորեցնում է պետությանը ապահովել հաշմանդամություն ունեցող անձանց լիարժեք ներգրավվածությունը հասարակական կյանքում, սակայն երկրում բացակայում է համայնքային աջակցությունը հոգեսոցիալական հաշմանդամություն ունեցող անձանց և համարժեք օգնությունը նրանց ընտանիքներին:
Պետությունը նաև պարտավոր է ապահովել հավասար հասանելիություն արդարադատությանը, սակայն չի ապահովում որևէ ընթացակարգային հարմարեցում, ինչպիսիք են հեռավար լսումները, անձնական օգնությունը կամ փաստաթղթերին հասանելիությունը։
2023 թվականի նոյեմբերին Պետրոսյանին հաջողվել է վերականգնել իր գործունակությունը և փորձել վերսկսել իր կյանքը՝ փնտրելով աշխատանք և սոցիալական կապերը վերականգնելու հնարավորություն։ Սակայն նրա շարունակական փորձերը ցույց են տալիս պետության համակարգային ձախողումներից բխող մեկուսացումը։ 2024 թվականի օգոստոսին ընտանիքի անդամի հետ կապված բռնի միջադեպից հետո Պետրոսյանը ձերբակալվել է և երկու ամսով տեղափոխվել քրեակատարողական հիվանդանոց: Այդ ընթացքում նա մասնակցել է երեք դատական նիստի։
Մի քանի ամիս անց պետական հոգեբուժական հանձնաժողովը Պետրոսյանին հայտարարել է «խելագար», նրան համարել դատավարության համար անպիտան և հոգեբուժական հաստատությունում հոսպիտալացման կարիք ունեցող, որտեղ նա շարունակում է պահվել հարկադիր կերպով։ Դատարանը Պետրոսյանին թույլ չի տվել ներկա գտնվել նրա կալանքի վերաբերյալ ևս չորս լսումների։ Երկու լսում տեղի են ունեցել նաև առանց նրա՝ պետության կողմից նշանակված փաստաբանի, ինչը պատշաճ դատավարության խախտում է, որին դատարանը չի անդրադարձել։ Ութ ամիս շարունակ իշխանությունները պահել են նրա կենսաթոշակային քարտը՝ զրկելով նրան իր միակ եկամտի աղբյուրից։
Պետրոսյանի՝ քրեակատարողական հիվանդանոցում երկու ամիս անցկացնելու ընթացքում նա բավարար խնամք կամ աջակցություն չի ստացել, և նրա պայմանները կարող էին հավասար լինել վատ վերաբերմունքի։ Ներկայումս հոգեբուժարանում վերականգնողական ծառայությունների բացակայությունը, որը կօգներ նրան վերականգնել և պահպանել իր կյանքի նկատմամբ վերահսկողությունը, կարող է նրան ավելի երկարատև ինստիտուցիոնալացման մեջ գցել։